«Չխորանանք այլևս, ինձ համար պարզ է». Գագիկ Հարությունյանը՝ Արտեմ Ասատրյանին
«Սոցիալական ապահովություն» և «սոցիալական ապահովագրություն» տերմնիններն այսօր շփոթ առաջացրին Սահմանադրական դատարանում` պարտադիր կուտակայինի սահմանադրականության հարցի քննության ժամանակ: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից փորձում էր պարզել, թե ինչու ՀՀ-ում վերացվեց սոցիալական ապահովությունը: Ա.Ասատրյանը նշեց, թե սոցիալական ապահովագրության համակարգ չունեցանք, մի քանի պատճառներով.
«1995-ից հետո կենսաթոշակային համակարգի օրենքը փոխվեց, դարձավ ունիկալ, քանի որ կենսաթոշակ նշանակելիս աշխատավարձի չափը հաշվի չի առնվում»:
Գ.Հարությունյանն ընդհատեց նրան` փաստելով, որ սոցիալական ապահովության իրավունքը Սահմանադրության մեջ մնաց անգամ 2005-ին դրա փոփոխությունից հետո: Նրա խոսքով` սցիալական պաշտպանությունն իր մեջ ներառում է 3 ինստիտուտներ` ապահովություն, ապահովագրություն և աջակցություն. «Ինչո՞ւ միջոցները բացառեցինք և փոխարինեցինք հարկով»:
«2008 թ-ին որոշում կայացվեց կենսաթոշակների չափերը բարձրացնել 60%-ով, մենք ունեցանք իրավիճակ, երբ պարտադիր սոցապ վճարներից բյուջեում ձևավորվող միջոցները կիսով չափ էին բավարարում…»,- ասաց Ա.Ասատրյանը, բայց Գ.Հարությունյանը կրկին ընդհատեց նրան` հարցադրում անելով, որ պարտադիր սոցապ վճարները, որոնք առնչվում են մարդու սոցիալական ապահովության իրավունքին և պետության գործառույթին՝ ապահովելու այդ իրավունքը, ինչո՞ւ հանկարծ այսպիսի վերափոխում ստացան:
Ասատրյանն էլ կրկնեց օրենքի ընդունման պատմությունը և այն, որ սոցապ բյուջեն չէր կարող ապահովել վճարները, բայց ՍԴ նախագահը կրկին ընդհատեց նրան.
«Չխորանանք այլևս, ինձ համար պարզ է»:
Բերելով մի քանի երկրների օրինակներ` Գ.Հարությունյանը նշեց, որ գործատուն սոցապ խնդիրների լուծման ամենաակտիվ մասնակիցներից մեկն է. «Ինչո՞ւ ՀՀ-ում գործատուն դուրս մղվեց, միայն փոխանցողի դեր է վերապահվել նրան»:
Ա.Ասատրյանը պատասխանեց, որ օրենքի փոփոխությունից հետո սոցապվճարները ներառվեցին եկամտային հարկում, սահմանվել էր, որ գործատուների վրա որևէ բեռ չպետք է ավելանա, աշխատողի եկամուտները չպետք է պակասեն. «Կան երկրներ, որտեղ գործում են միայն եկամտահարկ, սոցվճարներ չկան: 2013 թ-ի փոփոխությունը պարզեցրեց համակարգը, կարգավորվեց էլ.հաշվետվությունների ներկայացման խնդիրը»:
Նախարարի խոսքով` գործատուն է կատարում վճարումը, իսկ աշխատողին հետաքրքրում է իր փաստացի եկամուտը և գործատուի դուրս գալը զուտ տեխնիկական խնդիր է.
«Մեր համակարգը զուտ պետական բյուջեից իրականացվող սոցիալական քաղաքականություն է, ներդրվում է երկրորդ ինստիտուտը` կենսաթոշակային ապահովագրությունը, գործատուի մասնակցությունը, որպես հարկային գործակալի, ակնհայտ է»:
«Գործատուն միայն մեխանիկական գործ է անում` փոխանցում կատարելու միջոցով: ՀՀ-ում սոցիալական ապահովության մասնակցությունը զրոյացրեցինք, և բեռը դրեցինք աշխատողի վրա: Գործատուի հարկային ծանրաբեռնվածությունը պակասեց, աշխատողինն` ավելացավ: Ես գործատուների հետ զրուցել եմ, նրանք զարմացած են, որ իրենց բեռն իջեցվել է»,- հայտարարեց Գ.Հարությունյանը` հավելելով, որ այս պայմաններում որոշ գործատուներ բարեգործություն են արել ու բեռն իրենք են ստանձնել, ինչը չպետք է լիներ որպես բարեգործություն:
Ըստ նրա` բյուջետային ոլորտի համար խնդիրը լուծվեց` աշխատավարձը բարձրացվեց, տարբերությունը փոխհատուցվեց, բայց մասնավորին չի կարելի ասել` պետք է բարձրացնես ու փոխհատուցես:
«Օրենքով հստակ ամրագրված է որ նախկինում ստացած եկամտից պակաս չվճարի: Դա կիրառվեց և մենք խնդիր չենք ունեցել: Դա լրացուցիչ պարտավորություն էլ չէր գործատուի համար, զուտ մեխանիկական փոփոխություն էր: Քաղաքացու կողմից տնօրինվող եկամտի չափը չպակասեց»,- ասաց Ա.Ասատրյանը: