Ընտրելով նոր վարչապետ՝ Սերժ Սարգսյանն ընտրելու է իր հետնորդին

Հարցազրույց Ռուսաստանի Դաշնության առաջին կարգի պետական խորհրդական,
REX գործակալության ղեկավար, հայտնի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ

– Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը թեև պահանջված էր, բայց շատ անսպասելի: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս իրողությունը, և ո՞րն էր դրա պատճառը:

– Ես կարծում եմ, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականի գլխավոր պատճառը պետք է փնտրել Հայաստանի ներսում՝ գիտակցելով, որ ՀՀ կառավարության գլխավոր իրավասությունը, այսինքն՝ սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, զգալիորեն փոխվելու է` Մաքսային միությանն անդամակցելուց հետո: Տիգրան Սարգսյանը հայտնի է` որպես Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության սկզբունքային և հետևողական հակառակորդ, չնայած սեպտեմբերի 3-ից հետո` որպես չինովնիկ, ենթարկվեց ընդունված որոշմանը:

Մաքսային միության մեջ հաջողությամբ աշխատելու համար հարկավոր է առաջին հերթին` հրաժարվել այդ միության ներքին ընդդիմությունից: Ճի՞շտ է: Եթե մտնում ես ջուրը, լողա, եթե վախենում ես ջուրը մտնել, մի մտիր ջուրը: Ամեն ինչ շատ պարզ է: Դա՝ առաջին հերթին: Երկրորդ՝ ՀՀ պայմաններում կառավարության ղեկավարի պաշտոնն ավանդաբար դիտարկվում է որպես հարթակ` նախագահի աթոռին հավակնելու համար: Հետաևաբար, հեշտ է ենթադրել, որ նոր վարչապետի թեկնածուն ընդունվելու է` որպես Սերժ Սարգսյանի հետնորդ, ժառանգ:

Կարդացեք նաև

Բայց ես շատ լուրջ եմ վերաբերվում օրերս Բրյուսելում Տիգրան Սարգսյանի ելույթին և նրա հայտարարությանը, որ Հայաստանին անհրաժեշտ է ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը: Ավելին՝ երեկ պարզվեց, որ այդ հայտարարությամբ հանդես գալով Բրյուսելում` Տիգրան Սարգսյանն արդեն հրաժարական էր ներկայացրել, իսկ Սերժ Սարգսյանը նրան խնդրել էր ինչ-ինչ պատճառներով սպասել մի քիչ: Հետևաբար` այդ հայտարարությունն արել է ոչ թե այն պատճառով, որ ինքն է այդպես մտածել, այլ` ՀՀ նախագահի հետ համաձայնեցնելով:

Եվ այդ հայտարարությունն ունի իր գործառույթները` հաստատելու, չնայած Մաքսային միությանն անդամակցության գործընթացին, Հայաստանի` դեռևս ոչ ամբողջովին կողմնորոշված լինելու մասին: Այդ պատճառով ես մտածում եմ, որ եթե Տիգրան Սարգսյանը չուզենա վերջնականապես մեկնել Իսպանիա, զբաղվել իր բիզնեսով, ընտանիքով և այլն, ապա որպես քաղաքական գործիչ` նա կստանա որևէ յուրահատուկ դերակատարություն արտաքին քաղաքականության մեջ և ՄՄ-ի հանդեպ արտաքին տնտեսական քաղաքականության կապերի առումով: Այդ պատճառով, ես կարծում եմ, որ Տիգրան Սարգսյանն ապագա ունի, պետք է ունենա, այլապես չէր հնչեցնի այդքան պատասխանատու հայտարարություններ:

– Այսինքն` ըստ Ձեզ, Տիգրան Սարգսյանը կմնա Հայաստանում և այսուհետ կզբաղվի քաղաքականությա՞մբ, թե՞, այնուամենայնիվ, կհամաձայնի որևէ միջազգային կառույցում պատասխանատու պաշտոն ստանձնել: Խոսվում է, որ Համաշխարհային բանկում են աշխատանք առաջարկում:

– Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանին դա պետք է և կարևոր է նրա համար: Միակ բանը, որ կարող է Տիգրան Սարգսյանին ստիպել մեկնել Իսպանիա, դա նրա անձնական հոգնածությունն է, բայց որպես քաղաքական գործիչ` նա, ակնհայտ է, որ չի հոգնել: Ես ենթադրում եմ, որ իր փորձով, կշռով, երիտասարդությամբ, արդյունավետությամբ` Տիգրան Սարգսյանը հեշտորեն կարող է փոխարինել և՛ Րաֆֆի Հովհաննիսյանին, և՛ Վարդան Օսկանյանին, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին, և՛ մյուս բոլոր ընդդիմադիր գործիչներին` նրանցից վերցնելով ընդդիմության «պաշտոնը»:

– Բայց հրաժարվելով վարչապետությունից` նա, ըստ էության, զրկվում է որևէ քաղաքական հենարանից:

– Եթե Տիգրան Սարգսյանը ստանա Սերժ Սարգսյանի համաձայնությունը և ցանկանա զբաղվել որևէ պետական գործունեությամբ, ապա նա հեշտորեն կարող է կլանել ընդդիմության և՛ ընտրազանգվածը, և՛ կադրերը:

– Ինչպե՞ս պետք է Տիգրան Սարգսյանն ընդդիմադիր դիրքերում հաջողությամբ հանդես գա, եթե նրան դեմ է քաղաքացիական ակտիվ հասարակությունը, և նրա վարկանիշը բարձր չէ, իսկ պատճառները մի քանիսն են, միայն կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը շատ կտրուկ նվազեցրեց նրա վարկանիշը, դրանից առաջ օֆշորի պատմությունն էր, և այլն:

– Գուցե, բայց մի մոռացեք, որ համապետական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն հավաքեց շատ ավելի ձայներ, քան ընդդիմադիրները` միասին վերցրած: Տիգրան Սարգսյանը ՀՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականում էր:

– Հայաստանի քաղաքական շրջանակներում Տիգրան Սարգսյանի հրաժարականը կապում են հենց Մոսկվայի պահանջի հետ, քանի որ, ինչպես նաև Դուք նշեցիք, նա եվրոպամետ գործչի համբավ ունի: Ըստ Ձեզ` արդյոք Կրեմլը որևէ ազդեցություն ունեցե՞լ է այս պաշտոնանկության գործում:

– Ես Ձեզ ազնվորեն ասեմ՝ ես չեմ զարմանա, եթե վաղը Երևանում Կրեմլին մեղադրեն նրանում, որ բացվել է առավոտը, կամ ցերեկ է, կամ գիշեր: Իրականության էությունը շատ հստակ, պարզ ու հասկանալի է: Մարդը բաց դիրքորոշում է որդեգրել, մարդը չի ցանկանում, մարդն այլ բան է ուզում իր երկրի համար: Ինչի՞ համար է պետք Կրեմլը, որ մարդը կողմնորոշվի: Դա այդ հին քաղաքական գործչի անձնական դիրքորոշումն է:

Եթե հիշում եք, Տիգրան Սարգսյանը դեռ խորհրդային տարիներին սկսել է զբաղվել քաղաքականությամբ և կոմսոմոլի կարիերա է արել: Գոնե այդ փորձված կոմսոմոլը գիտի, թե ինչ է անում, նրա ինչի՞ն է պետք Կրեմլը: Ամեն ինչ այդպես էլ պարզ է: Ես կարծում եմ, որ երևանյան սովորույթը` ամեն փռշտոցի պատասխանատվությունը Կրեմլի վրա դնել, ուղղակի խորամանկություն է և պատասխանատվությունից խուսափելու փորձ:

– Ձեր կարծիքով` ի՞նչ կարող է փոխել Տիգրան Սարգսյանի հրաժարականը Մաքսային միության և Եվամիության հետ Հայաստանի հարաբերություններում:

– Ոչ մի բան էլ չի փոխի: Երբ Հայաստանի համար Մաքսային միության անդամակցության ժամանակը գա, այնտեղ կլինեն շատ տեխնիկական ներքին խնդիրներ, դա կլինի մեծ աշխատանք հայ տասնյակ տնտեսագետների, սոցիոլոգների և այլ մասնագետների համար: Մաքսային միությունը հետխորհրդային երկրների համար կլինի մեծ կերակրատաշտ, մեծ բյուրոկրատական կարիերա շատերի համար:

– Այսօր Հայաստանի համար ամենաակտուալ հարցն այն է, թե ով կլինի նոր վարչապետը: Հնչեցվում են բազմաթիվ անուններ` Վիգեն Սարգսյան, Սեյրան Օհանյան, Ռոբերտ Քոչարյան, Կարեն Կարապետյան… նաև նշվում է, որ Երևանն արդեն շատ հիմնավոր կերպով նոր վարչապետի թեկնածությունը համաձայնեցնելու է Մոսկվայի հետ:

– Ազնվորեն ասեմ՝ ես չգիտեմ: Թեկնածուի ընտրության խնդիրն անձամբ Սերժ Սարգսյանի խնդիրն է, և ահա թե ինչու` իր համար ժառանգորդ ընտրելով, Սերժ Սարգսյանն ընտրում է իր անձնական ապագան: Եվ նրան ոչ մեկը ոչ մի տեղ ոչ մի բան չի կարող ոչ միայն` խորհուրդ տալ, այլ նաև` երաշխավորել, թե ում նշանակի: Նա չի համաձայնեցնի վարչապետի թեկնածությունը: Չկա ոչ մի նորմալ մարդ, ով իր ապագան կտա ուրիշների ձեռքը: Նոր վարչապետին ընտրելու է միայն Սերժ Սարգսյանը:

– ՀՀ ներքաղաքական ուժերը մտադիր էին ապրիլի 28-ին պահանջել Տիգրան Սարգսյանի և Կառավարության հրաժարականը: Սերժ և Տիգրան Սարգսյանների այս քայլը, ըստ էության, կանխեց նրանց այդ ծրագրերը: Ի՞նչ է սպասվում ընդդիմությանը ներկայիս պայմաններում:

– Վերջին տարում երևանյան քաղաքացիական հասարակությունը կարողացավ իր օրակարգը ձևավորել, դա վերաբերում է ոչ միայն կենսաթոշակային բարեփոխումներին, այլ նաև քաղաքային հարցերին, և այլն: Եթե այդ հասարակական ընդվզումը չվերածվի քաղաքական պայքարի ինստիտուտի, ապա այն կմնա դատարկ, անարդյունք: Կարծում եմ, որ երևանյան այդ նոր ընդդիմադիր հասարակությունն ի վիճակի է իշխանության հետ հավասար դիրքերում հանդես գալ գրեթե բոլոր հարցերում, և պետք է շեշտը դրա վրա դնել:

Տեսանյութեր

Լրահոս