
Մորնինգսթարը խոստացել է, որ ԱՄՆ-ն ակտիվ է լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբում

Интерфакс-Азербайджан-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը Գյանջայում հայտարարել է, որ Ուկրաինայի իրադարձությունները մեծացնում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը.
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մշտապես ներկայացրել է մեծ կարևորություն, սակայն այսօր այդ հարցը ստացել է հատուկ նշանակություն: Մենք ականատես ենք լինում Ռուսաստանի ձեռնարկած քայլերին և ցանկանում ենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը շուտով ստանա իր կարգավորումը, որպեսզի հարևաններից ոչ մեկն էլ չփորձի տարբեր պատրվակներով չարաշահել ստեղծված իրավիճակը:
Բարդ բնույթի այդ հակամարտության կարգավորման համար պահանջվում է կողմերի քաղաքական կամքը: Երկու երկրների նախագահները պետք է համատեղ կոնկրետ քայլեր ձեռնարկեն հակամարտության վերջնական կարգավորման համար: Բնականաբար, տվյալ հարցի լուծումը պահանջում է Ռուսաստանի հետ համագործակցություն:
Խոստանում ենք, որ մենք Մինսկի խմբի շրջանակներում անելու ենք ամեն անհրաժեշտ բան և լինելու ենք ակտիվ: Մենք առաջ ենք քաշելու տարբեր գաղափարներ՝ բանակցային գործընթացի առաջխաղացման և փակուղային իրավիճակից դուրս գալու համար»: