ՀՀ Ազգային Ժողով կներկայացվեն Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի առաջարկությունները
ՀՀ կառավարության այսօրվա նիստը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: Նիստում գործադիրը հավանություն է տվել ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որը մշակվել է ի կատարումն Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) առաջարկության: ՀՀ ընտրական օրենսգիրքը չի սահմանում կառուցակարգ առ այն, որ կուսակցության ներկայացրած հաշիվները չի վերանայի նույն կուսակցության ներկայացրած աուդիտորը: ԳՐԵԿՈ-ն Հայաստանի իշխանությանը կոչ է արել մինչև 2014թ. հունիսի 30-ը վերանայել համապատասխան նորմերի բովանդակությունը: Եվ ահա ՀՀ ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասում առաջարկվում է ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Սույն մասում նշված աուդիտորների վերահսկողական իրավասությունը չի տարածվում իրենց նշանակած խմբակցությունների մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ»:
Կառավարության հավանությունն է ստացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու ևս մի օրինագիծ, որը նույնպես առաջարկվել է ԳՐԵԿՈ-ի կողմից: Հաշվի առնելով քաղաքական ֆինանսական բնույթի իրավախախտման առանձնահատկություններն ու բացահայտման բարդությունը և դրանով պայմանավորված մեկ տարվա վաղեմության ժամկետ նախատեսելու աննպատակահարմարությունը, առաջարկվում է նախատեսել վարչական պատասխանատվության ենթարկվելու երկու տարվա վաղեմության ժամկետ:
Նիստում հավանություն է տրվել «Այլընրանքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրինագծին, որի ընդունմամբ կհստակեցվի այլընտրանքային ծառայության դիմումի ներկայացման ժամկետի և դրա քննարկման արդյունքով զորակոչիկի կարգավիճակը: Դա էլ իր հերթին կնպաստի այլընտրանքային ծառայության կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունների լիարժեք կարգավորմանը