Հովիկ Աբրահամյանի առաջին ծառայությունը Սերժ Սարգսյանին

«Վերջին օրերի ընթացքում պարոն Աբրահամյանի հետ մենք երկար ենք խոսել ներկայի ու մեր ապագա ծրագրերի մասին: Ես անկեղծորեն ներկայացրել եմ բոլոր այն թերահավատությունները, որոնք կան անգամ մեր թիմակիցների մոտ՝ կապված ներթիմային միասնականության, այլ քաղաքական ուժերի հետ մեր հարաբերությունների կամ հասարակական տարբեր շերտերի կողմից հնարավոր ընկալումների հետ: Բոլոր խնդիրների մասին խոսել ենք անկեղծ, բաց, ու ես ստացել եմ պարոն Աբրահամյանի հստակ հավաստիացումները:

Մեր շարքերում առկա հնարավոր մտահոգությունները պարոն Աբրահամյանը խոստացել է շատ արագ փարատել իր ակտիվ քայլերով, քաղաքական հստակ ուղերձներով, թիմային ոգին բարձրացնելու և աշխատանքի շուրջ բոլորին միավորելու իր ձեռնարկումներով և, որ ամենակարևորն է, աշխատանքի շոշափելի արդյունքներով»,- կիրակի օրը ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերում ներկայացնելով Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում՝ հայտարարել էր նախագահ Սերժ Սարգսյանը:

Այս հայտարարությունն անգամ ակնարկ կամ ուղերձ չէր, այլ գրեթե ուղղակի բացահայտում՝ ԲՀԿ-ի հետ Հովիկ Աբրահամյանի առնչությունների ու դրանք բացառելու՝ նրա ստանձնած պարտավորության վերաբերյալ:

Հասկանալի է, որ դա վերաբերում էր ոչ միայն ԲՀԿ-ին, այլ նաև ԲՀԿ-ի համախմբած «հրաշալի քառյակին» ու առաջին հերթին՝ ՀԱԿ-ին:

Այսինքն՝ Ս. Սարգսյանի հայտարարությունը ՀՀԿ-ի նիստում նշանակում էր, որ Հովիկ Աբրահամյանը պարտավորվել է «խաղեր չտալ»՝ ԲՀԿ-ի, առավել ևս՝ ամբողջական իշխանափոխության պահանջով հանդես եկող ՀԱԿ-ի հետ:

Հովիկ Աբրահամյանը  վարչապետության առաջին իսկ օրն ապացուցել է, որ իր «խոսքը գործ է»՝ ՀԱԿ-ին ցույց տալով իր տեղը:

Նորանշանակ վարչապետն իր առաջին հրապարակային մեկնաբանությունը տվել է ոչ թե, ասենք, իր կողմից ներկայացվելիք կառավարության ծրագրի վերաբերյալ բարձրացվող հարցերի առնչությամբ, այլ պատասխանել է ՀԱԿ-ին: Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով «Հայ ազգային կոնգրեսի» հայտարարությանն այն մասին, որ հայտնի քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա նախագահ Սերժ Սարգսյանի հեռացումը, Հ.Աբրահամյանն ասել է.

«Երբեք չեմ ընդունել ու չեմ ընդունում մութ անկյունում նստած խառնակչությամբ զբաղվելու գործելաոճը: Եթե առանձին մարդկանց թվում է, որ ոչ ոք չի նկատում տողերի մեջ թաքցրած՝ սեփական ուժերից վեր ամբիցիաները, և, որ իրենք կարող են ուրիշների ձեռքով իրենց համար կարկանդակներ հանել, ապա իսկապես սխալվում են:

Ժամանակները փոխվել են. մեր հասարակությանը հետաքրքրում է առկա խնդիրներին լուծումներ տալը, բոլորի ուժերի միավորումը սոցիալ-տնտեսական վերելքի համար, ոչ թե տարբեր ժամկետանց խարդավանքներին հետևելը: Չարությունն ու նենգությունը պետք է սահման ունենան, ծերությունը պետք է արժանապատիվ վայելել, ոչ թե շարունակել անել ամեն ինչ, որ Հայաստանում վատ լինի»:

Թե ում անունն է թաքցված Հովիկ Աբրահամյանի խոսքերի տողերում, դժվար չէ նկատել՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, ով, ինչպես հայտնի է, անձամբ է իր տարիքը դարձրել քաղաքական գործոն:

Ով-ով, Հովիկ Աբրահամյանը՝ որպես Արարատյան դաշտավայրի ֆոլկլորին տիրապետող, վստահաբար գիտի, թե ուղիղ խոսքն ում են ասում: Բայց իմանալով՝ գրեթե ուղիղ ասում է.

«Ծերությունը պետք է արժանապատիվ վայելել, ոչ թե շարունակել անել ամեն ինչ, որ Հայաստանում վատ լինի»: Թեև պետք չէ բացառել, որ իրականում այս խոսքերը հնչել են ոչ թե Հովիկ Աբրահամյանի շուրթերից, այլ տարածվել են նրա անունից: Բայց դա գրեթե տեխնիկական դետալ է: Իսկ բովանդակային առումով՝ Հ. Աբրահամյանը, ըստ էության, բարոյախրատաքաղաքական դաս է տվել ոչ միայն ՀԱԿ-ին, այլ ՀԱԿ-ի միջոցով՝ նաև քառյակին ու ԲՀԿ-ին՝ նրա նախագահ Գագիկ Ծառուկյանին: Առնվազն այնքանով, որքանով դեռևս գործում է Քառյակը:

Առաջին հայացքից՝ թվում է, թե այս հայտարարության հիմնական հասցեատերը Լ. Տեր-Պետրոսյանն է: Իրականում այն կառուցված է «Լևոն, քեզ եմ ասում, Գագիկ, դու լսիր» սկզբունքով: «Ժամանակները փոխվել են»,- ասում է Հ.Աբրահամյանը՝ չմասնավորեցնելով՝ հատկապես որ ժամանակները նկատի ունի. պատմակա՞ն, թե՞ ավելի թարմ անցյալի առումով: Թեև ինչո՞վ պատմական չեն ապրիլի 3-ը կամ  ապրիլի 13-ը: Այս ամսաթվերից հետո փոխվել է Հովիկ Աբրահամյանի կարգավիճակը՝ հետևում թողնելով անցած ժամանակները:

Մի խոսքով, Հ. Աբրահամյանն առաջին իսկ աշխատանքային օրվանից լծվել է թերահավատությունը փարատելու գործին: Նա Լ. Տեր-Պետրոսյանին քաղաքավարի խնդրում է՝ Գագիկ Ծառուկյանի ձեռքով կարկանդակներ չհանել և չզբաղվել խարդավանքներով:

Գագիկ Ծառուկյանին էլ ավելորդ անգամ բարեկամաբար խորհուրդ է տալիս՝ փոխել քառյակը՝ «հրաշալիից» անցում կատարելով ոչ այնքան հրաշալի, սակայն իշխանական քառյակին՝ ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի ընկերակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս