Անդրեյ Սորոկին. «Գիլյոտին»-ի առաջարկություններով 60% ծախսերի կրճատում է եղել. Banks.am
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի (ՕԿԱԿ) կողմից իրականացվող «Կարգավորիչ գիլյոտին» ծրագիրը մեկնարկել է 2011 թ-ի նոյեմբերին: Այն զբաղվում է ձեռնարկատիրական գործունեության եւ մարդկանց առօրյա կյանքի վրա ազդեցություն ունեցող ազգային օրենսդրական դաշտի եւ կարգավորիչ նորմերի ուսումնասիրմամբ եւ հստակեցմամբ: «Գիլյոտին» ծրագրի մասին Banks.am-ը զրուցել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի հետ:
-Պրն. Սորոկին, ինչպե՞ս կգնահատեք ձեռքբերումները Հայաստանում կարգավորիչ բարեփոխումների ոլորտում:
– Օրենսդրությունն ինքնին ժամանակի հետ աճելու միտում ունի: Հայաստանը՝ այլ երկրների պես, իրավական համակարգի պարբերական վերանայման եւ «մաքրման» կարիք ունի: Ժամանակի ընթացքում փոփոխվում են նաեւ մարտահրավերները: Կարգավորումները, որոնք օգտակար էին 10 տարի առաջ, այժմ ավելորդ են. դրանք քաղաքացիների եւ բիզնեսի համար կարող են բյուրոկրատական խոչընդոտներ ստեղծել: Այս համատեքստում ԵԱՀԿ-ն աջակցում է ՀՀ կառավարությանը՝ երկրի կարգավորիչ դաշտը վերանայելու եւ բարեփոխելու համար: Հուսով ենք, որ այս նախաձեռնությունը կհանգեցնի շոշափելի փոփոխությունների՝ գործարար միջավայրը տնտեսական զարգացման համար դարձնելով առավել բաց եւ բարենպաստ:
Ինչպես է դա աշխատում գործնականում. ՀՀ կառավարության կողմից ստեղծված Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն ուսումնասիրում է կարգավորիչ դաշտի կոնկրետ ոլորտներ, վերանայում բիզնես գործընթացները, համեմատում ներկա ընթացակարգերը միջազգային լավագույն փորձի հետ եւ կառավարությանն է ներկայացնում բարեփոխումների առաջարկություններ: Հավատացած եմ, որ Հայաստանը հավատարիմ է բարեփոխումներ իրականացնելու այս ծրագրի հանձնառությանը: Մինչ օրս ես տպավորված եմ կառավարության ներգրավվածությամբ, հիացած եմ ծրագրում ներառված տեղական եւ միջազգային փորձագետների մասնագիտական մակարդակով եւ շնորհակալ եմ միջազգային հանրությանն աջակցության համար. այս պատճառով կարծում եմ, որ մենք պետք է դրական փոփոխություններ ակնկալենք:
– Արդեն կան որոշ ոլորտներ, որոնք ուսումնասիրվել են: Ե՞րբ արդյունքները տեսանելի կլինեն հանրության համար:
– Ցանկացած բարեփոխում ժամանակ է պահանջում, սա եւս բացառություն չէ: Գործընթացը ժամանակատար է: ՀՀ նախագահի հրամանագրով ընտրված է 17 ոլորտ, որոնք ենթակա են վերանայման: Ներկայումս ամբողջովին վերանայվել է հանրային ծառայությունների ոլորտը: Այն ներառում է գազի, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման եւ հեռահաղորդակցության ոլորտների կարգավորումները: ՕԿԱԿ-ի փորձագետների կողմից արված բոլոր առաջարկություններն արդեն ընդունվել են եւ ուժի մեջ են: Տրանսպորտի եւ առողջապահության ոլորտները եւս վերանայվել են, այժմ օրենսդրական առաջարկները Ազգային Ժողովում են՝ ամբողջությամբ ընդունման համար: Ուսումնասիրվում են 6 այլ ոլորտներ՝ հարկային, մաքսային, մշակույթ, սոցիալական հարցեր, ձեռնարկատիրություն, ինչպես նաեւ արտաքին կապեր եւ միջազգային հարաբերություններ: Երբ կավարտվի ոլորտների ուսումնասիրումը, եւ առաջարկներն ուժի մեջ կմտնեն, մենք կկարողանանք խոսել հանրության վրա փաստացի ազդեցության մասին:
Այսօր, օրինակ, որեւէ լիցենզիայի համար պետական տուրքը կարող է վճարվել լիցենզիայի տրամադրման որոշումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Նախկինում պետական տուրքը պահանջվում էր վճարել մինչ լիցենզիա ստանալը: Հեռահաղորդակցության ցանցերի ստեղծման եւ շահագործման համար լիցենզիայի տրամադրման եւ մերժման ժամանակահատվածը կրճատվել է 6 ամսից մինչեւ 23 աշխատանքային օր: Մեկ այլ գործնական օրինակ է ծնելիությունը խթանելու նպատակով Հայաստանում երեխաների ծննդյան նպաստների տրամադրումը: Նպաստի չափը կախված է ընտանիքում երեխաների քանակից: Սակայն երեխաների թվաքանակի սահմանման հետ կապված որոշ սահմանափակումներ կան. երեխաները պետք է բնակվեն նույն տեղում, լինեն միեւնույն խնամակալի հոգածության տակ, եւ այլն: Կենտրոնն առաջարկել է այս սահմանափակումները վերացնել եւ հաշվարկել երեխաների քանակը՝ հիմք ընդունելով մոր կողմից փաստացի ծննդաբերած երեխաների քանակը: Եվս մեկ օրինակ է տաքսի ծառայության ոլորտի կարգավորումը, որը մեծապես պարզեցվել է: Ըստ ՕԿԱԿ-ի առաջարկի, տաքսի ծառայություն մատուցելու լիցենզիա տրամադրելու գործընթացը կրճատվել է՝ 30 օրից դարձնելով 7 աշխատանքային օր: Տաքսիների ամենօրյա տեխնիկական զննման եւ վարորդների բժշկական ստուգման պահանջները վերացվել են: Նախկինում միայն իրավաբանական անձինք կարող էին տաքսի ծառայություն իրականացնել, իսկ այժմ, ըստ նոր առաջարկի, անհատները եւս կարող են մատուցել այդ ծառայությունը:
Անդրեյ Սորոկինի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը:
Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում