Հ. Ալումյան. Հայաստանի Հանրապետությունում ո՞վ կարող է դատարանի որոշմանն ի պատասխան ասել՝ չեմ տրամադրելու

Քրեական վերաքննիչ դատարանում այսօր շարունակվում էր Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը: Նա բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով դատարանը կասեցրել էր նրա երեք բողոքների քննությունը: Քննիչը հրաժարվել էր դատարան ներկայացնել քրեական գործի բոլոր նյութերը, ինչը դատավորը անհաղթահարելի ուժ էր համարել:

Հայկ Ալումյանն այսօր վերաքննիչ դատարանում՝ ի պատասխան դատավորի հարցին, ասաց, որ քննիչը չի կարող ասել, թե բոլոր դեպքերում քրեական գործի նյութերը չի ներկայացնելու դատարան. «Քննիչն ասում է՝ ես այդպիսի պարտականություն չունեմ. բայց ինքը երբեք չի ասել, որ եթե դատարանն իրենց նյութերը պահանջի, ապա ինքը չի ներկայացնելու»:

Դատավորի նախաքննությունն իրականացնող մարմնից հետաքրքրվեց՝ եթե վերաքննիչ դատարանը վերացնի առաջին ատյանի որոշումը, բողոքն ուղարկի առաջին ատյանի դատարան ըստ էության քննելու, դատարանն էլ ասի՝ նյութերը բերեք, իրենք քրեական գործի նյութերը կներկայացնե՞ն դատարան: Ի պատասպան քննիչ Արսեն Մովսիսյանն ասաց, որ չեն ցանկանում կանխակալ դիրքորոշում հայտնել մինչև դատարանի որոշումը:

Հայկ Ալումյանն առարկեց դատավորի գործողությունների դեմ. «Դուք մի հարց եք տալիս, որով դատարանի հեղինակությունը կասկածի տակ եք դնում»: «Դուք ի՞նչ հարց տվեցիք հենց նոր: Դուք ասում եք՝ եթե դատարանը որոշի նյութերը տրամադրել, դուք կտրամադրե՞ք, թե՞ ոչ: Ի՞նչ է նշանակում: Հայաստանի Հանրապետությունում ո՞վ կարող է դատարանի որոշմանն ի պատասխան ասել՝ չեմ տրամադրելու: Մենք ի՞նչ է՝ այս գործով ամեն տեղ պետք է բացառություններ անե՞նք, այս ի՞նչ գործ է»,- ասաց Հ. Ալումյանը:

Դատավորի պարզաբանմանը, որ ինքը կանխակալ ցանկություն չունի որևէ բան ասելու, հարցը տալիս է քննիչին՝ ճշտելու համար նրանց դիրքորոշումը, Հ. Ալումյանն արձագանքեց. «Ինչպե՞ս կարող եք Դուք այդ հարցով դիրքրոշում ճշտել: Դուք գիտե՞ք՝ ի՞նչ դիրքորոշում եք ճշտում: Դուք դիրքորոշում եք ճշտում՝ եթե դատարանը որոշեց նյութերը բերել, ձեր դիրքորոշումը ո՞րն է, բերելո՞ւ եք, թե՞ ոչ»:

Դատավորն էլ նշեց, որ ինքը չի ուզում՝ գործը փակուղի մտնի, ինչին ի պատասխան Հայկ Ալումյանը հայտարարեց. «Չի կարող փակուղի մտնել: Ինչպե՞ս: Ուրեմն փակուղի է, եթե դատարանն ասաց՝ նյութերը բերեք, Դուք գտնում եք, որ քննիչը կարող է նյութերը չբերե՞լ»:

Փաստաբանը նշեց, որ չի հասկանում՝ դատարանի հարցի իմաստը. «Դուք ի՞նչ եք հարցնում քննիչին: Ասում եք՝ նյութերը բերելո՞ւ ես, թե՞ ոչ: Դուք ինչպե՞ս եք քննիչին նույնիսկ այդպիսի ենթադրության տեղ թողնում, որ կարող է դատարանը նյութեր ուզի ու ինքը չբերի՞»: Հայկ Ալումյանն ասաց, որ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշումը չկատարելը հանցագործություն է:

Դատախազ Կարեն Հարությունյանն ասաց, որ առաջին ատյանի դատարանը ճիշտ որոշում չի կայացրել՝ կասեցնելով Հ. Ալումյանի բողոքի քննությունը: Նա նշեց, որ դատարանը պետք է որոշում կայացներ բողոքը բավարարելու կամ մերժելու մասին:

Դատախազն ասաց, որ այն ապացույցները, որոնք քննիչի համար հիմք են հանդիսացել կայացնելու իր որոշումները, ներկայացվել են դատարան: Նա նշեց, որ այս գործով նախաքննությունը շարունակվում է, Հայկ Ալումյանը գործով մեղադրյալ Արտակ Բուդաղյանի շահերի պաշտպանն է և սահմանված չէ որևէ նորմ, որ նախաքննության փուլում պաշտպանին տրամադրվեն գործի բոլոր նյութերը:

Հայկ Ալումյանը բողոքարկել էր քննիչի որոշումները, որով կասեցվել էր քրեական հետապնդումը Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և նրա թիկնապահի՝ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ, բացի այդ՝ քննիչը գտել էր, որ հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանը դեպքի օրը Քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ է արել: Առաջին ատյանի դատավարանի դատավորը կասեցրել էր բողոքների քննությունը՝ քննիչի կողմից քրեական գործի բոլոր նյութերը չներկայացնելը դիտելով որպես անհաղթահարելի ուժ:

Տեսանյութեր

Լրահոս