ՀԱԿ գրասենյակում դանակով սպանության սպառնալիքներ հնչեցնելու մասին գործը դատարանում է
2013թ. նոյեմբերի 1-ին Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում սպառնալիքներ հնչեցնելու մասին գործն արդեն ուղարկվել է դատարան: Քրեական գործը քննվելու է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել անմեղսունակ 56-ամյա տղամարդուն:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «լսելով ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի ելույթները, որոշել է հանդիպել նրան, գնացել է Սարյան փողոցի 38 հասցեում գտնվող Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ: Մի քանի անգամ հարցրել է Լ. Զուրաբյանին, սակայն ստանալով պատասխաններ, որ նա տեղում չէ, ծոցագրպանից հանել է երկու դանակներ և սկսել է սպանության սպառնալիքներ տալ, ինչի ընթացքում մի քանի անգամ դանակները մոտեցրել է վերջիններիս մարմիններին` իրական հնարավորություն ունենալով վնասել նրանց»:
Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության սպառնալիքներ տալու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մաս): Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Գործը կքննի դատավոր Մնացական Մարտիրոսյանը: