Քանի դեռ ԼՂ կոնֆլիկտն իր նշանակությունը չի կորցրել, Հայաստանը ստիպված կլինի անել այն, ինչ ցանկալի է Մոսկվային. «Ժամանակ»
«Ժամանակի» զրուցակիցն է Բեռլինի Եվրոպական ակադեմիայի նախագահ, պրոֆեսոր Էքարթ Դ. Շտրատենշուլտեն:
– Հաշվի առնելով Ուկրաինայի նախադեպը՝ ինչպե՞ս կարող են Արևելյան գործընկերության անդամ մյուս երկրներն իրենց հարաբերությունները Եվրամիության հետ խորացնել, երբ ռուսական սպառնալիքներից և ճնշումներից որևէ ձևով ԵՄ-ն չի կարողանում պաշտպանել այնպիսի երկրների, ինչպիսին է Հայաստանը, վաղը կլինի Մոլդովան, հետո՝ Վրաստանը:
– Արևելյան գործընկերությունը պաշտպանության մագնիս չէ: Ծրագիրը երբևիցե իր մեջ չի ներառել անդամ երկրների համար ռազմական անվտանգություն ապահովելու բաղադրիչ: Գործընկերությունը կորպորատիվ առաջարկ է, որն անդամ երկրներին մերձեցնում է Եվրամիության հետ: Այն կարելի է ընդունել՝ ինչպես Վրաստանի ու Մոլդովայի պարագայում, կարելի է նաև մերժել՝ ինչպես արեց Հայաստանը՝ նախընտրելով Եվրասիական ու Մաքսային միությունը:
– Ի՞նչ է, Հայաստանն այլընտրա՞նք ուներ:
– Հայաստանի պարագայում իրադրությունն իրականում շատ բարդ է: Սակայն դա ոչ թե Արևելյան գործընկերության հետ է կապված, այլ՝ որ Ռուսաստանը համարվում է Հայաստանի անվտանգության երաշխավորը: Քանի դեռ Ռուսաստանը սպառնում է Հայաստանին, թե՝ հարկ եղած դեպքում կարող է այլևս հրաժարվել Հայաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրելուց, ինչն էլ իր հերթին կբերի Ադրբեջանի հետ բախման, և քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր նշանակությունը չի կորցրել, Հայաստանը ստիպված կլինի լսել ու անել այն, ինչ ցանկալի է Մոսկվային: Այս պարագայում Հայաստանն այդքան էլ այլընտրանքներ չունի:
– Ստացվում է, որ Արևելյան գործընկերության ծրագիրն իր նշանակությունն ամբողջովին կորցրե՞լ է Հայաստանի համար:
– Իհարկե՝ այո:
– Իհարկե՝ այո, քանի որ ԵՄ-ն չկարողացա՞վ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել:
– Ոչ, քանի որ Ռուսաստանի առաջարկած ինտեգրման փաթեթն առավել հետաքրքրական էր Հայաստանի համար, քանի որ դրանում ներառվում է նաև անվտանգության երաշխիքի բաղադրիչ (Հայաստանը նաև ռազմական դաշինքի մեջ է ՀԱՊԿ-ի հետ), ինչը Արևմուտքը չի կարող և չի ցանկանում առաջարկել: Այսպիսով՝ Հայաստանն ընտրեց սեղանի վրա դրված երկու առաջարկներից այն, ինչը ներկայում առավել արդյունավետ կարող է լինել իր համար:
– Իսկ բավարա՞ր եք համարում, մասնավորապես, Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի՝ հայաստանյան հասարակության հետ տարված աշխատանքը:
– Դա սարսափելի ձախողում էր: Ես այն համարում եմ Եվրամիության դիվանագիտական կոպիտ սխալը: Ասոցացման համաձայնագիրը չի կարող հրապարակվել մինչ դրա ստորագրումը, սակայն Հայաստանի հասարակությանը պետք է հստակ բացատրություն տրվեր, հանրությանը լիակատար տեղեկատվություն տրամադրվեր, թե ինչ է իրականում նշանակում Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, իսկ հետո կյանքի կոչվեր Հայաստանի ու հայաստանյան հասարակության համար: Եվրամիությունը չկարողացավ իր սեփական առաջակը տեղ հասցնել:
– Որքանո՞վ է Հայաստանը շարունակում մնալ Եվրամիության հետաքրքրությունների շրջանակում:
– Մենք չենք կարող հիասթափված սիրեցյալի նման Հայաստանին մեջքով շրջվել: Ես տեղյակ եմ, որ Եվրամիությունն ամենաբարձր մակարդակով աշխատում է նոր նախաձեռնությունների շուրջ, թե համագործակցության ինչ նոր հնարավորություններ կարող են գտնվել, որոնք ընդունելի կլինեն Հայաստանի համար:
– Սակայն եվրոպացի որոշ պաշտոնյաներ քաղաքական այլ գնահատականներ են տալիս: Նկատի ունեմ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտին, ով հայտարարել էր, թե Հայաստանն արդեն այլ լիգայից է, քանի որ ՄԱԿ-ում պաշտպանել է Ռուսաստանին:
– Սա ուղղակի մի կարծիք է, ինչն այնքան էլ այդպես չէ: Ճիշտ է, Հայաստանն արդեն այլ լիգայից է, սակայն, ինչպես արդեն խոսել ենք այդ մասին, ոչ իր կամքով, այլ Պուտինի սպառնալիքների ներքո. Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, գոյություն ունի չլուծված հակամարտություն, ադրբեջանական ագրեսիա և այլն: Ահա այս պարագայում, կրկնում եմ, Հայաստանն ընտրության լայն հնարավորություն չուներ, այդ թվում նաև՝ ՄԱԿ-ում:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։