Ինչպես են ընդդիմությունն ու իշխանությունը պայքարում Հայաստանի դեմ
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները վստահեցնում են, որ հիմնադիր նախագահը 4-5 օր առաջ հեռախոսային խոսակցություն է ունեցել Ռուսաստանի իշխանության շատ բարձրաստիճան ներկայացուցչի հետ: Թե կոնկրետ ում հետ է եղել խոսակցությունը, չգիտեն անգամ նրանք, ովքեր համարվում են ամենավստահելիները:
Բայց կարևորը ոչ թե դա է, այլ այն, ինչ ներկայացվել է այդ հեռախոսազրույցից հետո. Տեր-Պետրոսյանի զրուցակիցը վստահեցրել է, որ ռուսական իշխանությունն ամբողջովին աջակցում է ՀԱԿ-ին, ինչը նշանակում է, որ իշխանափոխության գործը կարելի է ամբողջ թափով առաջ տանել: ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ Ռուսաստանի իշխանությունն այլևս չի վստահում Հայաստանի գործող իշխանությանը, որն ամեն հնարավոր առիթով «խաղեր է տալիս» Արևմուտքի հետ, և մտադիր է Հայաստանում ունենալ ավելի կայուն և վստահելի գործընկեր:
ՀԱԿ-ում տեղյակ են նաև, որ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները խոսել են նաև ԲՀԿ-ի ղեկավարի հետ և նրան ևս հորդորել են ակտիվորեն ներգրավվել ներքաղաքական պայքարում:
Ի տարբերություն ՀԱԿ-ի ղեկավարության, ԲՀԿ ղեկավարն ունի սեփականության պահպանման խնդիր, և ըստ ամենայնի` Ռուսաստանից երաշխիք են տվել, որ իշխանության դեմ բացահայտ հանդես գալու դեպքում կապահովեն Ծառուկյանի սեփականության անձեռնմխելիությունը:
Ծառուկյանը կարող է հայտնված լինել երկու քարի արանքում. մի կողմից` նա վախենում է հանդես գալ Հայաստանի իշխանության դեմ` հասկանալով դրա վտանգավորությունը, բայց մյուս կողմից` չի կարող մերժել Ռուսաստանի իր հովանավորներին, քանի որ նրանց աջակցությունը կորցնելու դեպքում կարող է ավելի խոցելի դառնալ Հայաստանի իշխանության համար:
Թե որքանով են իրական այս խոսակցությունները` դժվար է ասել: Բայց կա հստակ միտում, որ Հայաստանի քաղաքական ուժերի վարքագիծը մշտապես պայմանավորված է եղել արտաքին գործոններով: Քաղաքական ուժերի ղեկավարներն այս կամ այն ներքաղաքական գործընթացը նախաձեռնելիս փորձել են ստանալ արտաքին ուժերի աջակցությունը` համարելով, որ միայն արտաքին աջակցության դեպքում իրենց կհաջողվի հասնել հաջողության:
Իսկ այդ աջակցության բացակայությունը կօգնի, որ իշխանությունը հեշտությամբ հաշվեհարդար տեսնի ընդդիմության հետ: Բացի այդ, արտաքին ուժերը հանդես են գալիս ներքաղաքական գործընթացների ֆինանսական հովանավորի դերում: Հայաստանի ընդդիմությունը զրկված է ներքին ֆինանսական աղբյուրներից, իսկ քաղաքական գործունեություն իրականացնել առանց ֆինանսական միջոցների անհնար է: Այնպես որ, եթե անգամ ընդդիմությանը չի հաջողվում քաղաքական հաջողության հասնել իշխանության գալու գործում, միևնույն է, ֆինանսական հաջողությունն ի սկզբանե երաշխավորված է:
Իսկ ո՞րն է Ռուսաստանի շահը, և ինչո՞ւ է նա հերթական անգամ փորձում սրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Չնայած Հայաստանի իշխանությունը հայտարարել է, որ պատրաստվում է մտնել Մաքսային միություն և դառնալ Եվրասիական տնտեսական միության հիմնադիրներից մեկը, սակայն առիթը բաց չի թողնում կրկնել, որ շարունակում է «և-և»-ի քաղաքականությունը:
Հայաստանի ղեկավարությունը պաշտոնական մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, ինչը երեկ արեց Ուկրաինայի նոր ղեկավարությունը: ԵՄ ղեկավարությունը մինչ այժմ համարում էր, որ Ասոցացման համաձայնագրի քաղաքական և տնտեսական մասերը (Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր) իրարից անբաժան են, և դրանք հնարավոր է ստորագրել միաժամանակ:
Բայց երեկ Ուկրաինայի հետ միայն դրա քաղաքական մասի ստորագրումը ցույց տվեց, որ փոխվել է նաև Եվրամիության մոտեցումը: Հնարավոր է, որ Եվրամիությունը համաձայնի, որ Հայաստանը ևս ստորագրի Ասոցացման պայմանագրի քաղաքական մասը, ինչը կնշանակի, որ Հայաստանը շարունակում է փոխլրացման քաղաքականությունը, այսինքն` փորձում է ամբողջական կախվածության մեջ չլինել Ռուսաստանից և որոշակի ինքնուրույնություն պահպանել: Ինչը, հասկանալիորեն, անընդունելի է Ռուսաստանի համար:
Ռուսաստանն իրադարձությունների նման ընթացքը կանխելու միայն մի ճանապարհ ունի. ցույց տալ, որ եթե Հայաստանի իշխանությունը փորձի շարունակել «և-և»-ի քաղաքականությունը, ապա ընդդիմությունը նրան կսպառնա իշխանափոխությամբ: Իսկ իշխանությունը պահելն ավելի կարևոր է, քան «և-և»-ի կամ ցանկացած քաղաքական սկզբունք: Մի խոսքով, ընդդիմությունն իր քաղաքական ակտիվությամբ կստիպի, որ Հայաստանը հրաժարվի Եվրամիության հետ թեկուզ ձևական հարաբերություններից և հայտնվի Ռուսաստանից ամբողջական կախվածության մեջ:
Ինչպես ընդդիմությունն է փորձում իշխանության դեմ պայքարում ունենալ Ռուսաստանի իշխանության աջակցությունը, այնպես էլ Հայաստանի իշխանությունն ընդդիմությանը ճնշելու և նրան որպես մրցակից վերացնելու հարցում փորձում է ստանալ ռուսական իշխանության թույլտվությունը:
Հայաստանի նախագահի` Ղրիմի հարցում ռուսական դիրքորոշումը պաշտպանելու կիսահայտարարությունը կարող է ընկալվել նաև այս կոնտեքստում: Հայաստանի իշխանությունը փորձում է ցույց տալ, որ պատրաստ է ցանկացած հարցում պաշտպանել ռուսական կողմին և դրա դիմաց կարող է ակնկալել միայն այն, որ Ռուսաստանը թույլ տա, որ Հայաստանի իշխանությունը լուծի ընդդիմության ոչնչացման հարցը:
Ռուսաստանը կարող է դա իրեն թույլ տալ միայն այն դեպքում, երբ Հայաստանն ամբողջապես և վերջնականապես կհայտնվի Ռուսաստանի ազդեցության ոլորտում: Այդ դեպքում Հայաստանում ընդդիմության անհրաժեշտությունը միանգամայն ավելորդ կլինի, ինչպես որ իշխանության գոյությունն` ընդհանրապես:
Այնպես որ, Հայաստանի ընդդիմությունն ու իշխանությունը զբաղված լինելով միմյանց ոչնչացնելով` իրականում ամեն ինչ անում են Հայաստանը՝ որպես անկախ պետություն, ոչնչացնելու համար: