Հրաշալի քառյակի հրաշալի նվերը Սերժ Սարգսյանին

Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության շուրջ ոչ իշխանական ուժերի միջև ձեռք բերված համաձայնությունը, անկախ ամեն ինչից, կարող է փոխել իրավիճակը Հայաստանի քաղաքական կյանքում: Բացառված չէ, որ հրաշալի քառյակի գործողությունների արդյունքում փոխվեն նաև կառավարությունն ու վարչապետը: Սակայն այս հարցում կա մի նրբերանգ. փոխվելը՝ գուցեև փոխվի, սակայն ո՞վ կլինի փոխողը:

Հասկանալի է, որ ոչ իշխանական ուժերն իրենց գործողություններում ունեն և կարճաժամկետ, և երկարաժամկետ հաշվարկներ: Բայց նույնքան հասկանալի է, որ նույնպիսի հաշվարկներ ունի նաև իշխանությունը, նախագահ Սերժ Սարգսյանը, ում անունն, ի դեպ, հրաշալի քառյակի կոնսոլիդացիայի մեկնարկից ի վեր ոչ իշխանական ուժերի կողմից գրեթե չի հնչում. Տիգրան Սարգսյանի անվան հիշատակումների քանակին հակադարձ համեմատական կարգով՝ Ս. Սարգսյանի անունը սկսել է պակաս հնչել:
Բայց վերադառնանք ՝ քառյակի գործողություններին դիմակայելու՝ Սերժ Սարգսյանի հնարավոր հաշվարկին: Պարզ է, որ առաջին հերթին՝ իշխանությունը հիմնվելու է կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը կանխելու «մեխանիկական» քայլերի վրա՝ կոմպրոմատներ ոչ իշխանական ուժերի, հատկապես՝ գործարար պատգամավորների վրա, որպիսիք մեծամասնություն են կազմում ԲՀԿ-ում, գործարքներ ոչ այնքան գործարար, սակայն գործարարության հետևանքները վայելելու հարցում հմտացած պատգամավորների վրա, որպիսիք առկա են ՀՅԴ-ում ու ՀԱԿ-ում: Բայց այս քայլերից բացի՝ Սերժ Սարգսյանը կարող է ունենալ հրաշալի քառյակի դարակազմիկ փուչիկը պայթեցնելու ևս մեկ՝ քաղաքական քայլ, որը միանգամից մի քանի խնդիր կարող է լուծել: Խոսքն անձամբ կառավարությանն անվստահություն հայտնելու, կառավարությունը պաշտոնանկ անելու և նոր վարչապետ ու նոր կառավարություն նշանակելու մասին է: Մինչև հրաշալի քառյակի նախաձեռնության ներկայացումն Ազգային ժողովում: Դա, ինչպես հայտարարվել է, պաշտոնապես տեղի է ունենալու ապրիլի 28-30-ն ընդգրկող քառօրյայում: Այսինքն՝ Սերժ Սարգսյանն ունի ոչ ավել, ոչ պակաս, մեկ ամիս: Ընդ որում, դա այն ժամանակահատվածն է, որը համընկնում է հենց Ս. Սարգսյանի կողմից կառավարությունից «զաչոտ» ընդունելու ժամկետին: Հիշեցնենք, որ անցած տարի Ս. Սարգսյանը հայտարարել էր, թե այն կառավարությունը, որ չի ապահովի 7 տոկոս տնտեսական աճ, իրավունք չունի պաշտոնավարելու, և որևէ բացատրություն չի ընդունվելու: Արդեն անցած տարվա վերջին, այս տարվա սկզբին, երբ հայտնի դարձավ, որ անգամ պաշտոնական վիճակագրությունը չի կարողացել տնտեսական աճի կամ տնտեսական ակտիվության ցուցանիշը հասցնել գոնե 4 տոկոսի, հայտարարվեց, որ նախագահը կառավարության գործունեությանը գնահատական կտա մարտ ամսին, իսկ մինչ այդ կատարվելու են վերլուծություններ: Մարտ ամսվա ավարտին մնացել է 10 օր: Հայտնի չէ՝ Ս. Սարգսյանը հավատարիմ կմնա՞ իր խոստմանը և կառավարության գնահատականը կհնչեցնի հենց մարտի՞ն, բայց դա կարող է տեղի ունենալ նաև ապրիլի սկզբին, որևէ օր՝ մինչև ապրիլի 28-ը: Իսկ ստեղծված իրավիճակում ամենահամարժեք և ամենահավանական գնահատականը, որ Ս. Սարգսյանը կարող է տալ կառավարությանը, «անբավարարն» է: Այսպիսով՝ նա կլուծի մի քանի խնդիրներ: Նախ՝ հասարակության մեջ կուտակված դժգոհությունների հսկայական ալիքը ժամանակավորապես կհանդարտվի՝ փոփոխությունների և արմատական քայլերի պատրանք ստեղծելով՝ բոլոր դժբախտությունների մեղքը բարդելով Տիգրան Սարգսյանի և կառավարության վրա, կարող է լուծել իր իսկ թիմում առկա խնդիրները, որոնք ակումուլյացվում են հենց Տիգրան Սարգսյանի վարչապետության պատճառով: Եվ ամենակարևորը՝ հրաշալի քառյակին կդնի ծիծաղելի իրավիճակի մեջ: Քառյակը, ի դեպ, հայտարարում է, որ այս օրերին աշխատում է սոցիալ-տնտեսական ծրագրի վրա, որը պետք է հրապարակվի կառավարությանն անվստահություն հայտնելու հիմքերի հետ միաժամանակ՝ որպես նոր կառավարության գործունեության ծրագիր: Դա, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենալու ավելի վաղ, քան կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի բուն ներկայացումն Ազգային ժողովում: Ս. Սարգսյանը կարող է հայտարարել, որ նոր կառավարության հիմքում դնում է հենց այդ ծրագիրը, իսկ եթե անգամ դա հրապարակված չլինի, կարող է հայտարարել, որ պատրաստ է նոր կառավարության գործունեության ծրագիրն առավելագույնս կառուցել քառյակի ծրագրի հիման վրա: Քառյակի անդամների մի մասը ի դեպ, հայտարարում է, որ իրենց պաշտոն պետք չէ, որ այս գործընթացը սկսել են երկիրը փրկելու համար: Այդ դեպքում Ս. Սարգսյանը կարող է հայտարարել, որ երկրի փրկության ծրագիրն իրականացնում է սեփական կադրերով: Ու օգտագործելով խորհրդարանական սեփական մեծամասնությունը՝ վարչապետ նշանակել որևէ ՀՀԿ-ականի կամ ոչ ՀՀԿ-ականի՝ սկսած Հրայր Թովմասյանից՝ ի հեճուկս ՀՅԴ-ի, վերջացրած Արտաշես Գեղամյանով՝ ի հեճուկս ԲՀԿ-ի: Այդ դեպքում քառյակը գոնե հրապարակավ չի կարող հանդիմանել, քանի որ, կրկնում ենք, նրանք ի սկզբանե հայտարարում են, որ նպատակը ոչ թե պաշտոններ ստանալն է, այլ երկրի փրկությունը: Հանդիմանելու դեպքում ի ցույց կդրվի, որ իրենց նպատակը, այնուամենայնիվ, պաշտոններն էին:
Այս սցենարը Սերժ Սարգսյանի սեղանին կարող է լինել ցանկացած պահի, եթե արդեն իսկ այնտեղ չէ քառյակի կոնսոլիդացիայի մասին հայտարարության հաջորդ իսկ օրվանից: Ու դա ոչ թե Սերժ Սարգսյանի՝ հմուտ ու բազմաքայլ գործող քաղաքական գործիչ լինելու արժանիքն է, այլ իբրև թե նրա դեմ պայքարող քաղաքական ուժերի ապաշնորհությունը: Քանի որ նրանք մտել են մի գործընթացի մեջ, որը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս ցանկացած պահի մի հրամանագրով առնվազն միջանկյալ քաղաքական դիվիդենտներ ստանալ:
Ինչ վերաբերում է անձամբ Տիգրան Սարգսյանին, ում, ըստ տարբեր գնահատականների Ս. Սարգսյանը, այնուամենայնիվ, չի ցանկանում պաշտոնանկ անել և գուցե պատրաստում է՝ որպես նախագահի հաջորդ թեկնածու, ապա, եթե դա իսկապես այդպես է, նրան պաշտոնանկ անելու հրամանագիրը կարող է ստորագրել ապրիլի 1-ին, իսկ հաջորդ օրը հայտարարել, որ դա կատակ էր: Անլո՞ւրջ է թվում:  Գուցե: Սակայն ոչ ավելի անլուրջ, քան կառավարությանն անվստահություն հայտնելու միջոցով ամբողջական իշխանափոխություն իրականացնելու՝ քառյակի խոստումները:

Տեսանյութեր

Լրահոս