Կառավարության փոփոխությունը ներքին սպառման համար է. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է.

«ՀՀ վարչապետի փոփոխությունը բացառապես ներքին սպառման համար էր, ուստի սրանում պետք չէ տեսնել Մոսկվայի «մատը»: Այս մասին այսօր ասաց ռուսաստանցի վերլուծաբան, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառներին, մասնավորապես, այն պնդմանը, թե հրաժարականը պարտադրված էր Մոսկվայի կողմից: Սերգեյ Մարկեդոնովն ասաց, որ ստացվում է՝ հետխորհրդային տարածքում տեղի ունեցող բոլոր փոփոխությունների մեղավորը Կրե՞մլն է, ի՞նչ է՝ Հայաստանում չկա՞ սոցիալ-տնտեսական դժգոհություն. իհարկե՝ կա: Նա հիշեցրեց, որ Հայաստանում նախորդ տարի անցկացվեցին նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում ընդդիմությունը ստացավ հանրության քվեի գրեթե 37%-ը՝ այն դեպքում, երբ դրա կեսն էլ նախորդ ընտրություններում չէր հավաքվում: Պատճառն այն է, որ հասարակության շրջանում դժգոհությունը շատ մեծ է: Շատերը ընդդիմադիր առաջնորդի օգտին քվեարկեցին հենց այդ դժգոհությունից ելնելով, ՏԻՄ ընտրություններին՝ ևս, թեև քաղաքապետի ընտրություններն այնքան արդյունավետ չէին ընդդիմության համար, սակայն ամեն դեպքում դարձյալ շատ էին քվեարկել ընդդիմության օգտին: Սրանից ելնելով՝ Մարկեդոնովը եզրակացրեց, որ դժգոհությունը մեծ է, իսկ դժգոհությունը հիմնականում կենտրոնանում է ոչ թե երկրի առաջին դեմքի, այլ կառավարության շուրջ, որն իրականացնում է սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: «Ես տեսնում եմ, որ ՀՀ նախագահը պարզապես փորձում է կանխել ներքաղաքական ներկայիս գործընթացների զարգացումն ապագայում և ցույց տալ, թե ինքն էլ է ձգտում և փոխում է երկրում ստեղծված իրավիճակը՝ վարչապետի պաշտոնում նշանակելով ավելի բանիմաց մասնագետի, որպեսզի լուծի երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրները, դուրս մղի դժգոհությունն իրենից, այսինքն՝ ես եմ նախագահը, ես ամեն ինչ վերահսկում եմ: Սա է, ըստ իս, իրողությունը, ինչո՞ւ են սրանում Կրեմլին տեսնում: Իհարկե, Ռուսաստանում Տիգրան Սարգսյանն ուներ որոշակիորեն բացասական հեղինակություն, նա հանդես էր եկել ՄՄ անդամակցության դեմ, բայց չէ՞ որ այդ հարցը լուծվել է: Ավելին՝ ՀՀ նախագահը Ղրիմի հարցում աջակցել է Մոսկվային, ինչը նույնիսկ 2008թ. չի եղել: Ես պատճառներ չեմ տեսնում, որպեսզի Մոսկվան հիմա իր դժգոհությունն արտահայտեր Սարգսյանի նկատմամբ: Այդ դժգոհությունը հնարավոր է՝ արտահայտվեր նախորդ տարի, երբ Տ. Սարգսյանը դեմ էր արտահայտվում ՄՄ-ին: Եթե Սարգսյանն այդ ժամանակ հրաժարական տար, ապա կարելի էր ենթադրել, որ Կրեմլը ճնշումներ է բանեցնում, բայց հիմա դա անիմաստ է: Ուստի, իմ համոզմամբ, խնդիրը ներքին է և ոչ՝ արտաքին: Կա դժգոհություն, սոցիալ-տնտեսական իրավիճակը բարդ է՝ պետք է փոխել կառավարությունը»,- մեկնաբանեց Սերգեյ Մարկեդոնովը՝ շարունակելով, որ Ռուսաստանում ևս շատ են խոսակցությունները, թե Պուտինը զրպարտում է կառավարությանը և հնարավոր է՝ կառավարություն փոխվի, բայց հիմա դրա իմաստը չկա, քանի որ Պուտինի վարկանիշը բարձրացել է: Միգուցե երկու տարի հետո անհրաժեշտություն առաջանա նաև ՌԴ-ում կառավարություն փոխելու: Ռուսաստանցի վերլուծաբանի կարծիքով՝ վարչապետի աշխատանքը բավականին վտանգավոր է, որովհետև երկրում տեղի ունեցողի պատասխանատվության մի մեծ բաժինը դրվում է վարչապետի ուսերին, և համապատասխանաբար պատասխանատվության է ենթարկվում առաջին հերթին վարչապետը: Ուստի, նրա խոսքով, քանի որ Հայաստանում էլ կա մեծ դժգոհություն, պետք է փոխել կառավարությանը՝ հեռացնելու համար այդ դժգոհությունը նախագահից»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս