Կուտակային կենսաթոշակային բաղադրիչը հակասում է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ և 14.1.3 հոդվածներին

Այսօր ՍԴ-ում ԱԺ չորս ուժերի ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ժամանակ հայցվորի ներկայացուցիչ Մերի Խաչատրյանը հայտարարեց, որ պարզ վերլուծությունը ցույց է տալիս՝ կուտակային համակարգին ենթակա քաղաքացիների տարիքը սահմանելիս օրենքը հակասության մեջ է մտնում Սահմանադրության հետ, ըստ որի, մարդու ազատությունը հիմնարար արժեք է, օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, նաև արգելվում է սեռային, տարիքային, գույնի, կրոնի և այլ խտրականությանը:

«Տարիքային ցենզ սահմանելիս պարզ չէ, թե ինչի վրա են հիմնվել՝ հենց 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնվածների վրա նման բեռ դնելով»,- նշեց Մ.Խաչատրյանը: Նրա խոսքով՝ մարդկանց տարբերակումը խախտում է օրենքով սահմանված հավասարությունը:

Ըստ հայցվորի ներկայացուցչի, վիճարկվող օրենքի կիրարմամբ խախտվում է նաև սեփականության իրավունքը, եթե աշխատավարձը բարձր է 500 հազար դրամից, ապա պահումները կգերազանցեն աշխատավարձի 5%-ը, քանի որ պետության մասնակցության համար սահմանվել է մինչև 25 հազար դրամ շեմը:

«Նվազեցվում է քաղաքացիների բազային եկամուտը և խախտվում է մրցակցությունը»,- ասաց Մ.Խաչատրյանը:

Ըստ նրա՝ քաղաքացիները կարող են բանկում ներդնել իրենց խնայողությունները և ստանալ ավելի բարձր եկամուտ, իսկ այս դեպքում հազարավոր սեփականատերեր մի քանի տասնյակ տարիներ չեն կարողանալու կիրառել իրենց սեփականության իրավունքը: Եթե անգամ դա կատարվում է հանրային նպատակներով, ապա միևնույնն է՝ անձը զրկվում է իր սեփականությունն իր հայեցողությամբ տնօրինելու իրավունքից: Մ.Խաչատրյանը մատնանշեց, որ սեփականության իրավունքի բարձրագույն արժեք լինելու վերաբերյալ կա նաև ՄԻԵԴ-ի նախադեպային վճիռ:

Միարժամանակ Մ.Խաչատրյանը հայտարարեց, որ օրեքնի 8-րդ հոդվածով անհամաչափ բեռ է դրվել գործատուների վրա, քանի որ գործատուն չի կարող համարվել հարկային գործակալ, հետևաբար առկա է ոչ համաչափ իրավունք գործատու-աշխատող հարաբերություններում:

 

Տեսանյութեր

Լրահոս