Հովիկ Աբրահամյանի կարծիքով՝ ԲՀԿ-ն չի պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները պատրաստվում են ապրիլի 28-ին հանդես գալ Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ: Այս ընթացքում քառյակի ներկայացուցիչները հայտարարում են, թե ՀՀԿ-ից «բեկորներ կպոկվեն», «առնետավազք» կսկսվի, և մեծամասնության մի շարք պատգամավորներ կողմ կքվեարկեն իրենց նախաձեռնությանը:
168.am-ը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀԿ-ից «բեկորներ կպոկվե՞ն», «առնետավազք» կսկսվի՞, ինչպես պնդում են քառյակի որոշ անդամներ: Ի պատասխան Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ կլինի նման բան: ՀՀԿ խմբակցությունը, կուսակցությունը շատ կուռ է և որևէ նման բեկոր պոկվել ես չեմ տեսնում»:
Նա նշեց, թե Կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը ինքը չի կարող ստվերել, որովհետև քանի դեռ «կան մտահոգություններ, պարտավոր ենք նստել, քննարկել»:
Հարցին, թե «հրաշալի քառյակի» նախաձեռնությունը կիրականանա՞, նա այսպես պատասխանեց. «Ամեն դեպքում մեզ համար ընդունելի է այն ձևաչափը, որ եթե կան մտահոգություններ, ուրեմն՝ ԱԺ-ն այն ամբիոնն է, որ պետք է բացատրություն պահանջվի, ներկայացվի հանրությանը, անկախ նրանից՝ նախաձեռնողը հրաշալի՞ է, թե՞ հրաշալի չէ»:
Միևնույն ժամանակ նա նշեց, թե ոչ իշխանական ուժերի կողմից ինքը նման նախաձեռնության վերաբերյալ շուրջ առաջարկ չի ստացել, ուստի այն կքննարկի ստանալուց հետո: «Եթե մի նախաձեռնություն չկա, մի հարց չկա օրակարգում, ապա ի՞նչ գնահատական տամ»,- նկատեց նա:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն Կառավարությանը վստահո՞ւմ է, նա այսպես պատասխանեց. «Այո, այո, մենք ենք ձևավորել կառավարությունը և մենք վստահում ենք»:
Հարցին, թե հասարակությունը վստահո՞ւմ է կառավարությանը, նա պատասխանեց. «Դե ես հարցում չեմ անցկացրել, եթե դուք անցկացրել եք…»:
Իսկ հարցին, թե հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն ինչ-որ պահից սկսած պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, ԱԺ նախագահը հավաստիացրեց. «Իմ կարծիքով՝ ոչ»:
Հովիկ Աբրահանյանը անպատասխան թողեց մեր այն հարցը, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն չի կարող պահաջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: