Ո՞ւր են մուտքագրվել էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարները. Hetq.am
«Հայկական էլեկտրացանցեր» ընկերությունը սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարներն ամբողջ ծավալով չի մուտքագրվել ընկերության հատուկ հաշիվներին, թեև այդ հաշիվներում առկա է եղել միջոցների անբավարարություն: Ինչպես գրում է «Հետքը», որ այսպիսի եզրակացություն է առկա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծում՝ հիմնված 2013 թ. օգոստոս-նոյեմբերի տվյալների վերլուծության վրա: ՀԷՑ-ին 5 մլն դրամով տուգանելու մասին որոշման նախագիծը ներառվել է վաղվա՝ ապրիլի 16-ի նիստի օրակարգում:
Հանձնաժողովի որոշման մեջ նշվել է նաև, որ ՀԷՑ-ը էլեկտրաէներգետիկական համակարգի արտադրող կայաններին և ծառայություններ մատուցող ընկերություններին վճարումները կատարել է պարբերական ուշացումներով:
Ի պատասխան՝ ՀԷՑ-ը պաշտոնական գրությամբ արդարացել է, որ գտնվում է ծանր ֆինանսական վիճակում, ի վիճակի չէ կատարել ընթացիկ պարտավորությունները, ունի հսկայական վարկային պարտավորություններ: Սակայն այդ պատասխանից պարզ չէ՝ եթե գումարները հատուկ հաշիվներին չեն կուտակվում, ապա ու՞ր են մուտքագրվում ու ինչպե՞ս են օգտագործվում:
Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում