
Լեհաստանը ՆԱՏՕ-ին խնդրել է երկրի տարածքում տեղակայել 10.000 զինվոր

Բրիտանական The Telegraph թերթի փոխանցմամբ՝ Լեհաստանը ՆԱՏՕ-ին խնդրել է երկրի տարածքում տեղակայել 10.000 զինվոր, ինչն ակնհայտորեն կվկայի իր յուրաքանչյուր անդամին պաշտպանելու ՆԱՏՕ-ի վճռականության մասին՝ ի պատասխան Ղրիմում Ռուսաստանի գործողությունների:
Պարբերականն ընդգծում է, որ տվյալ հարցը քննարկվել է Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման ժամանակ: Դրանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները հայտարարել են այն մասին, որ ՆԱՏՕ-ի զորքերը կարող են տեղակայվել ոչ միայն Լեհաստանում, այլև՝ Բալթյան երկրներում՝ Լատվիա, Լիտվա, Էստոնիա:
Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին ՆԱՏՕ-ին առաջարկել է երկրում տեղակայել երկու ուժեղացված մոտոհետևակային բրիգադ, որոնցից յուրաքանչյուրի թվակազմը կազմելու է մոտ 5000 մարդ: Սիկորսկին հիշեցրել է, որ Լեհաստանն արդեն 15 տարի է, ինչ հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ և կցանկանար երկրում տեսնել ՆԱՏՕ-ի առավել մասշտաբային ու զգալի ներկայություն: