Ցուրտ օրերի պատգամը
Նախօրեին տեղացած առատ ձյունը, բառի բուն իմաստով, կաթվածահար արեց հանրապետության երթևեկությունը։ Սակայն ձնածածկ ճանապարհներից բացի, ձյունն ու սառնամանիքը շատ ավելի վատ հետևանք թողեցին` փչացրեցին բերքը։
Ասել, որ դա անսպասելի էր, սխալ կլինի։ Դեռ մարտի 27-ին Գյուղնախարարությունը հրատապ հաղորդագրություն էր տարածել` զգուշացնելով, որ առաջիկա օրերին հանրապետությունում կդիտվի ջերմաստիճանի անկում: Նշվում էր, որ այդ ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում Արարատյան հարթավայրում, Սյունիքի հովիտներում, նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում կարող են վնասվել ծիրանենին, սալորենին, դեղձենին, կեռասենին, բալենին և այլ կորիզավոր պտղատեսակներ, խաղողի վաղահաս սորտերի բացված բողբոջները, Տավուշում` դեղձենին, որոշ կորիզավորներ, ինչպես նաև` հոնենին: «Հորդորում ենք գյուղացիական բոլոր տնտեսություններին` վստահաբար հետևել բազմամյա փորձով ապացուցված մեր խորհուրդներին, որոնք հնարավոր կդարձնեն նվազագույնի հասցնել սպասվող վտանգն ու կանխել բերքի կորուստները»,- նշել էր նախարարությունը:
Հաջորդ օրը` մարտի 28-ին, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել էր մարզեր, ծանոթացել սպասվող ցրտահարությունների դեմ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ընթացքին: Ընդհանուր առմամբ, նա գոհ էր մնացել և, մասնավորապես. Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում խորհուրդ էր տվել գյուղացիներին շարունակել աշխատանքը` հնարավոր վնասներից խուսափելու համար: «Մեկ-երկու օրվա անքուն գիշերներն անպայման կտան իրենց արդյունքները: Հավատացեք, որ թե՛ ես, թե՛ նախարարության ողջ կազմը, թե՛ մարզպետարանն այդ մի քանի գիշերների ընթացքում ձեզ հետ ենք լինելու»,- նշել էր նա:
Թվում էր` ամեն ինչ արված է, մարդիկ զգուշացված են, բոլոր նախապատրաստական աշխատանքները ցրտահարության դեմ` կատարված։ Եվ հետո սկսվեց ձյունը։ Այնպիսի ձյուն, որ չի տեղում անգամ ձմռանը։ Մեկ ժամվա ընթացքում տեղումների քանակը հասավ 10-15 սմ-ի։ Ու պարզ դարձավ, որ այս տարի էժան ծիրանի և այլ մրգերի երես չենք տեսնի։
Արագածոտնի մարզում, որտեղ ծիրանենիները, վաղահաս խաղողն ու կեռասը բողբոջել էին, ցրտահարության պատճառով ամբողջ բերքը փչացել է։ Այս մասին Yerkir.am-ին ասել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Արմավիրի մարզում 80-100 տոկոսով ոչնչացել է ծիրանի, վաղահաս դեղձի, վաղահաս կեռասի, սալորի, խաղողի վաղահաս տեսակների ամբողջ բերքը և ամբողջությամբ ցրտահարվել են բաց դաշտում արդեն տնկված սածիլները։ Արարատի մարզում նույնպես նշում են, որ ծիրան չի լինի։ Տավուշի մարզում ծաղկած հոնենիները հայտնվել են ձյան 30 սանտիմետրանոց շերտի տակ, այդ ծառերն այս տարի բերք չեն տալու: Ցրտահարություններ կան բոլոր մարզերում։
Երեկվա դրությամբ դեռ ընթանում էր վնասի չափի ճշգրտում, և վերջնական տվյալները շուտով հասանելի կլինեն։ Սակայն արդեն մարտի 30-ին Գյուղնախարարությունը տարածեց մահախոսականի նմանվող մի հաղորդագրություն` խոստովանելով, որ բանը բանից անցել է. «ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ ցրտահարությունների դեմ պայքարի այն ծրագիրը, որն օդերևութաբանական կանխատեսումների հիման վրա կազմել և գյուղացիներին էին ներկայացրել մեր մասնագետները, ցավոք, արտակարգ իրավիճակներում գործելու իրական ակտիվության պայմաններում անգամ, նախորդ գիշեր հանրապետություն ներթափանցած հզոր ցիկլոնի պատճառով անզոր գտնվեց տարերքին համարժեք գործողություններ իրականացնելու համար»:
Նշվում էր, որ չնայած իրականացվել էին իրազեկման և նախապատրաստական աշխատանքներ, սակայն, «ցավոք, ջերմաստիճանի կտրուկ անկումն այս անգամ անսպասելիորեն զուգորդվեց հզոր ցիկլոնի, կարկուտի, ձյան առատ տեղումների և քամու ուժեղ պոռթկումների հետ»: Այսինքն` Գյուղնախարարությունն անուղղակիորեն «բոչկա գլորեց» Հայպետհիդրոմետի ուղղությամբ, որ նորմալ կանխատեսում չեն արել` կոնկրետ չեն նշել կարկուտի կամ ձյան մասին։ Մոտավորապես նման մի տակառ էլ Հայպետհիդրոմետի վրա գլորվեց նաև Երևանի քաղաքապետարանի կողմից (ճիշտ է` անուղղակիորեն և հիմնականում` սոցիալական ցանցերի միջոցով)։
Եղան նաև հակառակ տեսակետներ, որ Հիդրոմետը միգուցե ճշգրիտ կանխատեսում չի արել, սակայն չէ՞ որ դժվար չէր վտանգը զգալ ու մտածել, որ ջերմաստիճանի կտրուկ անկումը չի ուղեկցվելու պայծառ արևով և թռչունների դայլայլով։
Սակայն, եթե քաղաքապետարանի պարագայում հստակ ինֆորմացիան կարող էր ինչ-որ բան փոխել` թույլ տալ նախապատրաստվել ձմեռային ռեժիմին, Գյուղնախարարության դեպքում դա չէր օգնի։ Օրինակ, Վայոց Ձոր մարզպետ Էդգար Ղազարյանը լրատվամիջոցներին ասել էր, որ կանխարգելիչ միջոցառումները, որոնք մտադրված են եղել իրականացնել մարզում` Գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, անիմաստ է եղել իրականացնել, որովհետև սպասվել է միայն օդի ջերմաստիճանի անկում և նախատեսվել են ցրտի դեմ կանխարգելիչ ծրագրեր, բայց այդ ցրտահարությունն ուղեկցվեց ձյունով, իսկ դրա դեմ իրենք անզոր են եղել։ Կարճ ասած` ձյան ու կարկուտի դեմ ոչինչ անել հնարավոր չէր, և, այսպես թե այնպես, պետք է համակերպվել կատարվածի հետ։
Ավելացնենք նաև, որ եթե անգամ ձյուն ու կարկուտ չտեղար, դարձյալ ցրտահարությունից խուսափել չէր լինի։ Որովհետև, ըստ գյուղացիների, ավանդական մեթոդով` ծխեցման միջոցով պայքարը ցուրտը կարող է 2-3 աստիճանով մեղմել, իսկ գ7-ից գ10 աստիճան սառնամանիքի դեպքում դա էլ չէր օգնի։ Մի խոսքով` տեղի ունեցածը, առանց չափազանցության, գյուղատնտեսական աղետ է։
Իսկ այդ աղետը հերթական անգամ կասկածի տակ է դնում նաև որոշ շրջանակների համոզմունքը, որ Հայաստանը պետք է հրաժարվի, ասենք, հանքարդյունաբերությունից և շեշտը դնի գյուղատնտեսության վրա։ Գյուղատնտեսությունը, ինչպես երևաց, չափազանց խոցելի և ռիսկային է` հատկապես Հայաստանի ոչ բավարար ենթակառուցվածքների պայմաններում։ Նշենք, որ առանց այն էլ այսօր ՀՀ տնտեսության մեջ գյուղատնտեսությունը բավականին մեծ տեսակարար կշիռ ունի` ավելի քան 19%։ Այս ցուցանիշով աշխարհի 226 երկրների շարքում գրավում ենք 56-րդ տեղը` այնպիսի երկրների հարևանությամբ, ինչպիսիք են Նիկարագուան, Տաջիկստանը, Պարագվայը, Կամերունը, Պակիստանը և այլն։ Զարգացած երկրներում գյուղատնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի 1-2%-ը։ Օրինակ` Սինգապուրում, որի հետ մենք այդքան սիրում ենք համեմատվել, ընդհանրապես զրո տոկոս է։ Եվրոպական երկրների մեծ մասում` 1-2%, ԱՄՆ-ում` 1.2%։ Չիլիում, Մեքսիկայում, Ավստրալիայում` 3-5%։
Կարճ ասած` որքան զարգացած է երկիրը, անքան փոքր է գյուղատնտեսության տեսակարար կշիռը։ Ու միգուցե բնությունն ինքը մեզ դեռևս թույլ չի տալիս հայտնվել գյուղատնտեսությունից ավելի մեծ չափով կախված երկրների շարքում։