ՄՄ-ի անդամակցությամբ ՌԴ օրինակով 11-ամյա կրթության անցնելու նպատակահարմարություն չկա. Արմեն Աշոտյան. tert.am
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությամբ ՀՀ կրթական ոլորտում փոփոխությունները չեն բացառվում, բայց Ռուսաստանի օրինակով հանրակրթության 12 տարին 11 դարձնելու նպատակահարմարություն բացարձակ չկա: Այս մասին վստահեցրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ի պատասխան Tert.am-ի հարցի, թե հնարավոր է արդյոք, որ Հայաստանն այդ հարցում ևս հետևի Ռուսաստանի օրինակին:
«Հայաստանն անցավ 12-ամյա կրթությանը 2005թ.-ին։ Շատ երկար ճանապարհ ենք անցել և շատ մոտ ենք այդ համակարգի կայացմանը, ուստի նպատակահարմար չենք համարի հանրակրթության ժամանակահատվածի երկարության փոփոխությունը»,-ասաց նա:
Նախարարի խոսքով՝ ինչպես 11-ամյա կրթությունը, որն այսօր կա ՌԴ-ում, այնպես էլ 12-ամյա կրթությունը Հայաստանում երկու երկրներում փոխճանաչված են, և հետագայում կրթությունը շարունակելու հետ կապված որևէ խնդիր ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Հայաստանի դպրոցների շրջանավարտները երկու երկրներում չունեն. «Ուստի 11-ամյա կրթության նպատակահարմարություն այստեղ ևս բացարձակապես չկա»:
Արմեն Աշոտյանը նաև նշեց, թե որքանով ինքն է ծանոթ Ռուսաստանի կրթության բարեփոխումների պատմությունը, այնտեղ ևս մինչև 11-ամյա համակարգն անցել էին 12-ամյա կրթության, բայց հետո որոշեցին, որ 11-ով պետք է բավարարվեն: «Մենք գնացինք մի քայլ առաջ և անցանք 12-ամյա կրթության, և հիմա շատ մոտ ենք բարեփոխումների վերջնական ավարտին: Ուստի նպատակահարմար չենք համարում որևէ հետ քայլ, մանավանդ, որ դա չի խանգարում ատեստատային ճանաչմանը, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի դպրոցների շրջանավարտներին բուհեր դիմել-ընդունվելու հարցում»,- ասաց նա:
Իսկ թե ոլորտում ինչ այլ փոփոխություններ են սպասվում ՄՄ-ին անդամակցելու համատեքստում, ԿԳ նախարարը նշեց, որ ՄՄ-ն, որպես ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է նաև մարդկային կապիտալի ազատ տեղաշարժ, և այդ ամենը հնարավոր չի պատկերացնել առանց կրթության ոլորտում համապատասխան իրավական լուծումների:
Մանրամասներն` այստեղ