Ամբողջովին սպառազինված թուրքական 4 մարտական ինքնաթիռ մուտք է գործել Հունաստանի օդային տիրույթ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական 4 մարտական ինքաթիռ երեկ երեկոյան մուտք է գործել Հունաստանի օդային տիրույթ, ինչից հետո օդ են բարձրացվել հունական 4 կործանիչներ և սկսվել են «շնային մարտեր» (օդային թվացյալ մարտեր):

Այս մասին հայտնում են հունական ԶԼՄ-ները: Նրանք ընդգծում են, որ վերջին անգամ նման լուրջ միջադեպ գրանցվել է 2012 թվականի հունվարին: Այս անգամ միջադեպը գրանցվել է Էգեյան ծովի հյուսիսային հատվածում, ուր գրանցվել է Հունաստանի օդային տիրույթի 3 խախտում: Բացի այդ, Հունաստանի օդային տիրույթը խախտել է նաև թուրքական ռազմածովային ավիացիայի ուղղաթիռը:

Defencenet կայքի հաղորդմամբ՝ «շնային մարտերին» մասնակցել է ամբողջովին սպառազինված F-16C տիպի թուրքական 4 կործանիչ, որոնք Էգեյան ծով են ուղարկվել Բալըքեսիրի ավիաբազայից և նույնատիպ հունական 4 կործանիչ, որոնցից երկուսը թուրքական ինքնաթիռներին ընդառաջ են գնացել Լիմնոս կղզուց, իսկ մյուս երկուսը՝ Սկիրոս կղզուց:

«Մարտը» այնքան լուրջ ու տևական է ստացվել, որ անգամ որոշվել է օդ բարձրացնել ևս մեկ հունական կործանիչ, ինչից հետո թուրքական ինքնաթիռները շրջվել են ու վերադարձել են իրենց բազա:

Defencenet կայքն ընդգծում է, որ թեև թուրքական կողմից Հունաստանի օդային տիրույթի խախտումները հաճախ են լինում, այնուամենայնիվ, հազվադեպ է պատահում, որ թուրքական կործանիչներն այդ քայլին գնան ամբողջովին սպառազինված:

Հիշեցնենք, որ օդային սահմանի հարցում Հունաստանը պնդում է, որ միջազգային իրավունքի համաձայն` իր օդային սահմանները տարածվում են Էգեյան ծովի կղզիներից 10 ծովային մղոն (19 կիլոմետր) հեռավորության վրա: Մինչդեռ Թուրքիան հունական օդային տարածությունը ճանաչում է կղզիների շուրջ ընկած միայն 10 կիլոմետր (6 ծովային մղոն) հեռավորության վրա:

Թուրքիան պնդում է, որ հունական 12 ծովային մղոնանոց տարածքային ջրերի հաշվարկը «պետք է» սկսել Բալկանյան թերակղզուց և ոչ թե Էգեյան ծովում գտնվող հունական կղզիներից (ինչպես որ ընդունված է արշիպելագ-երկրի պարագայում), որոնց մի մասը բավական մոտ է գտնվում Թուրքիային:

Թուրքական կողմի այդ դիրքորոշման պատճառով էլ թուրք օդաչուներն իրենց շարունակ իրավունք են վերապահում թռչելու Էգեյան ծովում միմյանց հարող կղզիների վրայով, ինչը Հունաստանը դիտարկում է որպես իր օդային տարածքի խախտում և կանոնավոր օդ է բարձրացնում իր կործանիչները:

Սակայն դրանք կրակ չեն արձակում և մանևրների միջոցով հակառակորդի էսկադրիլիաներին «ուղեկցում» են դեպի թուրքական օդային տարածք: Թուրքական կողմը դրանք անվանում է «շնային մարտեր»:

Ի դեպ, 2010 թվականի հոկտեմբերի 20-ին թուրքական Milliyet թերթը գրեց, որ Հունաստանը միայն 2009 թվականին Էգեյան ծովի երկնքում մարտական ինքնաթիռների միջոցով Թուրքիայի դեմ իրականացրել է 1383 կանխարգելիչ գործողություն, որոնց վրա ծախսել է 25.620.000 եվրո:

Ընդհանուր առմամբ, 2000–2009 թվականներին Հունաստանի ռազմաօդային ուժերն իրականացրել են 19.888 այդպիսի կանխարգելիչ թռիչք, որոնց վրա հունական կողմը ծախսել է 447.5 միլիոն եվրո: Հունական կողմի տվյալներով՝ 2000–2009 թվականներին Թուրքիայի ռազմաօդային ուժերը 49.228 անգամ խախտել են իր օդային սահմանը:

2003 թվականին Թուրքիայում պլանավորված Balyoz («Կռան») ռազմական հեղաշրջման 4 պլաններից երկուսը («Օռաժ» և «Սուգա») առնչվում էին Էգեյան ծովում լարվածություն ստեղծելուն:  Դրանց համաձայն` թուրքական կործանիչը պետք է ներխուժեր հունական օդային տարածք` դրանով իսկ օդային մարտ հրահրելով այդ երկրի ռազմաօդային ուժերի հետ:

Մարտի արդյունքում հունական ռազմաօդային ուժերը պետք է ցած գցեին թուրքական կործանիչը: Եթե չհաջողվեր նման կերպ Հունաստանին դրդել դիմելու ուժային քայլերի, ապա թուրքական «հատուկ նշանակության նավատորմն» ինքը պետք է վայր գցեր իր կործանիչը և դրանում մեղադրեր Հունաստանին: Դա ի ցույց կդներ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) անզորությունը տվյալ խնդրում:

Տեսանյութեր

Լրահոս