Իլհամ Ալիևի իրանական այցը. «Նաբուկոյի» երկրորդ շունչը. Turan
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության կայքում ապրիլի 12-ին հրապարակվել է «Ալիևի իրանական այցը. «Նաբուկոյի» երկրորդ շունչը» խորագրով հոդվածը, որում նշված է.
«Թուրքական մամուլն աննախադեպ հետաքրքրություն է ցուցաբերել ապրիլի 9-ին Թեհրանում Ադրբեջանի ու Իրանի նախագահներ Իլհամ Ալիևի ու Հասան Ռոուհանիի բանակցությունների արդյունքներին: Թուրքական առաջատար թերթերը Ալիևի աշխատանքային այցի մասին նյութերը վերնագրել են որպես «Կարևոր հանդիպում», «Երկկողմ հարաբերություններում նոր փուլի սկսում» և այլն:
Անկասկած է, որ թուրք լրագրողներն իրավացի են իրենց եզրակացություններում, իսկ բանակցությունների նկատմամբ նրանց հետաքրքրությունը գլխավորապես պայմանավորված է երկու գործոնով.
Ալիևի այցը տեղի ունեցավ Բաքվի ու Թեհրանի միջև քաղաքական հարաբերություններում տևական սառը ձմռանից հետո, որի ժամանակ երկու երկրների առաջնորդները տարբեր պատրվակներով խուսափել են երկկողմ այցերից, իսկ երկու երկրների պաշտոնատար անձինք բաց չեն թողել միմյանց քննադատելու հնարավորությունը:
Ալիևի իրանական բանակցությունների նկատմամբ մամուլի հետաքրքրության մեկ այլ, ոչ պակաս կարևոր գործոն դարձավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այցը Բաքու, որը, ինչպես կարծում են Թուրքիայում, կապող կամրջի դեր խաղաց երկու ռեժիմների միջև:
Պետք է հաշվի առնել, որ Ալիևի այցը տեղի է ունեցել Իրանի ու ԱՄՆ-ի միջև ծավալված երկխոսության պայմաններում, ինչին նախորդել է 2013 թվականի հունիսին Իրանում անցկացված նախագահական ընտրություններում լիբերալ քաղաքական գործիչ Հասան Ռոուհանիի հաղթանակը և այս տարվա հունվարի վերջին ԱՄՆ-ի կողմից Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցների սառեցումը:
Թեհրանի ու Վաշինգտոնի միջև սկսված խորհրդակցությունները, որոնց շրջանակներում Իրանը պատժամիջոցների ազդեցության ներքո կասեցրեց իր միջուկային ծրագրի ընդլայնումը և մի շարք զիջումների գնաց մասնավորապես Սիրիայի, Իրաքի, Աֆղանստանի հարցերում, նոր հող ստեղծեցին` Իրանի ու Ադրբեջանի միջև երկխոսության համար:
Կարելի է ասել, որ հաղթահարված է կղերական Իրանին արևմտամետ Ադրբեջանից բաժանող անջրպետը, քանի որ Իրանը` չնայած սիոնիստական դավադրության մասին իր ողջ հռետորիկային, ամեն դեպքում, ելնելով պրագմատիկ նկատառումներից, այսօր հարկադրված է համաձայնել նոր աշխարհակարգի հաստատման իրողության հետ, որում վաղուց ապրում է Ադրբեջանը` 1991 թվականին անկախության ձեռք բերումից հետո արևմտյան տիրույթին ինտեգրվելու պահից:
Կարելի է ասել անգամ ավելին. Իրանն այժմ սկսում է մեծ դեր խաղալ Արևմուտքի ռուսական քաղաքականությունում` կապված ուկրաինական ճգնաժամի հետ: Թեհրանը մեծացնում է նավթի մատակարարումներն ասիական շուկաներ` օրական 600.000 բարելով գերազանցելով օրական թույլատրված 1 միլիոն բարելի սահմանը և պատրաստ է ընդլայնել ծավալները, ինչը կարող է հանգեցնել նավթի գնի անկմանը:
ԶԼՄ-ներն ուշադրություն են հրավիրում Ալիևի այցի երկու կարևոր ասպեկտի վրա, որոնց շոշափել են կողմերը և որոնցում շահագրգռված են ԱՄՆ և բնականաբար` տարածաշրջանում նրա գլխավոր դաշնակից Թուրքիան: Դա կայունությունն է, որը կարելի է տարածաշրջանային անվտանգության շրջանակներում ապահովել քաղաքական, ռազմական ու տնտեսական համագործակցությամբ:
Այդ համատեքստում հասկանալի են դառնում ապրիլի 14-ին նշանակված Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այցն Իրան և իրանական գազը եվրոպական շուկաներ փոխադրելու մասին հայտարարությունները:
Իրանա-ադրբեջանա-թուրքական փոխգործակցության էներգետիկ ասպեկտը դառնում է առավել հավանական առարկա կամ հարթակ, որն այդ երկրներին մերձեցնում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ենթատարածաշրջանային մակարդակներում:
Իրանը բնական գազի իր պաշարներով երկրորդն է աշխարհում` զիջելով միայն Ռուսաստանին: Ճիշտ է` ի տարբերություն Ռուսաստանի, Իրանը դեռ չի հասել այդ հումքի միջազգային մատակարարի մակարդակի, սակայն մշտապես դիտարկվել է որպես ռուսական գազային ազդեցությանն իրական այլընտրանք:
Նոր դերին հասնելու համար Իրանից պահանջվում է իրականացնել ընդերքի մասշտաբային մշակումներ, ներքին ու արտաքին ենթակառուցվածքների ստեղծում` ոչ առանց արևմտյան ընկերությունների մասնակցության:
Հաշվի առնելով, որ Իրանը Կատարից հետո դիտարկվում է որպես ժամանակավորապես սառեցված «Նաբուկո» գազատարի նախագծի համար պոտենցիալ գազամատակարար` պետք է ակնկալել տվյալ ուղղությամբ բանակցությունների ու աշխատանքների ակտիվացում, որպեսզի Թեհրանը վերածվի գործընթացի ակտիվ մասնակցի:
Պետք է հաշվի առնել, որ եվրոպական ուղղությամբ իրանական գազի համար առկա ենթակառուցվածքային համակարգերի դեպքում հիմնական բնական հանգույցների դերում հանդես են գալիս Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք արդեն իսկ կարևոր դեր են խաղացել եվրոպական էներգետիկ անվտանգության քաղաքականությունում:
Եթե ուկրաինական առաջին ճգնաժամի ժամանակ` 2004 թվականին, Արևմուտքը կարողացավ հասնել Եվրոպա գազի մատակարարման երթուղիների դիվերսիֆիկացմանը և վերջ դնել գազաբաշխիչ ցանցերի նկատմամբ ռուսական մենատիրությանը, ապա ուկրաինական երկրորդ ճգնաժամը հարթակ կստեղծի ռուսական գազամատակարարումների ծավալին համաչափ այլընտրանքային ենթակառուցվածքների ձևավորման համար»:
Հիշեցնենք, որ ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու համար նախատեսված է գործող «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ, Հարավկովկասյան) գազատարի տարեկան թողունակության աստիճանական մեծացում, Թուրքիայի տարածքում (արևելյան սահմանից դեպի արևմտյան սահման) «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) կառուցում և Հունաստանի, Ալբանիայի ու Իտալիայի տարածքում «Անդրադրիատիկ» գազատարի (TAP) կառուցում:
Դրանով իսկ ադրբեջանական գազը կհասցվի Եվրոպայի հարավ: «Անդրկասպյան» գազատարի (Կասպից ծովի հատակով) կառուցման դեպքում այդ երթուղուն կարող է միանալ նաև թուրքմենական գազը: Թուրքիան չի բացառում նաև, որ հետագայում կարող է կյանքի կոչվել TAP-ի մրցակից հանդիսացած Nabucco West գազատարի նախագիծը, որը թուրք-բուլղարական սահմանից կձգվի դեպի Ավստրիա:
Բացի այդ, հնարավոր է` ժամանակի հետ մեկտեղ Թուրքիայի տարածքում TANAP գազատարին միանա իրանական, իրաքյան (քրդական), կատարյան գազը (և անգամ եգիպտական գազը` «Պանարաբական» գազատարով): Թուրքիան մեծ ջանքեր է գործադրում նաև Արևելյան Միջերկրածովի գազային պաշարները (իսրայելական ու կիպրական գազը) սեփական տարածքով դեպի Եվրոպա ուղղելու համար: