
ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները գրեթե ավարտվել են. Մարագոս

Եվրոպական միությունը և Հայաստանը մոտենում են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտին։
ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի շրջանակներում կայացած քննարկման ժամանակ այս մասին ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։Նրա խոսքով՝ օրակարգում առանցքային հարցերից է Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ամբողջական իրականացումն ու դրա ներուժի լիարժեք օգտագործումը։
Մարագոսը հիշեցրել է, որ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանն այդ համաձայնագիրը բնութագրել էր որպես բարեփոխումների հստակ ծրագիր, որը ակտիվորեն կյանքի է կոչվում կառավարության կողմից։ ԵՄ դեսպանը նշել է, որ բազմաթիվ ենթահանձնաժողովներ արդեն գործում են, իսկ հուլիսին Բրյուսելում տեղի կունենա գործընկերության գլխավոր կոմիտեի նիստ։
«Սա վկայում է մեր ունեցած փոխազդեցության խորության ու հաճախականության մասին»,- ընդգծել է նա։
Մարագոսի խոսքով՝ բարեփոխումներն իրապես բարդ են և պահանջում են տեխնիկական աջակցություն և փորձագիտական փոխանակում՝ ԵՄ անդամ երկրների և այլ գործընկերների մասնակցությամբ։ Նա ընդգծել է, որ առկա է հստակ հանձնառություն՝ ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության կողմից։ Դեսպանը տեղեկացրել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ։
«Բանակցությունները գրեթե ավարտված են, և դրա նպատակն է Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ներուժի լիարժեք իրագործումը։ Սա համատեղ պարտավորություն է»,- նշել է նա։
Ըստ Մարագոսի՝ ԵՄ-ի առաջնահերթություններից է Հայաստանի կայունության ամրապնդումը։ Այդ նպատակով անցած տարի ներկայացվել է կայունության և աճի բարելավման ծրագիր, որը ներառում է բազմաթիվ կոնկրետ քայլեր՝ տնտեսության դիվերսիֆիկացումից մինչև եվրոպական չափանիշների ներդրում մտավոր սեփականության և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտներում։
«Պետք է կարողանանք կազմակերպել մեր երկխոսությունն ու ռեսուրսները՝ հիմնվելով այն հսկայական հանձնառության վրա, որը տեսնում ենք երկու կողմերից»,- ամփոփել է ԵՄ դեսպանը։