«Ավելի լավ է ջուր լինի լողավազանում, լողալ սովորենք». Նրեսես Երիցյան
Այսօր ՍԴ-ում կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի սահամանդրականության հարցի քննության ընթացքում ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ֆինանսական ռիսկեր կարող են լինել դեֆոլտի, հիպերինֆլյացիայի դեպքում:
Ն.Երիցյանը համաձայնեց, որ ռիսկեր կան, բայց միայն որոշակի գնային տատանումների ռիսկը կարող է ազդեցություն ունենալ: Ըստ նրա` բաժնետոմսերն այն տատանողական ակտիվներն են, որոնք կարող են ռիսկեր առաջացնել, իսկ պարտատոմսերում դրված մայր գումարը միշտ վերադարձելի է: ԿԲ փոխնախագահը դիմող կողմին մեղադրեց թյուրիմացության մեջ գցելու համար, երբ վերջինս հայտարարում է, որ ՌԴ-ում ֆոնդեր են սնանկացել: Նա պնդեց, որ օպերացիոն և սնանկացման ռիսկերը հասցված են 0-ի, իսկ Ռուսաստանում խոսքը կոնկրետ բանկի մասին է, որտեղ սնանկացման դեպքում պորտֆելը հայտնվել է 5-րդ և ոչ թե 1-ին տեղում: Երիցյանի խոսքով` ակտիվի կառավարիչը կապ չունի ֆոնդի հետ, նա միայն կառավարում է, դեպոզիտարիան օպերացիոն ռիսկը 0-ի է հասցնում, գումարը երբեք կառավարչի ակտիվին չի փոխանցվում.
«Ռեեստր վարողը և պահառուն ունեն միջազգային ապահովագրություն, որ ռիսկերը կարող են ծածկել: Մինչև 25% բաժնետոմսը թույլ է տալիս երկար ժամկետում իրական եկամուտ ապահովել: Սա պրոֆեսիոնալ տարբեր հաշվարկների արդյունք է: 25-30 տարիների ընթացքում քաղաքացու կուտակածից ավելին պետք է ստացվի շուկայից և ԿԲ-ն վերահսկում է դա, ոչ թե սպասելու է 30 տարի անց տեսնի` ինչ եղավ: Այս պահին ներդրված մեխանիզմները եղածից լավագույնն են»:
Երիցյանը հայտարարեց, որ մեր համակարգը մասնավորեցում չէ, դա պետություն-մասնավոր համագործակցության վրա հիմնված մեխանիզմ է, ենթակառուցվածքները պետական են, տրված են մասնավորի կառավարմանը` քաղաքացիների օգուտները քաղաքական խոստումների դաշտից տեղափոխլով ամենօրյա կուտակումների դաշտ:
ՍԴ անդամ Կիմ Բալայանի դիտարկմամբ` պետություն-քաղաքացի իրավահավասարությունը պաշտպանված չէ, քանի որ 25 հազար դրամից ավելիի դեպքում պետությունը վճարումները թողել է քաղաքացու վրա: Նա հարցադրում արեց` արդյոք եթե անձն ավանդ ներդնի ու կենսաթոշակի գնալուց հետո ստանա գումարը, ավելի չի՞ շահի:
Ն.երիցյանը հավաստիացրեց, որ ընտրված ակտիվների կառավարիչներն ունեն ռիսկերի կառավարման լուրջ փորձ, դոլարային ավանդի տոկոսը ցածր է, դրամայինը ժամանակավոր է և չի կարող դեպոզիտից նման բարձր սպասումներ լինել: Ըստ նրա` Չիլիի փորձը ցույցը տվել, որ գումարների 1/3-ը քաղաքացին է ներդրել, 2/3-ը՝ շուկան է բերել, ընդ որում` 10% գնացել է ակտիվների կառավարմանը, մինչդեռ մեզ մոտ դա 1%-ից փոքր թիվ է կազմում:
ՍԴ անդամ Վոլոդյա Հովհաննիսյանի հարցին` ԿԲ-ն ի՞նչ վստահության կրեդիտ ունի, Ն.Երիցյանը պատասխանեց, թե առաջին մեծ փորձությունն անցել են՝ ճգնաժամից ոչ մի բանկ չի սնանկացել և պետությունը ոչ մի բանկում ներդրում չի արել, ավելին` ճգնաժամի տարիներին մարդիկ գումարներն ավելի շատ սկսեցին կուտակել բանկերում, դեպոզիտները մի քանի անգամ ավելացել են. «Սա վստահության ցցուն օրինակ է»:
«Չեն սնանկացել, որովհետև մեծ եկամուտներ ունեին: Եթե կողմերից մեկը լավ է ապրում, մյուսը պետք է վատ ապրի»,- հակադարձեց Հովհաննիսյանը:
ԿԲ փոխնախագահը հայտարարեց, թե դուրս գրված վարկերի տոկոսը վարկային պորտֆելում 3-4% է կազմում. «Նույնիսկ մեզ քննադատում են` արդյոք լա՞վ ենք վերահսկում: Բանկերին շահավետ չէ, որ իրենց հաճախորդները սնանկանան: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` բանկային համակարգը ամենաթափնացիկ հատվածներից մեկն է ՀՀ-ում»:
ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը հայտարարեց, որ կուտակային համակարգի նկատմամբ անվստահության մթնոլորտը պայմանավորված է ոչ պատշաճ իրազեկման հետ. «Ձեր կողմից կատարվե՞լ են իրազեկման բոլոր գործողությունները, թե ոչ»:
«Իրազեկումը միշտ բավարար չի: Միգուցե տեխնիկական մանրամասները պետք է ավելի վաղ ներկայացնեին: Մենք ենթադրել ենք, որ ավելի լավ է ջուր լինի լողավազանում, լողալ սովորենք: ԿԲ մասով մենք ակտիվ մասնակցել ենք, ինքներս էլ ենք իրազեկել տարբեր ֆորամտներով և այս բողոքի ալիքը բարձրացավ, երբ իրազեկեցինք այդ ընկերության աշխատակիցներին»,- նշեց Ն.Երիցյանը:
Ա.Պետրոսյանի հարցին` բազմաթիվ երկրներ կասեցրել են իրենց համակարգերի աշխատանքը, ԿԲ-ն նման ձախողումներ կանխատեսո՞ւմ է, Ն.Երիցյանը պատասխանեց, թե ձախողումների հիմնական պրոբլեմը ֆիսկալ խնդիրներն են, մասնավորապես` Արևելյան Եվրոպայի երկրների ձախողումը պայմանավորված է եղել նրանով, որ թոշակները բարձրացրել են, կես ճանապարհին տեսել են, որ չեն կարող վճարել.
«10%-ից պակաս վճարների դեպքում չի կարող արդյունավետ գործել: Հունգարիայում և այլ երկրներում հնա ում 4-5 % դեֆիցիտով են մտել ռեֆորմի մեջ, ու այս գումարներից հատկացրել են դեֆիցիտի նվազեցմանը: Մեզ մոտ դա խիստ սահմանափակվում է»: