
Հարկային քաղաքականության հարցում ՄՄ կազմում ազատ կլինենք

Մաքսային միության անդամ երկրներում մաքսային օրենսդրական դաշտը նույնն է, իսկ հարկային դաշտը թողնված է անդամ պետությունների հայեցողությանը՝ բացառությամբ առևտրի հետ կապված հարցերի: Այս մասին այսօր ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Սարգսյանը:
«Մաքսային ձևակերպումները ՄՄ գործընթացների շրջանակում պարտավոր կլինենք ապահովել ինչպես այլ երկրները՝ մեկ պատուհանի համակարգով: Այսուհետ մաքսազերծման բոլոր գործընթացները կլինեն մեկ պատուհանի մեխանիզմով: Միաժամանակ ոչ էլեկտրոնային հայտարարագրման համակարգ չի լինի: Մաքսային մարմիններ բողոքարկման համակարգը մի փոքր այլ կինի, քան այսօր կա ՀՀ-ում: Այսինքն՝ ցանկացած անձ կարող է դիմել և բողոքարկել մաքսային ցանկացած գործողություն»,- ասաց Դ.Սարգսյանը:
Նա նշեց, որ ապրանքներ ներմուծելուց 10 օրվա ընթացքում պետք է բոլոր վճարները իրականացվեն, որից հետո ապրանքները համապատասխանաբար կմաքսազերծվեն, ՄՄ օրենքներով հնարավոր է տարաժամկետել, առանձին դեպքերում հնարավոր է պայմանագիր կնքել և այս կամ այն ապրանքների հարկերը տարաժամկետել կամ մաս-մաս վճարելու պայմանագիր կնքել: Ըստ Սարգսյանի՝ ապրանքների մաքսային արժեքների որոշման 6 մեթոդներ են կիրառվում ՄՄ-ում, սահմանվում են մաքսային հանձնաժողովի առանձին որոշումներով, ընդ որում՝ որոշվում է, թե որ դեպքերում կարող է կիրառվել գործարքի գնի մեթոդը, որ դեպքում ոչ:
Դ.Սարգսյանը հայտարարեց, որ «GSP+» առևտրային ռեժիմ ԵՄ հետ ՄՄ անդամներից միայն ՀՀ-ն ունի, և հնարավորություն է ստեղծվում, որ ՄՄ մյուս երկրների տնտեսվարողները գործունեություն ծավալեն ՀՀ-ում և օգտվեն այդ ռեժիմից: