Նաիրա Զոհրաբյան. ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի խորհրդարանին եւս ժողովրդավարության գործընկերոջ կարգավիճակ պետք է տա

Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի այսօրվա լիագումար նիստում Հայաստանի պատվիրակ, Ազգային ժողովի ԲՀԿ  խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանին եւս ժողովրդավարության գործընկերոջ կարգավիճակ տալու հարցը, հաղորդում է «Փաստինֆո»-ն:

«Որեւէ փաստարկված պատճառաբանություն, թե ինչո՞ւ Պաղեստինի խորհրդարանը կարող է ստանալ նման կարգավիճակ, իսկ Լեռնային Ղարաբաղի հանրապետության խորհրդարանը՝ ոչ, չկա: Կամ, երբ մենք ընդունում ենք, որ Կոսովոյին առնչվող հարցերի քննարկման ժամանակ այդ երկրի խորհրդարանի  ներկայացուցիչները պետք է հրավիրվեն այդ քննարկումներին, ինչո՞ւ ենք խուսափում նույն մոտեցումը կիրառել նաեւ Լեռնային Ղարաբաղի դեպքում։ Դա կլիներ իրապես արդար որոշում»,-ընդգծել է նա։

Ն.Զոհրաբյանը հորդորել է Լեռնային Ղարաբաղի  հարցով ինչ-որ անհասկանալի ենթահանձնաժողով ստեղծելու փոխարեն հրավիրել այդ երկրի խորհրդարանի ներկայացուցիչներին։

«Վստահ եմ, նրանց լսելուց հետո որեւէ ենթահանձնաժողովի կարիք հաստատապես չի լինի»,-հայտարարել է հայ պատվիարկը՝ կրկին անգամ հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կամովին ստանձնել է ԵԽ բազմաթիվ պարտավորություններ՝ միակողմանի միանալով միջազգային տարբեր կոնվենցիաների՝ հավաստելով իր հավատարմությունը եվրոպական արժեքներին:

«Ի վերջո, չկարգավորված հակամարտությունը չպիտի պատճառ դառնա ոտնահարելու Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքները։ Խաղաղ ու անվտանգ եվրոպա, խաղաղ ու անվտանգ աշխարհ ունենալու երաշխիքը ժողովրդավարական արժեքների շուրջ հնարավորինս մեծ թվով երկրների համախմբումն է։ Մինչդեռ, երկակի ստանդարտների կիրառումը  կարող է բերել համաեվրոպական արժեքների ճգնաժամի»,-ընդգծել է Ն.Զոհրաբյանը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս