
Ռուսական ռմբակոծիչը Սև ծովում 12 անգամ անցել է ամերիկյան ռազմանավի մոտով. Պենտագոն

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական «Սու-24» ռմբակոծիչը մի քանի անգամ անցել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Դոնալդ Քուք» էսկադրոնային ականակրի անմիջական մոտակայքով, որը Սև ծովի ջրատարածություն է մուտք գործել ապրիլի 12-ին:
Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար Սթիվ Ուորենը: Նրա խոսքերով՝ ռուսական ինքնաթիռը 12 անգամ թռչել է «Դոնալդ Քուքի» մոտով, երբ նա գտնվել է Սև ծովի հյուսիսային հատվածում: Ներկայումս էսկադրոնային ականակիրը գտնվում է ռումինական Կոնստանցա նավահանգստում.
«Ռուս զինվորականների այդ սադրիչ ու ոչ պրոֆեսիոնալ գործողությունները խախտում են ինչպես իրենց սեփական կանոնադրությունը, այնպես էլ մեր զինված ուժերի միջև պայմանավորվածությունները»: ՌԴ ՊՆ-ը դեռ չի մեկնաբանել այդ միջադեպը: