Ինչպես է պետականացվելու ՀԷՑ-ը. Մհեր Գրիգորյանը մանրամասնում է

Ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի՝ Հայ Առաքելական եկեղեցու կողքին կանգնելու մասին հայտարարությունից, ապա՝ նրա կալանավորումից ուղիղ մեկ շաբաթ անց՝ այսօր, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց.

«ՀԷՑ-ի պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ, պրոցեսները տեղի կունենան Հայաստանի օրենսդրությանը համապատասխան»։

Թե ինչ է նշանակում Փաշինյանի այս ասածը, այսօր Factor.am-ի լրագրողը փորձեց ճշտել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից։

Հարցին ի պատասխան՝ Գրիգորյանը պարզաբանեց՝ ցանկացած գործողություն, որը վերաբերելի կլինի «Հայաստանի էլեկտրական ցանցերին», կիրականացվի օրենքով սահմանված կարգով։

«Ես կարծում եմ՝ էներգետիկայի մասին օրենքով սահմանված են և դեպքերը, և գործողությունները, որոնք այս կամ այն դեպքում կառավարությունը կամ պետությունը կարող է իրականացնել։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ հնարավոր գործողությունները որոշակի դեպքերում այսօր արդեն իսկ օրենքով նկարագրված են»,- ասաց նա։

Հարցին՝ իսկ ի՞նչ հանձնարարական է տվել Փաշինյանը պետական կառույցներին՝ ՀԷՑ-ի կողմից ժողովրդին պատճառված վնասը փոխհատուցելու, Մհեր Գրիգորյանն արձագանքեց.

 «Գիտեք, հանձնարարականը եթե հրապարակային լիներ, հրապարակային կլիներ։ Այո, կա հանձնարարական, և աշխատանքներն ընթանում են, բայց այս պահին, երբ որ հանձնարարականների արդյունքում ձևավորված դիրքորոշում  ֆորմալիզացվի, այդ ժամանակ կհրապարակվի։ Այս պահին ես ավել բան չեմ կարող ասել: Ժամկետը լրանալուց հետո ձևավորվում է առաջարկություն, առաջարկությունները դեռևս պիտի քննարկվեն։ Ես չեմ ասում, որ հանձնարարականը չի կատարվել, բայց հանձնարարականի կատարման արդյունքում ձևավորված առաջարկություններն ի վերջո պիտի դառնան հրապարակային նյութ, որին դուք կծանոթանաք այն ժամանակ, երբ որ այն կհրապարակվի»։

Դիտարկմանը՝ իսկ ինչպե՞ս է մասնավորի գույքը պետականացվում,  Գրիգորյանն արձագանքեց.

«Ես վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանի սահմանադրությունը, օրենսդրությունը նմանատիպ դեպքերը նկարագրում են։ Ես կարծում եմ, մեր գործողությունները՝ կառավարության, թե որևէ այլ պետական մարմնի, լինելու են ճիշտ օրենսդրությամբ սահմանված և Սահմանադրությամբ սահմանված շրջանակներում։

Եթե դուք ուզում եք պոտենցիալ հնարավոր սցենարներին ծանոթ լինել, ես կարող եմ ձեզ առաջարկել «էներգետիկայի մասին» օրենքը մի հատ թերթել, որովհետև այնուամենայնիվ մենք խոսում ենք կրիտիկական ենթակառուցվածքի մասին, կրիտիկական ենթակառուցվածքներն էլ ունեն կարգավորումներ, որոնցով բոլոր հարցերի պատասխանները կան։ Այդ իմաստով ես այս պահին էլ ավել բան չէի ցանկանա ասել կամ մեկնաբանել… Պետությունը երբեք չի անի մի որևէ գործողություն, որն  օրենսդրական, առավել ևս՝ սահմանադրական շրջանակներից դուրս կլինի։ Իսկ ցանկացած ներդրող շատ լավ տիրապետում է օրենսդրությանը, և վստահեցնում եմ, որ այդ պարագայում որևէ արտառոց իրավիճակ չի լինի»։

Տեսանյութեր

Լրահոս