Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանի կառավարության չորս սխալները՝ ըստ Օսկանյանի. civilnet.am

Ապրիլի 12-ին ոչ իշխանական չորս ուժերի՝ Ծաղկաձորում կազմակերպված «Նոր տնտեսական քաղաքականություն» խորագիրը կրող համաժողովին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր ելույթում նշել է, որ ներկայում Հայաստանում տնտեսական բոլոր խնդիրները պայմանավորված են քաղաքականով, հաղորդում է civilnet.am-ը: «Մինչև բոլոր քաղաքական խնդիրները չլուծվեն, դժվար կլինի տնտեսական խնդիրները լուծել»,- ասել է Օսկանյանը՝ առանձնացնելով Տիգրան Սարգսյանի կառավարության թույլ տված չորս հիմնական սխալներ:

Առաջին սխալը, ըստ Օսկանյանի, այն է, որ Հայաստանի կառավարությունը չկարողացավ կանխատեսել համաշխարհային տնտեսական ճգնաժամը. «Ակնհայտ էր, բայց չտեսան կամ չուզեցին տեսնել: Հիշու՞մ եք հայտարարությունները, որ ճգնաժամը մեր կողքով է անցնելու, Հայաստանը դրանից ավելի ուժեղ է դուրս գալու և այլն»:

Երկրորդ սխալը, ըստ նրա, այն է, որ երբ տեսան, որ ճգնաժամն անխուսափելի է, չկարողացան կարճ ժամանակում ճիշտ ճգնաժամային տնտեսական ծրագիր մշակել. «2008թ. 5-6% աճով ներկայացված բյուջեն 2009թ. կեսերին չուզեցին փոխել: Այսինքն՝ պնդեցին իրենց տեսակետները: Երբ 5-6% աճով բյուջեն վերջում ավարտվեց 15% տնտեսական անկումով, կառավարությունը բացահայտեց, որ ամբողջ մի տարի 25% բացով բյուջե է իրականացրել, ինչն աներևակայելի է»:

Երրորդ սխալն այն էր, որ երբ ճգնաժամը արդեն հարվածել էր Հայաստանին, դրսից մեծ քանակությամբ՝ ավելի քան 1 մլրդ դոլար փողեր բերեցին, սակայն չկարողացան դրանք ճիշտ օգտագործել: Օսկանյանի խոսքով՝ այսօր այդ փողերի բեռը մենք զգում ենք, հաջորդ կառավարությունն էլ է զգալու, և բյուջեն դրանով այնքան է ծանրաբեռնված, որ շատ այլ ծրագրեր են տուժելու:

Նախկին արտգործնախարարը նշել է, որ խոսակցություն կա, որ այդ փողերից բարձր տոկոսներով վարկեր են տրվել այլ երկրներում հայ գործարարներին: Օսկանյանն ասել է, որ իր տեղեկություններով՝ այդ գումարները տրամադրվել են կառավարության գաղտնի որոշումներով: «Դրսից ստացված վարկերը բարձր տոկոսներով տրվել են ինչ-որ գործարարների, որպեսզի օգտագործեն, քանի որ կառավարությունն ինքը տեղ չի ունեցել այդ փողերը ծախսելու համար»,- ասել է Օսկանյանը:

Չորրորդ սխալը, ըստ նախկին արտգործնախարարի, այն է, որ այս տարիների ընթացքում կառավարությունը համարձակություն չի ունեցել բարեփոխումներ իրականացնել, որոնք շատ անհրաժեշտ էին ճգնաժամային պայմաններում: «Եթե որևէ բարեփոխում արեցին, դա ոչ թե նպաստում էր տնտեսական զարգացմանը, այլ խաթարում էր այն»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ բոլոր սխալները միասին հանգեցրել են նրան, ինչ ունենք այսօր:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս