Արփինե Հովհաննիսյան. Ես վստահեցնում եմ, այս օրինագիծը խոսքի ազատության դեմ որևէ հեռավոր շղարշ չի նետի
ԱԺ-ում «ֆեյքերի» մասին հայտնի օրինագծի լսումների ժամանակ հնչած քննադատությունների վերաբերյալ օրինագծի հիմնական զեկուցող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հանդես եկավ հակադարձումներով: «Ոչ հայտնի» աղբյուրի մասին քննարկումներին անդրադառնալով, Ա. Հովհաննիսյանն ասաց, թե մի շարք բանախոսներ նախագծի դեռևս նախորդ տարբերակից ելնելով էին կառուցում իրենց խոսքը, ապա նշեց, թե նոր օրինագծով «ոչ հայտնի» հեղինակ հասկացություն չի սահմանվել, ֆեյքերի համար պատասխանատվություն չի սահմանվել, ֆեյքերի մասին նախագծի որակումներն ավելորդ են, ժամանակավրեպ և սխալ, որովհետև անոնիմ հանդես գալը մարդու իրավունքներից մեկն է:
«Սրա մասին փաստում են բոլոր միջազգային կառույցները, ավելին՝ Սկանդինավյան երկրներում գոյություն ունեն անանուն ցանցեր, որտեղ մարդկանց իրավունքն է շփվել անանուն: Բնականաբար, նախագծի հեղինակներից ոչ մեկը չէր կարող այս պարզ իրողությունը հերքել ու անոնիմ շփվելու հետ կապված որևէ կարգավորում նախատեսել: Խնդրում եմ, գոնե այս անգամ փաստենք ու հավաստիանանք, որ անհայտ հեղինակի հետ կապված նախագիծը ոչինչ չի առաջարկում»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նրա խոսքով՝ այսօրվա կարգավորմամբ ԶԼՄ-ն պատասխանատվություն է կրում այն վիրավորանքի ու զրպարտության համար, որն ինքը վերարտադրել է լրատվամիջոցում ու որի աղբյուրը հայտնի չէ: «Նախ ասենք, թե ի՞նչ է նշանակում «ոչ հայտնի» աղբյուր. շատերը պատասխանը տեսնում են լրատվամիջոցին յուրաքանչյուր անգամ դատարան տանելու միջոցով: Այսօրվա գործող կարգավորմամբ ֆեյսբուքում share անողը հրապարակային ներկայացնող է համարվելու ու կարող է պատասխանատվություն կրել՝ «ոչ հայտնի» աղբյուրից ինֆորմացիա վերարտադրելու համար: Կարող եք հակադրվել, ճիշտ կանեք, որովհետև չկա չափորոշիչ, ոչինչ չկա սահմանված, եկեք յուրաքանչյուր անգամ գնանք դատարան, պարզենք՝ որն է ճիշտը, եկեք ճշմարտությունը յուրաքանչյուր անգամ որոնենք դատարանում, սա ճշնող մեծամասնույան տրամաբանությունն էր:
Խնդրււմ եմ, մի ասեք, որ նախագիծը կարգավորում է «ոչ հայտնի» աղբյուրի հետ կապված որևէ նոր բան: Մեկ կարգավորում էր ընդամենը…»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Անդրադառնլաով ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի ելույթինց, Ա. Հովհաննիսյանը նշեց. «Պարոն Արզումանյան, ԱՄՆ Վիրջինիա նահանգի փորձը դրական միտումով չէի բերում, ասում էի, որ անգամ նման կարգավորումներ կան, դրա համար կետերի որսը կարգավորվա՞ծ է, թե՞ կարգավորված չէ… շատ բան կարող է արգելված լինել, խոսքը նրա մասին է, որ միջազգային պրակտիկայում կա այս, այս… ես վստահեցնում եմ, խոսքի ազատության դեմ որևէ հեռավոր շղարշ չի նետի, եթե նման դիրքորոշում ամրագրվի: Հեղինակավոր կազմակերպությունները կփաստեին, որ դա համապատասխանում է իրենց դիրքորոշմանը: Բայց ես չեմ ուզում, որ մենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինենք, սա քննարկումները բացելու հարթակ է, ոչ ոք չի ասում, թե՝ չէ, լավ չի: Բոլորն ասում են, որ կա պրոբլեմ, բա եթե պրոբլեմ կա, ինչո՞ւ միասին չփորձենք գտնենք այդ ուղիները: Որևէ մեկն այստեղ պնդո՞ւմ է, որ երկու օր հետո այս նախագիծը քննարկվելու է, քավ լիցի, ոչ… Նախագիծը կարող է մնալ շրջանառության մեջ ու բարելավվել: Եկեք քննարկենք միասին, հանգենք միասնական դիրքորոշման, թե չէ՝ կանգնել ու ասել, որ արդյոք այլ պրոբլեմներ չկա՞ն այս երկրում, թույլ տվեք հակադարձել: Այո, կան շատ խնդիրներ, բայց մենք միայն սա չենք քննարկում, քննարկում ենք ի թիվս շատ այլ նախաձեռնությունների»: