ԲՀԿ-ի պահանջներից մեկն էլ ՕԵԿ-ի՝ կառավարությունում չլինելն է. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Տիգրան Սարգսյանի անակնկալ հրաժարականից նրա նախկին ենթակաները՝ նախարարների պաշտոնակատարները, դեռ ուշքի չեն եկել, նրանք երեկ կառավարության նիստին շփոթված էին: Նախկին շաղակրատներն այս անգամ կտրականապես հրաժարվում էին խոսել և հայտարարում էին, որ չգիտեն կառավարության հանկարծակի փլուզման պատճառը, իրենց հետագա ճակատագրի ու գալիքի հարցում անորոշության մեջ էին: Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Տիգրան Սարգսյանի հեռանալու ու իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ հարցերին նախընտրեց պատասխանել մի բառով՝ հետո: «Անորո՞շ է Ձեր ճակատագիրը» հարցին պատասխանելու փոխարեն սուսուփուս նստեց մեքենան: Արտգործնախարար Էդիկ Նալբանդյանը նույնիսկ շունչն էր պահել, դեմքի միմիկան անգամ չփոխեց:
Քաղաքաշինության ՕԵԿ-ական նախարար Սամվել Թադևոսյանն էլ սահմանափակվեց՝ «այսօր ոչինչ չեմ ասելու» համառոտ նախադասությամբ: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նույնպես պապանձվել էր: Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ով ունակ է անսպառ խոսել, երբեմն էլ քիչիկ մը ընդդիմադիրի կեցվածք ընդունել, այս անգամ կարճ կապեց. «Չեմ ուզում պատասխանեմ»: «Հեռանալո՞ւ է վարչապետի թիմի հետ» հարցին արձագանքեց նույն կերպ. «Չէ, որովհետև էդ հարցերին պատասխանելու բան չկա, չեմ ուզում պատասխանել, էդ իրավունքն ունե՞մ՝ գոնե մեկ անգամ»: Ի տարբերություն վերը թվարկվածների, սպորտի նախարար Յուրի Վարդանյանն իր հեղինակավոր կարծիքը չխնայեց: Մեր հարցին, թե կառավարության հրաժարականի անհրաժեշտությունը հասունացե՞լ էր, պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ հասունացել էր, նորմալ հունով աշխատում էինք, բայց ինչ պատահեց՝ պատահեց, համենայնդեպս, ինձ համար անակնկալ էր վարչապետի հրաժարականը»:

Այդ պահին ՀՀԿ-ի հայտնի տատիկն իր սպառնալից ձեռնափայտով մոտեցավ ու թևանցուկ արեց նախարարին, որ լրագրողներից պաշտպանի: Եվ ողջ զրույցի ընթացքում հուշում ու լրացնում էր Յուրի Վարդանյանի ասելիքը, ինչից նախարարը չէր էլ նեղվում, ավելին՝ անկաշկանդ ցիտում էր իր տարեց ռեֆերենտին: «Կշարունակի՞ պաշտոնավարել, թե՞ ճամպրուկն է կապելու» հարցի պատասխանը թողեց «վերևների» հայեցողությանը. «Ինչպես ինձանից վերևները կորոշեն, այդպես էլ կլինի, եթե իմ կարծիքն եք հարցնում, ոչ մի նախադրյալ էլ չկա, որ չմնամ»: Կարծիք հայտնեց, որ վարչապետի հրաժարականի հետ խորհրդարանական քառյակի ճնշումները կապ չունեն. «Հիմի ենթադրություններ հազար ու մի ձևի կարելի է անել, բայց վեց տարի վարչապետ աշխատելը… ես արդեն մեկ տարի է՝ աշխատում եմ վարչապետի հետ և տեսնում եմ, թե ինչ տաժանակիր աշխատանք է վարչապետի աշխատանքը, ես իմ մտերիմ հարազատին, որևիցե իմ գիտեցածին խորհուրդ չեմ տա, որ գա, վարչապետ աշխատի»: Նա թվարկեց վարչապետի թեկնածուների այն անունները, որոնք ընդունելի է համարում՝ Հովիկ Աբրահամյան, Սեյրան Օհանյան… Եթե տեսել է վարչապետի տաժանակիր աշխատանքի ծանրությունը, ապա այն էլ այս տնտեսական անկման պայմաններում ինչպիսի՞ վարչապետ է անհրաժեշտ համարում: Մինչ վարչապետի թեկնածուին նկարագրելը, նախ տնտեսական վիճակի պատճառները քննարկեց. «Գիտե՞ք ինչի համար է ծանր ՀՀ վիճակը, դա առաջնահերթ պայմանավորված է մեր ընդհանուր աշխարհագրական դիրքով, մեր հարևաններով…»: Եվ մինչ միտքը կավարտեր, տատիկը լրացրեց՝ «բլոկադայով…»:

«Այո, նաև բլոկադայով,-շարունակեց Յուրի Վարդանյանը։- Բա դրանով է պայմանավորված, դուք գիտեք, որ բերեցինք լավ վարչապետ, լավ նախագահ, մեր վիճակը լավանալո՞ւ է, բացարձակապես ոչ: Իհարկե, փոփոխություններ կլինեն՝ դրական, չէի ցանկանա բացասականը, բայց գլոբալ եմ ուզում, աշխարհի ամենալավ քաղաքական գործչին էլ բեր դիր, որ մենք էս աշխարհագրական դիրքն ունենք, չեմ կարծում, որ մեր երկիրը բարվոք կլինի»:
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կառավարության փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ հարցն իր խնդիրը չի համարում, գնացողների հետևից էլ խոսել չի սիրում: Գլխի գալիքի կապակցությամբ հավատացրեց՝ ոչինչ չգիտի: «Չգիտեմ, որովհետև չեմ ուզում իմանամ, դա ինձ չի հետաքրքրում»: Ինչպես իր կոլեգան, փաստեց, որ որոշումը կայացվում է վերևում. «Այնպես չի, որ ես կարծում եմ, որ ամբողջ կյանքս պիտի լինեմ արտակարգ իրավիճակների նախարար՝ ինչպես որոշեն»: Ի դեպ, այս օրերին լուրեր են շրջանառվում, որ նոր ձևավորվող կառավարության շուրջ բանակցող ԲՀԿ-ի պահանջներից մեկն էլ ՕԵԿ-ի՝ կառավարությունում չլինելն է: Այս տեղեկության վերաբերյալ ասաց. «Դա ԲՀԿ-ի խնդիրն է, ոչինչ չեմ կարող ասել, իրենց հարցրեք»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս