Նոր վարչապետը, «գռփելու» հին փիլիսոփայությունը և նոր քաղաքական վերնախավի ձևավորման հեռանկարը
ՀՀ կառավարության ղեկավարի փոփոխմանը զուգահեռ` երկրում սկսվել է որոշակի գործընթաց, որն այդքան էլ կապված չէ վարչապետի՝ ով լինելու հարցի հետ: Այս տեսակետը քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանինն է:
Նա մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանում սկսվել է նոր իշխանությունների ձևավորման իրավաքաղաքական գործընթաց, որի առաջին քայլը Տիգրան Սարգսյանի հեռացումն էր վարչապետի պաշտոնից: Երկրորդ քայլը ապրիլի 10-ին նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի հրապարակային հայտարարությունն էր, որ այլևս երբեք չի առաջադրվելու Հայաստանի նախագահի պաշտոնի համար, իսկ եթե սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանը դառնա խորհրդարանական հանրապետություն, ապա չի հավակնի նաև զբաղեցնել ազդեցիկ վարչապետի պաշտոնը:
«Այս հայտարարությունն ուղղված էր երկու լսարանի: Առաջին լսարանը, մասնավորապես, Կրեմլն է, որին, փաստորեն, հրապարակային խոստացավ, որ ինքն այլևս քաղաքականության մեջ չի լինի: Իսկ երկրորդը ներքին լսարանն է. ամենայն հավանականությամբ` այն ուղղված էր, մասնավորապես, երկրորդ նախագահին: Եվ, փաստորեն, դա կարելի է ընդունել` որպես ուղերձ առ այն, որ Հայաստանում ձևավորված «եռանախագահների ինստիտուտը» պետք է դուրս գա քաղաքական գործընթացներից»:
Ըստ Ա. Բադալյանի` երրորդ քայլը Հայաստանը խորհրդարանական կառավարման հանրապետություն դարձնելու հավանականությունն է, որի դեպքում «գործադիր իշխանությունն ավելի լավ կվերահսկվի Ռուսաստանի կողմից, որովհետև, եթե խորհրդարանում որևէ ուժ մեծամասնություն չունենա, և լինեն 3-4 ուժեր, ապա ամեն 2-րդ-3-րդի գումարելիներով կարելի է նոր կոալիցիա ձևավորել»:
«Նոր իշխանության ձևավորման վերջին կետը Մաքսային միությունից չշեղվելու կուրսն է: Թե դա ո՞վ կանի, Հովիկ Աբրահամյա՞նը, թե՞ մեկ ուրիշը, արդեն նշանակություն չունի»,- ավելացրեց նա:
Ավելի վաղ Ա. Բադալյանի այս վարկածը որոշ իմաստով շոշափել էր նաև մեկ այլ քաղաքագետ` Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, ով «168 Ժամի» հետ հարցազրույցում անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հարցին և Սերժ Սարգսյանի վերոհիշյալ հայտարարությանը, մասնավորապես, ասել էր.
«Քաղաքական մեկնաբանությունների և սպեկուլյացիաների իմաստով` տեսականորեն հնարավոր է հետևյալ տարբերակը. նախագահ Սարգսյանը, պատկերավոր ասած, ղարաբաղյան քաղաքական էլիտայի «վերջին մոհիկանն» է, և հնարավոր է, որ Սահմանադրության մեջ այս փոփոխությունները նպատակ ունեն ավելի ուժեղացնելու գալիք` ավելի թույլ քաղաքական էլիտայի ներկայացուցչին, որովհետև այժմ Հայաստանի քաղաքական դաշտը հին քաղաքական էլիտայից անցնում է նոր քաղաքական էլիտային: Իսկ այդ նոր քաղաքական էլիտան ինքնին թույլ է և կարող է կարիք ունենալ այդպիսի փոփոխությունների` իշխանության ղեկին ավելի ամուր նստելու համար»:
«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը մեզ հետ զրույցում խոսելով այս հարցի շուրջ` ասաց, թե իր կարծիքով` Սերժ Սարգսյանը կառավարության փոփոխությամբ փորձում է ամրապնդել իր իշխանությունը, դա ակնհայտ է: Մեր հարցին, թե արդյոք կա՞ն նշաններ, որ Հայաստանում սկսվել է նոր քաղաքական վերնախավի ձևավորումը, նա պատասխանեց. «Ոչ, չկան, ես այդպիսի փոփոխություններ չեմ տեսնում: Կարծում եմ` Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունն առավելապես վերաբերում էր երեք նախագահների եռանկյունին փակելուն, ոչ ավելին: Եթե «նոր քաղաքական վերնախավի» ներքո նկատի ունենք, որ ընդամենը երեք նախագահները չպետք է լինեն քաղաքական դաշտում, ապա ինձ համար դա այնքան էլ նոր չէ»:
Իսկ ինչո՞ւ նախագահ Սարգսյանն ընտրեց Հովիկ Աբրահամյանին: Պատասխանելով այս հարցին` Ստեփան Սաֆարյանն ասաց, որ դրական չի արձագանքելու իշխանության կողմից որևէ վարչապետի նշանակման, որովհետև այս համակարգի պայմաններում քաղաքական մեծամասնությունը երբեք չի կարող ազատություն տալ այն անձին, ով պետք է իրականացնի գործադիր իշխանությունը: «Այս իմաստով, Հովիկ Աբրահամյանի նշանակումն ինձ համար ճիշտ այնպիսին էր, ինչպիսին կլիներ որևէ այլ մեկի նշանակումը:
Իսկ թե ինչու ինքը նշանակվեց, իմ կարծիքով և խորին համոզմամբ` առաջիկա ամիսներին իշխանությունն ունի բավական բարդ արտաքին քաղաքական խնդիրներ` սկսած Բրյուսելի և Մոսկվայի հետ հավասարաչափ հարաբերություններ զարգացնելու հարցից, մինչև ղարաբաղյան խնդիրը, ակտիվացած բանակցությունները և Մաքսային/Եվրասիական միությանն անդամակցելու չկատարված և չափազանց վտանգավոր պարտավորությունները, որոնք վերաբերում են մաքսադրույքներին: Այս առումով, Սերժ Սարգսյանին կենսականորեն անհրաժեշտ էր այնպիսի վարչապետ, որը ներքին համաձայնությունների խնդիր կլուծեր: Քանի որ Հանրապետական կուսակցությունն իր հիմնական մրցակից է համարում առաջին հերթին` «Բարգավաճ Հայաստանին», այդ կերպ նա փորձեց ինչ-որ կոմպրոմիսային տարբերակ ընտրել»,- նշեց Սաֆարյանը:
Մենք հիշեցրինք, որ Սերժ Սարգսյանը հայտարարելով նոր վարչապետի անունը` ասել էր, որ նոր կառավարությունը պետք է նոր թափ հաղորդի Մաքսային միությանը միանալու աշխատանքներին:
«Իսկ ի՞նչ էիք պատկերացնում, ինքը պիտի ա՞յլ բան հայտարարեր, իհա՛րկե ոչ»,- արձագանքեց Ս. Սաֆարյանը: Ըստ նրա` ՄՄ-ին Հայաստանի անդամակցումը շատ դրամատիկ զարգացումներ է ստանում, դրանում կասկած չկա, ՀՀ իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի մարտի 5-ին անդամակցեն ՄՄ-ին, սակայն այդպիսի որոշում չընդունվեց, երկրորդը` այժմ արդեն ակնհայտ է, որ մայիսին ՄՄ-ի ու
Միասնական տնտեսական գոտու ձևավորման պայմանագիրը ստորագրելու են միայն Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը, իսկ Հայաստանը կարող է ընդամենը լինել դրան միացող, այն էլ հարցական է` մայիսի՞ն, թե՞ ավելի ուշ. «Այս առումով, Մաքսային միությանը միանալու խնդիրը հասել է մի հանգրվանի, որ պարտավորությունների 70 տոկոսն արդեն կատարվել է, իսկ մնացած 30 տոկոսը կատարելը պարզապես վտանգավոր է: Դրանք վերաբերում են 900 ապրանքատեսակների մաքսատուրքերի բարձրացմանը, իսկ դա կպայթեցնի Հայաստանի տնտեսությունն էլ, իշխանություններին էլ: Հայաստանը, փետրվարից սկսած, չի շտապել կատարել այդ պարտականությունները, որոնք ենթադրում են հարկային, մաքսային օրենսգրքերում փոփոխություններ:
Իսկ Բելառուսը և Ղազախստանը, հատկապես Բելառուսի նախագահը, հստակ խնդիր են դրել, որ մինչև Հայաստանը հստակ չկատարի պարտավորությունները, չի կարող միանալ: Կան բավական լուրջ խնդիրներ, որոնք փորձում են լուծել, բայց, իմ կարծիքով, դրանք այդպես էլ չեն լուծվելու: Ավելին, դեռ պարզ չէ` մայիսից հետո Մաքսային միություն, որպես գործիք, մնալո՞ւ է, թե՞ ոչ, որովհետև այժմ այն վերակազմակերպվում է Եվրասիական տնտեսական միության: Հետևաբար, Սերժ Սարգսյանը ստիպված է հայտարարել, որ կառավարությունը պետք է կատարի իր պարտականությունները, բայց ո՞նց անի, եթե այդ պարտականությունների կատարումն առաջին հերթին` հարվածելու է հենց իշխանությանը և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին»։
Ինչ վերաբերում է հարցի ներքաղաքական ասպեկտին, Ս. Սաֆարյանը նշեց, իշխանությունը` ի դեմս Սերժ Սարգսյանի, նոր վարչապետի նշանակման շրջանում փորձում էր ցույց տալ, որ ուզում է ավելի լայն կոալիցիա կազմել, և ԲՀԿ-ի և Դաշնակցության հետ խորհրդակցությունների ու կրկնակի հանդիպումների նպատակն ավելի լայն կոալիցիա և ավելի լայն քաղաքական (ոչ թե հասարակական) համերաշխություն կայացնելն էր, այլ հարց է` կստացվի՞ դա, թե՞ ոչ: Միաժամանակ նա ավելացրեց, որ խնդիրը միայն այդ հարթության վրա դիտարկելը կնշանակի` նեղացնել խնդիրների այն շրջանակը, որոնք Սերժ Սարգսյանը ցանկանում է լուծել: Մյուս կողմից` «Ժառանգության» ներկայացուցիչը համաձայնեց մեր դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին է նշանակել վարչապետ` այն հաշվարկով, որ ոչ իշխանական ուժերի մի մասը, առաջին հերթին` ԲՀԿ-ն, այլևս նույն խստությամբ չեն քննադատելու կառավարությանը, ինչպես նախկինում էր:
Ներքաղաքական վերջին զարգացումներն իրեն բնորոշ ձևով մեկնաբանեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը նա կարծիք հայտնեց, որ փոխելով կառավարությունը և վարչապետ նշանակելով Հովիկ Աբրահամյանին` իշխանությունն ուղերձ է հղել հասարակությանը, որ «երկրում կողոպուտը շարունակվելու է»:
Մանուչարյանը զուգահեռ անցկացրեց 1988 թ. արցախյան շարժման հետ, երբ երկրում ստեղծվել էր ծանր իրավիճակ: Նրա ներկայացմամբ` այդ իրավիճակում տեղի է ունեցել անսպասելի մի բան. հանրահավաքներից մեկին ուղարկվել է նամակ` ստորագրված երկրի կրիմինալ հեղինակությունների կողմից, որ այդ պահից սկսած երկրում որևէ կողոպուտի, գողության, հանցագործության դեպք իրենց կողմից այլևս չի լինելու, և իրենք, հաշվի առնելով երկրի և ժողովրդի ծանրագույն վիճակը, կվերահսկեն, որ ընդհանրապես որևէ հանցագործություն չլինի: «Այսօր նույնպես մենք գտնվում ենք շատ ծանր վիճակում և, փաստորեն, ստացանք երկրորդ ուղերձը` կրկին կրիմինալից, որն այսօր արդեն իշխանություն մեջ է և զբաղված է երկրի կողոպուտով: Բայց ուղերձն այս անգամ հակառակ բովանդակությունն ուներ. անկախ այս և այլ հանգամանքներից, որ կան երկրում, կողոպուտը շարունակվելու է: Սա է ուղերձի բովանդակությունը»,- ասաց Ա. Մանուչարյանը:
Մանուչարյանն ընդգծեց` այս պայմաններում ժողովուրդը պետք է ստեղծի ինքնակազմակերպման համակարգ, որովհետև մարդկանց պարզապես հույս է պետք:
«Մեր ժողովրդին հիմա հույս է պետք, հույս կարող է ներշնչել մարդկանց այն շրջանակը, որին ժողովուրդը վստահում էգ Այսօր հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում «Դ!եմ եմ» շարժման, ազատամարտիկների հետ կապված, խիստ ակտիվացած են բազմաթիվ այլ շրջանակներ: Նրանց հավաքական ուժն այսօր արդեն գերազանցում է կուսակցությունների ուժին, պարզապես այն պետք է ճիշտ իրացվի: Ես կարծում եմ` մեզ պետք է ինքնակազմակերպման, ինքնակառավարման համակարգ, ուրիշ տեսակի կառավարումն անդադար խափանվելու է արտաքին խարդավանքների միջոցով: Առանց այդ էլ մեր քաղաքական դաշտով մի բան չենք: Նույնն անելու ենք նաև հասարակական նախաձեռնությունների վերաբերյալ, բայց եթե դա վերածվի այնպիսի համակարգի, որն ունեցել ենք հատկապես 88-ի շարժման ժամանակ, մենք կկարողանանք ոչ միայն դուրս գալ այս իրավիճակից, այլև դուրս կգանք մեծ հեռանկարներովգ Իհարկե, հանրապետությունը պատրաստ է նման ամբողջական գործողության, ժողովուրդը պատրաստ է և կհամախմբվի այդպիսի նախաձեռնության շուրջ, բայց չպետք է առաջարկի Հանրապետականը:
Նա մի գրամ անգամ վստահություն չունի: Վստահությունն այսպես է. հայտնվում են մարդիկ, ովքեր ժողովրդի համար այլ փիլիսոփայության կրող են, գռփելու փիլիսոփայության կրողը չեն: Եթե դուք գռփելու փիլիսոփայության մի ներկայացուցչի փոխարեն դնում եք մյուսին և ասում եք` եկեք սրա հետ համագործակցենք, դա հնարավոր չէ»,- ավելացրեց նա: