Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու սարսափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. Շիրազ Խաչատրյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը գրում է. «ԱԺ ամբիոնից, իրենց հարցազրույցներում ու ֆեյսբուքյան մենախոսություններում ՔՊ-ականներն ինչքան ուզում են՝ թող մեծ-մեծ խոսեն ու «ինքնիշխանությունից» ճառեն։ Պետական կառավարումը մարդկանց ականջներին «նախկին-ներկա» անվերջանալի սերիական ով լապշա կախելն ու անվերջ մեղավորներ փնտրելը չէ։
Իրականությունը լրիվ այլ տեղում է, այնտեղ, որտեղ ունենք բզկտված Հայաստան՝ բզկտված ու անպաշտպան սահմաններով։ Տնտեսական «թռիչքների» մասին հեքիաթների ֆոնին ժողովրդի գլխին խայտառակ պարտքեր են կուտակում, իսկ հարևան պետությունների ու ավանդական դաշնակիցների հետ հարաբերություններն այնքան են փչացրել, որ երկիրը լրիվ անվտանգային վակուումում է հայտնվել։
Սրանց մեծ-մեծ փռթելուն զուգահեռ՝ մեկդ կարո՞ղ է պատկերացնել, թե Ադրբեջանը երբ է դուրս գալու մեր ինքնիշխան տարածքներից։ Ոչ ոք չգիտի։ Փոխարենը շատ լավ գիտենք, որ Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են Ալիևին նոր տարածքներ նվիրաբերել։ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու սարսափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք։
Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու ու անհեռանկար զիջելու սրանց ձեռագիրը ողջ ազգին արդեն կանգնեցրել է կործանարար փաստի առաջ։ Հանեք ներքաղաքական շոուները, քարոզչական աղմուկը, «նախկին-ներկա» անվերջ վեճերն ու բարձրագոչ ելույթները, տակը մնում է շատ պարզ ու ծանր պատկեր՝ Հայաստանը շարունակում է զիջել, բզկտվել ու կտոր-կտոր հանձնվել…»:

