
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն ուղղել է իր սխալը

«Դրական հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Միասին աշխատելով՝ տևական խաղաղությունը հնարավոր է»,- թվիթերյան իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ կայացած հանդիպմանը:
Նա իր էջում նաև մեկ այլ գրառում է կատարել.
«Ինձ ուղղեցին այսօր՝ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է: Եվ այնուամենայնիվ, մենք խնդրի խաղաղ լուծում ենք ցանկանում բոլոր կողմերի համար»:
Հիշեցնենք, որ ուկրաինական իրադարձությունների համատեքստում որոշ ժամանակ առաջ Ուորլիքը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, հայտարարել էր, թե անհրաժեշտ է փորձել հասկանալ՝ ի՞նչ կարելի է սովորել Ուկրաինայի իրադարձություններից «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության համար»: