«Այլևս մենք ունենք վենեսուելական նկրտում, Ռոբերտ Մուգաբեի ղեկավարած պետության տեսլական»
Մարտի 27-ին Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է քվեարկել Ղրիմի մասին բանաձևին, որով մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում անցկացված հանրաքվեն ճանաչվում է անօրինական, և պաշտպանվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Բանաձևին կողմ է քվեարկել 100 երկիր, ձեռնպահ` 58-ը, դեմ` 11-ը:
Հայաստանից բացի` դեմ են քվեարկել նաև Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Ռուսաստանը, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Զիմբաբվեն: Հայաստանի իշխանության այս դիրքորոշումը երեկ դարձավ լուրջ քննարկման և նաև քննադատության թիրախ` մի շարք վերլուծաբանների և քաղաքական գործիչների կողմից:
Մասնավորապես` ԱԺ պատգամավոր, ՀՀՇ խորհրդի նախագահ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ երեկ «Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները և դրանց արտացոլումը Հայաստանի ներքաղաքական կյանքում» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ունեցած ելույթում հայտարարեց` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Հայաստանի քվեարկությունը մեր ազգային ամոթն է:
«Դա խայտառակություն է, մեր անկախ պետականության պատմության ընթացքում նման բան չի եղել: Մենք նման ստրուկի կարգավիճակ երբևէ չենք ունեցել»,- ասաց նա:
Հայաստանի նախկին գլխավոր դիվանագետը հիշեց, որ ՀՀ-ն նախկինում նման իրավիճակներում ունեցել է որոշ խնդիրներ թե՛ միջազգային հանրության հետ, թե՛ ՄԱԿ-ում, բայց կարողացել է խուսանավել` ձեռնպահ է քվեարկել, օրինակ` արաբա-իսրայելյան հակամարտության վերաբերյալ բազմաթիվ բանաձևերին, կամ ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը:
«Ի՞նչ են ակնկալում մեզնից մեր գործընկերները, ամենևին չեմ կարծում, որ սպասում են, թե պետք է դատապարտենք Ռուսաստանին, ինչ-որ հերոսական բաներ անենք, ո՛չ, ընդամենը պետք է փորձել չեզոք դիրքորոշում որդեգրել: Նման իրավիճակում մենք եղել ենք, երբ մեր դարավոր բարեկամ Վրաստանը կազմաքանդման սպառնալիքի առջև էր, և անեքսիայի ենթարկվեց երկու տարածք` Աբխազիան և Հարավային Օսիան: Մեզ այն ժամանակ էլ էին պարտադրում, որ դիրքորոշում ցուցաբերենք: Թերևս, կարողացանք բացատրել, որ այդպես չէ, մենք էլ ազգային շահեր ունենք, հասկանում ենք, որ ձերը մեծ է, բայց մերն էլ «մեր գյորա» էլի ազգային շահ է:
Այս պարագայում առաջին մեկ-երկու օրվա ընթացքում կարծես նման տրամադրություններ կային, և Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը բավականին ծանրակշիռ, հավասարակշռված հայտարարությամբ հանդես եկավ, և հանկարծ դրա հաջորդ օրը` մի տոնակատարություն, մի ծես, մի ոգևորություն, այնպիսի տպավորություն էր, որ վե՛րջ, աշխարհն այլևս բաղկացած է միայն Լեռնային Ղարաբաղից և հարակից պետություններից: Սա զարմանալի էր, բայց գոնե Հայաստանը շարունակում էր ինչ-որ չեզոքության նշույլներ ցուցաբերել,- շարունակեց պարոն Արզումանյանը: -Այն, ինչ կատարվեց երեկ, դա վերջին մեխն էր եվրաինտեգրման դագաղին: Դրանով մենք ցույց տվեցինք, թե ով ենք մենք:
Մենք մեզ դիրքավորել ենք Զիմբաբվեի, Սուդանի, Վենեսուելայի և էլի մի քանի նման, եթե կարելի է ասել, պետությունների շարքում, այլևս խոսել, թե մենք ունենք եվրոպական նկրտումգ մենք ունենք վենեսուելական նկրտում, Ռոբերտ Մուգաբեի ղեկավարած պետության տեսլական: Մենք դա ֆիքսել ենք:
194 երկրներից մենք մտնում ենք 10-ի մեջ, Ռուսաստանը չենք հաշվում, դա Ռուսաստանի խնդիրն էր: Մենք այն 10 «failed» (ձախողված) երկրներն ենք, որոնց հետ աշխարհում որևէ մեկը հաշվի չի նստում, և նրանք պետք է փորձեն Ռուսաստանին աջակցելով` ինչ-որ բան ակնկալելգ Մենք մեզ վերանայելու հարց ունենք` հասկանանք, թե մենք ի՞նչ ենք ուզում: Սպարտակի ապստամբության ժամանակ ստրուկները բռնում տիրոջը սպանում էին, հետո ձերբակալում, գլադիատորական մարտեր էին անում, նայում էին` ոնց են իրար հետ կռվում, և կարծում էին` վերջ, կյանքի նպատակը դա էր: Մենք է՞դ ենք ուզում, ո՞ւր ենք մենք գնում: 22 տարի մեզ այդ են հրամցնում, թե` մենք անկախություն չենք նվաճել, Սովետ էր, քանդվեց: Ո՛չ, մենք զոհեր ենք տվել, Ղարաբաղում առաջին 2,5 տարին պատերազմել ենք ռուսական բանակի դեմ, ո՞վ էր «Կոլցո» օպերացիաներ անումգ Մենք վաստակել ենք այս անկախությունը և միայն մենք չենք սրա կրողը, մենք պարտք ունենք մեր պապերի առջև, ովքեր հարյուրամյակներով պայքարել են սրա համար: Ով ուզում է` լինի, լեգիտիմ ես, լեգիտիմ չես, սա լեգիտիմությունից բարձր խնդիր է:
Մեզնից է կախված` մենք սա կհանդուրժե՞նք, թե՞ ոչ: 91 թվականին հռչակել ենք, չէ՞, որ Հայաստանը վերջապես իր տեղն է վերագտնում ազատ ազգերի ընտանիքում: Մենք որևէ մեկին չենք լիազորել` գնա Զիմբաբվեի շարքում մեզ դասի: Դա հակասում է մեր ամեն ինչին` մեր Անկախության հռչակագրին, մեր ճանապարհին և Եռաբլուրում պառկած մեր եղբայրների հիշատակին»:
«168 Ժամի» հետ զրույցում Հայաստանի իշխանության քայլը քննադատեց նաև «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նա նշեց, թե բավական տարօրինակ էր այն փաստը, որ ՀՀ արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ կքվեարկի, սակայն հաջորդ օրը, ի թիվս վերոնշյալ 11 պետությունների` «քվեարկեց Ռուսաստանի շահերի հանգույն»:
«Շատ տարօրինակ, մեզ համար անպատվաբեր խմբակ է` «իզգոյ» պետությունների, գումարած Ռուսաստան, որովհետև Ռուսաստանն այժմ «իզգոյ» պետություն անվանել, ամեն դեպքում, հնարավոր չէ: Բայց գնալ Հյուսիսային Կորեայի կամ Վենեսուելայի խմբակ, նշանակում է, որ մենք առնվազն պետք է ունենայինք Կորեայի կամ Վենեսուելայի ռեսուրսները:
Մենք գիտենք, որ Վենեսուելան ունի նման ռեսուրս` հսկայական նավթային պաշարներ, Հյուսիսային Կորեան ունի որոշակի ռեսուրս. Չինաստանից սկսած` իրեն աջակցում են ֆինանսներով, տեխնոլոգիաներով, և այլն, և այլն, նաև ունենալով միջուկային զենք, այդ ռեսուրսներով կարողանում է դիմակայել միջազգային ճնշումներին, թեև ես չեմ նախանձում Հյուսիսային Կորեայի ժողովրդի վիճակին: Նույնը վերաբերում է այդ խմբակի մյուս պետություններին` Նիկարագուայից մինչև Մուգաբեի Զիմբաբվե: Բայց երբ այդ խմբակում հայտնվում է Հայաստանը, տարօրինակ է` այն դեպքում, երբ նույնիսկ Ղազախստանը կողմ չքվեարկեց, անգամ Չինաստանը և Իրանը ձեռնպահ մնացին: Եվ հանկարծ` Հայաստանի հլու-հնազանդ կեցվածքը»,- ասաց մեր զրուցակիցը:
Նա հիշեցրեց, որ մինչ քվեարկությունը Հայաստանի իշխանություններն ամեն կերպ փորձել էին շտկել իրավիճակը. ելույթ էր ունեցել Սերժ Սարգսյանը, բացատրել էր Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցում արտահայտած իր դիրքորոշման պատճառները, խոսել էր հայ-ուկրաինական եղբայրական հարաբերությունների մասին.
«Դրանից հետո նման քայլը մի բան է նշանակում` մեր իշխանություններն առաջնորդվում են բացարձակապես անձնական շահերով, տվյալ դեպքում` իրենց իշխանության պահպանման, և ես ենթադրում եմ, որ այդ որոշումը կայացվել է ինչ-որ քննարկումների արդյունքում: Այո՛, պարտադրանք է այն իմաստով, որ իրենց իշխանությունը Մոսկվայի կողմից չվտանգելու դիմաց` գնացել են հերթական նման զիջմանը` մեր ինքնիշխանության և միջազգային հեղինակության հաշվին»:
Խուրշուդյանը նշեց, որ անգամ մեկ հեռախոսազրույցը Պուտինի հետ, որում Սերժ Սարգսյանը պարզապես խոսել էր ազատ կամարտահայտման իրավունքի իրացման մասին և հստակորեն կողմ չէր արտահայտվել Ղրիմը Ռուսաստանին միացնելու քայլին, լուրջ գնահատականների և ակնարկների պատճառ դարձավ:
Իսկ այս մեկը, նրա խոսքերով, արդեն կոնկրետ քայլ է` միջազգային մասշտաբով, կոնկրետ դիրքավորում է միջազգային հարաբերություններում` ընդդեմ ողջ միջազգային հանրության, քանի որ մեծամասնությունը դեմ քվեարկեց Ղրիմի անջատմանը:
«Այնպես որ, կարծում եմ, որ սա կարող է շատ տխուր հետևանքներ ունենալ Հայաստանի համար, և, եթե այս իշխանությունները կարծում են, թե կարող են Հայաստանից առանձին ապահովել իրենց շահերը, ապա իրենք սխալվում են, որովհետև իրենք գտնվում են նույն նավակում, որը կոչվում է Հայաստան: Մենք բոլորս այդ նավակում ենք»,- ասաց Հ. Խուրշուդյանը:
Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այս առումով ավելի սակավախոս էր: Մեզ հետ զրույցում Ուրիխանյանը նշեց հետևյալը. «Դա պաշտոնական Երևանի, արտաքին քաղաքական գերատեսչության դիրքորոշումն է, և անկեղծ ասած` կարծում եմ, որ միայն իրենք կամ իրենց կողմից լիազորվածներն են կոմպետենտ մեկնաբանելու այդ որոշումը: Ես զերծ կմնայի: Կոռեկտությունից ելնելով` չեմ ուզում որևէ որակում տալ»:
Փոխարենը` պաշտոնական Երևանին մեկնաբանել է ԲՀԿ մեկ այլ ներկայացուցիչ` նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Հայաստանի նախկին արտգործնախարարը, «Սիվիլնեթի» հարցմանն ի պատասխան, ասել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանը պետք է ձեռնպահ քվեարկեր Ուկրաինայի ներկայացրած բանաձևին, որով Ղրիմում անցկացված հանրաքվեն ճանաչվում է անօրինական:
«Ուկրաինայի ներկայացրած և արդեն ձայների մեծամասնությամբ ընդունված բանաձևը ոչ օրինական է համարում Ղրիմի հանրաքվեն և Ռուսաստանի կողմից դրա բռնակցումը: Առաջինի հետ կապված` մենք, իհարկե, չենք կարող կողմ լինել, որովհետև պաշտպանում ենք ժողովուրդների կամարտահայտությունն ու ինքնորոշման իրավունքը:
Մյուս կողմից` մենք չենք կարող դեմ լինել երկրորդ դրույթին, որովհետև ինքներս Ղարաբաղում անցկացված հանրաքվեից հետո, արդեն 23 տարի է` շարունակում ենք բանակցել Ադրբեջանի հետ` համաձայնեցված լուծման հասնելու համար: Այս երկուսի համադրումը` բնականաբար, հուշում է, որ պետք էր ձեռնպահ քվեարկել` դրանով իսկ ընդգծելով մեր սկզբունքայնությունը: Բացի այդ, Հայաստանը պետք է կանխատեսեր, որ կարող է հայտնվել մի ցուցակում, որում հիմնականում ավտորիտար և միջազգայնորեն մեկուսացած երկրներ են: Որպես քվեարկության ուղենիշ` սա, թերևս, ավելի կարևոր էր, որովհետև վերջիվերջո սա է հիշվելու և ոչ թե` մեր սկզբունքայնությունը կամ ոչ սկզբունքայնությունը: Ես համոզված եմ, որ ճիշտը ձեռնպահ քվեարկելն էր»,- բացատրել է Վարդան Օսկանյանը:
Մեզ հետ զրույցում ՄԱԿ-ի քվեարկությունը մեկնաբանեց նաև բրիտանական «Global Insight» պաշտպանության և անվտանգության հարցերով վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
Նա նշեց, որ հարցում երկու վճռորոշ հանգամանքներ կան. առաջինը` Հայաստանն ունի ղարաբաղյան հիմնախնդիր, որի կարգավորման գործընթացում պաշտպանում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, և որի պատճառով Հայաստանը սատարում է Ռուսաստանին Ղրիմի հարցում, երկրորդ հանգամանքը, որն ավելի հիմնավոր է, Հայաստանի վրա Ռուսաստանի մեծ ազդեցությունն է:
«Հայաստանը դիտարկում են` որպես Ռուսաստանի արբանյակ-պետությունը, և, բնականաբար, եվրոպացի ու ամերիկյան քաղաքական գործիչների համար բացահայտում չէ այն փաստը, որ Հայաստանն այնքան էլ անկախ արտաքին քաղաքականություն չունի և այս հարցում պարզապես հետևում է ռուսական արտաքին քաղաքականությանը»,- ասաց Լիլիթ Գևորգյանը:
Նրա խոսքերով` այս դեպքում Հայաստանի նախագահի համար ավելի հեշտ է բացատրել այսպիսի դիրքորոշումը, քանի որ Հայաստանը նման դիրքորոշում ունի ԼՂ-ի հարցում: Թեև, ըստ վերլուծաբանի` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը նպաստելը Հայաստանի դիրքորոշման շարժառիթներից մեկն է, միաժամանակ նա վստահ չէ, որ Ռուսաստանը, հատկապես ներկայիս լարված աշխարհաքաղաքական իրավիճակում, նույնպիսի պահվածք կդրսևորի ղարաբաղյան հարցում, և հրաժարվելով Մինսկի խմբի ձևաչափից` կտրուկ այլ դիրքորոշում կորդեգրի` հօգուտ Հայաստանի: Լիլիթ Գևորգյանի կարծիքով` ԼՂ հարցն ավելի շատ նման է Կոսովոյին, քան Ղրիմին, և Լեռնային Ղարաբաղի ու Ղրիմի միջև զուգահեռները կարող են վնասել ղարաբաղյան կարգավորմանը:
«Իսկապես Ղրիմի հանրաքվեի անցկացման գործընթացում կային թերություններ. այն անցկացվել է կարճ ժամանակահատվածում, ազատ քարոզարշավի հնարավորություն չի տրվել, զորքերն էին ներկա: Ղարաբաղի դեպքում որոշումը կայացվել է, երբ այլընտրանք չի եղել, որովհետև բռնի ուժ է գործադրվել էթնիկ հայերի նկատմամբ: Նույն փաստարկն ունի Կոսովոն: Սա պատճառներից մեկն էր, որ Արևմուտքը պաշտպանեց Կոսովոյի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Բացի այդ` Ղարաբաղն անմիջապես չի միացել Հայաստանին, Ղարաբաղը ցանկանում է դառնալ միջազգայնորեն ճանաչված անկախ պետություն»,- բացատրեց վերլուծաբանը:
Լիլիթ Գևորգյանն ավելացրեց, թե համաձայն է, որ ավելի չեզոք դիրքորոշումը, ձեռնպահ քվեարկելն ավելի ճիշտ և ավելի օգտակար կլիներ Հայաստանի համար:
«Այնպիսի փոքր պետություններ, ինչպիսին, օրինակ, Հայաստանն է, երբ հայտնվում են աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ, իհարկե, միշտ էլ ավելի լավ է, որ չեզոք դիրք գրավեն, եթե կարող են: Հիմա հարցն այն է, թե արդյո՞ք նախագահը կարող էր և չարեց, թե՞ չէր կարող: Իմ կողմից այդ հարցին պատասխանելը սպեկուլյացիա (շահարկում) կլինի: Եթե ասեմ` կարող էր և չարեց, անհիմն կարծիք կլինի, գուցեև չէր կարող: Ես վստահ չեմ, թե ինչն էր շարժառիթը, որովհետև Հայաստանում որոշումների ընդունման գործընթացը թափանցիկ չէ: Չեմ կարծում, որ եղել է թափանցիկ որոշում կամ հասարակության հետ երկար քննարկում»,- ավելացրեց բրիտանական կենտրոնի վերլուծաբանը:
ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունը նախօրեին մեկնաբանել է նաև իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով հայտարարել է, թե Հայաստանի դիրքորոշման մեջ որևէ անակնկալ չկա:
«Կարծում եմ` որևէ անակնկալ բան չկա, որովհետև Հայաստանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է` մենք մշտապես ազատ կամարտահայտման միջոցով ազգերի ինքնորոշման կողմնակից ենք, Ռուսաստանի Դաշնությունը մեր դաշնակիցն ու ստրատեգիական գործընկերն է»,- նշել է Շարմազանովը:
Ավելի ուշագրավ մեկնաբանություն է տվել Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ով «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում հերքել է, թե ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
«Մենք քվեարկել ենք այնպես, ոնց որ քվեարկել ենք, ոնց որ որոշում ենք: Քվեարկել ենք այնպես, ոնց որ ճիշտ ենք գտել, և մեր պետական և ազգային շահերից է բխում:
Մենք քվեարկել ենք՝ ելնելով մեր երկրի ազգային և պետական շահերից. քվեարկությունը եղել է մտածված և բխում է մեր երկրի և ժողովրդի շահերից»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը: