Ազատամարտիկ, քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանի հայտարարությունը
2013 թ. սեպտեմբերի 30-ին, իմ ձերբակալությունից 10 օր անց տարածված առաջին հայտարարությանս մեջ ես շեշտել էի, որ.
- վարչախմբի ու մեր ժողովրդի շահերն իրար հակասում են,
- մենք ազգային պետություն չունենք, եղածը ժողովրդին ու մեր պետականությունը կործանող մի գործիք է,
- 1988-ին սկսված ազգային-ազատագրական պայքարը կիսատ է մնացել, այն պետք է ավարտել ազգային պետության կերտումով,
- ես մտադիր էի սոցիալական պայքարի դրոշը փոխարինել ազգային-ազատագրական պայքարի դրոշով և միանալ Նախախորհրդարանին,
- իմանալով իմ մտադրության մասին և չկարողանալով ինձ հետ պահել դրանից` վարչախումբը շինծու մեղադրանքով ձերբակալեց ինձ:
Պայքարի առաջին իսկ օրվանից իշխանության տարբեր բարձրաստիճան ներկայացուցիչներ Սերժ Սարգսյանի ցուցումով փորձել են ինձ գայթակղել ու կաշառել` առաջարկելով պաշտոն, բիզնես կամ մեծ գումար: Սակայն ես մերժել եմ, քանի որ չեմ կարող ծախել հոգիս ու Հայրենիքս:
Արդեն յոթ ամիս է, որ ես իմ քաղաքական հայացքների համար բանտարկված եմ: Առողջության հետ կապված պրոբլեմներ ունեմ, սակայն ինձ հետ հաշվեհարդար տեսնելու նպատակով անգամ բուժօգնություն չեն ցուցաբերում: Ավելին, վարչախումբը հալածում է ոչ միայն ինձ, այլև ընտանիքիս անդամներին: Այս ընթացքում անօրինական կերպով բանակ են զորակոչել որդուս` Ավետիս Ավետիսյանին, հաշվի չառնելով, որ ծանր հիվանդության պատճառով նա պիտանի չէ զինվորական ծառայության համար:
Բայց վարչախմբի ջանքերն ապարդյուն են: Ես և իմ ընկերներն հաստատակամ ենք և շարունակում ենք պայքարը: Դրան են միացել նաև քաղաքացիներ, լրագրողներ, իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ։ Նախաքննության ընթացքում ինձ ներկայացված շինծու մեղադրանքների փուչիկը պայթել է, իսկ դատավարությունը վերածվել է զավեշտի:
Իմ քաղաքական հայացքները ոչ միայն չեն փոխվել, այլ ավելի են ամրապնդվել:
Ես առավել քան համոզված եմ, որ այս վարչախումբը պատերազմում է մեր ժողովրդի դեմ: Նա ոչ այլ ինչ է, եթե ոչ ներքին թշնամի, որն այսօր արդեն բացահայտ կերպով մեր երկիրը հանձնում է օտարին: Ուստի նրան պետք է հեռացնել և պատասխանատվության ենթարկել։
Իմ մարտական ընկերներին ու մեր ամբողջ ժողովրդին կոչ եմ անում` ինչպես Արցախյան շարժման ժամանակ պայքարեցինք արտաքին թշնամու դեմ և ազատագրեցինք Արցախը, այնպես էլ հիմա համախմբվենք և պայքարենք ներքին թշնամու դեմ ու ազատագրենք ամբողջ Հայաստանը:
Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ,
2014 թ. ապրիլի 17