Ինչո՞ւ Հայաստանը «դեմ» քվեարկեց. քաղաքագետի բացատրությունը
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի մարտի 27-ի նիստում Ղրիմի հարցով ընդունված «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» բանաձևին Հայաստանի «դեմ» քվեարկությունը այլընտրանք չուներ: Այսօրվա ասուլիսում այսպիսի տեսակետ հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա անդրադարձավ այն հարցին, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից եղել էր տեղեկատվության արտահոսք, թե ՀՀ ներկայացուցիչը ձեռնպահ է քվեարկելու, սակայն, ի վերջո, քվեարկեց դեմ: Ըստ Իսկանդարյանի` պատճառը հավանաբար վերջին օրը բանաձևի տեքստի փոփոխությունն է:
«Այն, որ Հայաստանն այսպես քվեարկեց, երկու հանգամանքների հետևանք է: Առաջինն ակնհայտ է` անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների առանձնահատկությունը: Եվ երկրորդ պատճառն այն է, որ տեքստում ավելացվել է կետ, ես դուրս եմ գրել այն` «Ղրիմի հանրապետությունում և Սեվաստոպոլ քաղաքում անցկացված հանրաքվեն Ուկրաինայի կողմից արտոնված չի եղել»: Պարզ է, որ երկիրը, որն ունի ղարաբաղյան խնդիր, չէր կարող կողմ քվեարկել այսպիսի բանաձևին… Իհարկե, հնարավոր է` նաև եղել են ինչ-որ ազդակներ Մոսվկայից: Ուստի, այսպիսի քվեարկությունը բավական սպասելի էր»,- ասաց քաղաքագետը: Իսկանդարյանի կարծիքով` այդ քվեարկությունն այնքան էլ մեծ նշանակություն չունի, կարևորն այն բանակցություններն են, որոնք այժմ ընթանում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների միջև:
Իսկ Հայաստանի առաջին գումարման խորհրդարանի պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանն իր հերթին կարծիք հայտնեց, թե սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանը զրկվել է ինքնուրույնությունից, ավելի ճիշտ` նրան զրկել են:
«Մենք չենք կարող շատ հարցերում` պատերազմի, խաղաղության և արտաքին քաղաքականության, լինել ինքնուրույն: Մենք բավական լուրջ կախվածություն ունենք գերտերությունների կամքից: Ենթադրում եմ, որ առավել ևս սեպտեմբերի 3-ից հետո մեզ ուղղակի ցույց տվեցին մեր տեղը, դա ցուցադրական էր»,- նշեց Արշակյանը:
Ըստ նրա` այսօր Հայաստանն ունի շատ ավելի մեծ անկախություն, քան խորհրդային Հայաստանը, սակայն դա այն անկախությունը չէ, որի միջոցով կարող ենք ՄԱԿ-ում կամ միջազգային այլ հարթակներում ինքնուրույն ծրագրեր առաջադրել կամ պաշտպանել: Ազատ Արշակյանն առաջարկում է նույնիսկ չմասնակցել այդ համաժողովներին և գերտերությունների հետ սակարկել Հայաստանի անկախությունը:
Նա նշում է, թե իրեն այնքան չի հետաքրքրում քվեարկությունը, որքան գինը` դրա դիմաց, որը Հայաստանը չի ստանում:
«Ես հիշում եմ Յակով Զարուբյանի, Քոչինյանի, Դեմիրճյանի ժամանակները, երբ Հայաստանը որևէ քայլ անելու դիմաց ստանում էր ինչ-որ բան: Հիմա մենք շատ էժան ձևով հանձնում ենք ամեն ինչ: Կարծում եմ` անկախության այն աստիճանը, որ ունենք, կարող ենք սակարկել և´ Արևմուտքի, և´ Արևելքի հետ: Այս իմաստով` կողմ եմ «և´-և»-ին: Հայաստանն արդեն 1700 տարի այլ կարգավիճակի չի կարող ձգտել: Աշխարհագրական դատավճռով` մենք չենք կարող որևէ մեկի հետ լինել, միանալ որևէ կողմին, Արևելքին, դա կլինի պարսկական, պարթևական, մոնղոլական կամ Արևմուտքին` Մակեդոնացին կլինի, հռոմեացիները և այլն: «Կա´մ-կա´մ» չկա, պետք է լինի «և´-և»: Հիմա այդ «և´-և´» կարգավիճակը խախտվել է: Այն գին ունի, մենք պետք է պահանջենք այդ գինը: Պետք է և´ Արևմուտքը վճարի` մեզ զոհաբերելու համար, և´ Ռուսաստանը` մեզ վասալացնելու համար»,- այսպիսի կարծիք հայտնեց Ազատ Արշակյանը:
Ալեքսանդր Իսկանդարյանը սրան ավելացրեց, թե «գինը» Հայաստանի անվտանգությունն է և այն փաստը, որ Հայաստանը այսօր վերահսկում է իր տարածքները և Լեռնային Ղարաբաղը:
Քաղաքագետից նաև հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի այն փաստի վերաբերյալ, որ ՄԱԿ-ի քվեարկության արդյունքում` Հայաստանը հայտնվեց այնպիսի երկրների շարքին, ինչպիսին են Բելառուսը, Բոլիվիան, Հյուսիսային Կորեան կամ Զիմբաբվեն, և ինչպե՞ս է վերաբերում սրա արդյունքում առաջացած սուր քննադատությանը:
«Հարցն այդ երկրների ցուցակը չէ, ոչ էլ նույնիսկ Ուկրաինան: Հայաստանի քվեարկությունը շատ քիչ կապ ունի Ուկրաինայի հետ, այն ավելի շատ կապված է Հայաստան – Ռուսաստան հարաբերությունների հետ: Ինչ վերաբերում է այն փաստին, թե ին երկրների շարքում է Հայաստանը հայտնվել, հասկանում եք` Հայաստանը չի շարունակում իր գոյությունը նրա համար, որ ինչ-որ մեկին դուր գա: Իսկ միգուցե բոլորովս խմբակային ինքնասպանությո՞ւն գործենք, որ ինչ-որ մեկին դուր գանք, և մեզ գովեն ինչ-որ ամսագրում կամ թերթում: Հայաստանի գոյության նպատակը ինչ-որ ցուցակներում հայտնվելը կամ ինչ-որ մեկին դուր գալը չէ, Հայաստանն ունի սեփական քաղաքականության իրական օրակարգը, և այդ սեփական օրակարգը, կրկնեմ, կապված է անվտանգության հետ»,- ի պատասխան` ասաց քաղաքագետը: