Հրաշալի քառյակը/եռյակը վաճառվում է. գնի շուրջ բանակցությունները շարունակվում են

ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու «Ժառանգության» առաջնորդների երեկվա հանդիպման վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռևս չեն հրապարակվում, սակայն դատելով այդ ուժերի ներկայացուցիչների մեկնաբանություններից, «եռյակը» գործում է շատ ավելի արդյունավետ, քան կարելի էր պատկերացնել: Բայց, ինչպես իր իրավանախորդը՝ «հրաշալի քառյակը», եռյակը կարծես նույնպես ակամայից կամ ոչ հերթական նվերն է մատուցում իշխանությանը, նախագահ Սերժ Սարգսյանին:

Դեռևս քառյակի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի մեկնարկի ժամանակ նշել ենք, որ իրականում դա հրաշալի նվեր էր Սերժ Սարգսյանին: Կառավարությանն անվստահության նախաձեռնության ներկայացման մասին ամիսներ շարունակ խոսելով ու այն ձգձգելով մինչև ապրիլի 28-ը, քառյակը Ս. Սարգսյանին հնարավորություն տվեց դրանից առաջ անձամբ անվստահություն հայտնել կառավարությանը՝ տապալելով քառյակի կողմից որպես դարակազմիկ նախաձեռնություն ներկայացվող քայլը, ինչը և տեղի ունեցավ: Իսկ ի՞նչ կապ ունի դա եռյակի վերածվող քառյակի այսօրվա գործունեության հետ:

Երեկ կայացած հանդիպման վերաբերյալ այսօր որոշակի մանրամասներ է հայտնել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Նշելով, որ հանդիպումը բավական արդյունավետ է անցել, նա ասել է. «Մենք քննարկել ենք այս հարցերը՝ մեր հետագա անելիքները կառավարություն ձևավորելու ընթացքում և դրանից հետո… մենք վաղը անցկացնելու ենք տնտեսական ֆորում Ծաղկաձորում, որտեղ քննարկվելու են տեսակետներ կառավարման համակարգի, Հայաստանի ապագա տնտեսական քաղաքականության խնդիրները:

Serj Sargsyan-BHK

Քանի որ դա քառյակն է կազմակերպում, բնականաբար, եթե ընդհանուր որոշում կլինի, կամ կլինեն ելույթներ, դա կլինի բոլորինը: Մենք կարծում ենք, որ այդ շրջանակներում Հայաստանի տնտեսական քաղաքականության վարումը բերելու է նորմալ իրավիճակի: Սա կառավարության ձևավորման գործընթացում ոչ թե անելիք է, այսինքն՝ ոչ թե մենք մասնակցում ենք կառավարության ձևավորմանը, այլ տնտեսական քաղաքականության մեր տեսակետները մշակում  և հրապարակելու գործընթաց ենք իրականացնելու»:

Ուշադրություն դարձեք, դեռ վարչապետ նշանակված չէ, կառավարություն ձևավորված չէ, երեկվա ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարվել է, որ կոնսուլտացիաները շարունակվելու են մինչև երկուշաբթի: Եվ կիրակի օրը քառյակը կամ եռյակը ներկայացնում է տնտեսական քաղաքականության իր ծրագիրը, Տիգրան Սարգսյանի կառավարությունից տարբերվող ծրագիրը, այսինքն՝ առաջարկ է անում Սերժ Սարգսյանին:

Եվ ի՞նչ ակնկալիքով: «Հիմա եթե ծրագիրը կվերցնեն, փառք ու պատիվ իրենց, եթե չեն վերցնի, մենք կշարունակենք այն գործընթացը, ինչ որ անում էինք: Մենք ձեռնամուխ կլինենք դրանց իրականացմանը, դրանց չընդունման դեպքում եթե շարունակեն աշխատել Տ. Սարգսյանի ծրագրով և ոճով, այդ ժամանակ հասարակական ընդվզումը բավականին մեծ կլինի»,- ասում է Ստեփան Մարգարյանը:

Կրկնում ենք, սա, ըստ էության, ոչ իշխանական ուժերի առաջարկն է Սերժ Սարգսյանին, որն ընդունվելու դեպքում առնվազն ԲՀԿ-ն ասելու է՝ «փառք ու պատիվ»: Ենթադրաբար, նույնը կասի նաև Րաֆֆի Հովհաննիսյանը՝ գուցե որոշակի լիրիկական վերաձևակերպումներով: Ասենք՝ նա կարող է հայտարարել՝ «Հավիտյան թագավորություն Սերժ Սարգսյանին, ով ազգային խորտակումի պետականասպան այս րոպեին վերընձյուղման նախաձեռնումի մեջ ընդառաջ գնաց երկրի ցավով ինքնախեղվող ուժերիս առաջարկին….»:

Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, իհարկե, կասի, որ Սերժ Սարգսյանը՝ զգալով  իր իշխանությանը մոտեցող հերթական արհավիրքը, վերջնական կազմաքանդումից փրկվելու համար հերթական զիջումը կատարեց՝ հօդս ցնդեցնելով այն մարգինալ մտասևեռումները, թե սահմանադրական ճանապարհով հնարավոր չէ իշխանությանը պարտադրել սեփական ծրագիրը:

Այն, որ նոր կառավարությունը չի շարունակելու աշխատել Տիգրան Սարգսյանի ծրագրով, պարզ է: Հակառակ դեպքում նա հրաժարական չէր տա կամ պաշտոնանկ չէր արվի: Այսինքն՝ այսպես թե այնպես, նոր կառավարությունը պետք է նոր ծրագիր մշակի:
Իսկ ի՞նչն է խանգարում Սերժ Սարգսյանին ավելորդ ժամանակ ու ջանքեր ծախսելու փոխարեն՝ ամբողջությամբ ընդունել քառյակի ներկայացրած ծրագիրը:

Դրանում կետեր են լինելու, որոնք վնասելու են, ասենք, արագաչափերի ու կարմիր գծերի կիրառումից ստացվող գերշահույթների՞ն, առաջարկվելու է կասեցնել պարտադիր կուտակային  կենսաթոշակային օրենքն ամբողջությա՞մբ՝ տարեկան զրկելով 150 միլիոն դոլարից, իշխանությանն ու մերձիշխանական օլիգարխներին բաժին հասնող էլի ինչ-որ գումարնե՞ր են կրճատվելու: Ասենք թե: Հետո՞: Որքա՞ն է կազմելու այդ ծրագրի ընդունումից՝ գործող իշխանության կրած վնասը: 500 միլիոն դոլա՞ր, 1 միլիա՞րդ: Ի՞նչ է պատահել: Եթե դա այն գինն է, որն իշխանությունը պետք է վճարի ընդդիմության անվան տակ հանդես եկող ուժերին վերջնականապես չեզոքացնելու կամ իր «գիրկն ընդունելու» համար, մի՞թե դա մեծ գումար է: Նույնիսկ փոքր է:

Serj Sargsyan-HJD

Իսկ որ քառյակի առաջարկությունն ընդունելու դեպքում Սերժ Սարգսյանը կարող է լուծել այդ խնդիրները, կասկածից վեր է: Պատկերացրեք՝ իրադարձությունները զարգանում են հետևյալ կերպ. կիրակի օրը քառյակը հրապարակում է իր ծրագիրը, երկուշաբթի օրը Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ պատրաստ է ամբողջությամբ ընդունել այդ ծրագիրը, և բոլորին հրավիրում է կառավարություն՝ «միասին աշխատելու»: Իհարկե, պայմանով, որ կառավարությունում ՀՀԿ-ն մեծամասնություն է ունենալու, ինչի մասին խոսում ու ինչի իրավունքն ընդունում է նաև ԲՀԿ-ն:

«Գոյություն ունի խորհրդարանական մեծամասնություն, դու չես կարող  իրականացնել այլ ծրագիր, քան խորհրդարանական մեծամասնությունն  ունի: Մենք հորդորում ենք խորհրդարանական մեծամասնությանը՝ ավելի լավ ծրագիր իրականացնել: Այսինքն, եթե մեզ առաջարկում են՝ եկեք դուք արեք, գոյություն ունի խորհրդարանական ծրագիր, որը թույլ չի տա, որ մենք մեր ծրագիրն անենք»,- ասում է Ստեփան Մարգարյանը:

Իսկ ի՞նչ կլինի այն դեպքում, եթե, կրկնում ենք, Սերժ Սարգսյանը հայտարարի, որ ընդունում է քառյակի հորդորը և առաջարկում է միասին իրականացնել այդ ծրագիրը: Տարբերակները շատ չեն. կամ քառյակն ամբողջությամբ ընդունում է առաջարկը և մաս է կազմում կառավարությանը՝ կազմակերպելով Հայաստանում ընդդիմության հուղարկավորությունը, կամ քառյակը դառնում է բառի բուն իմաստով մարգինալ՝ հասարակությանն ու աշխահին ստիպելով մտածել այդ ուժերի ներկայացուցիչների մեղսունակության մասին: Քանի որ, եթե պահանջում ես ինչ-որ բան, որի առաջարկից հրաժարվում ես, ապա համարժեքության հետ խնդիրներ կան: Իհարկե, շատ ավելի հավանական է միջանկյալ տարբերակը. ասենք՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ընդունում են առաջարկը, Րաֆֆի Հովհաննիսյանը չի ընդունում հրավերն ուղղակիորեն, բայց Սերժ Սարգսյանի հետ մասնակցում է պատարագի ու մեկնում Ռոստով՝ Յանուկովիչից հաղթանակը բերելու, իսկ ՀԱԿ-ը վերանվանվում է «Սմբատ Կարախանյանից քաշվածների» ակումբ ու զբաղվում քաղաքագիտական վերլուծությամբ:

Իհարկե, կա նաև այն տարբերակը, որ իշխանությունը՝ Սերժ Սարգսյանը, չընդունի քառյակի ծրագիրը ու, ինչպես Ստեփան Մարգարյանն է ասում՝ «առնվազն քաղաքական լուրջ ընդվզում տեղի կունենա, պահանջները կլինեն շատ ավելի ռադիկալ»: Բայց այս դեպքում տեղին է մեջբերել հենց Սերժ Սարգսյանին՝ չընդունի, որ ի՞նչ անի: Այն դեպքում, երբ ակնհայտ է, որ քառյակի առաջարկությունն ընդունելով՝ «ինչքան կուզի՝ կխփի»:

Տեսանյութեր

Լրահոս