Ինչու քառյակը բոյկոտեց «Դեմ եմ»-ի հանրահավաքը

Այսօր կայացած «Դեմ եմ» նախաձեռնության հանրահավաքը սպասվում էր, որ պետք է լինի աննախադեպ բազմամարդ, որը ճնշում պետք է լիներ իշխանությունների նկատմամբ և նրան ստիպեր հրաժարվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կիրառումից: Սակայն այսօր «Ազատության» հրապարակում նկատելիորեն  քիչ մարդ էր հավաքվել, քան մարտի 1-ին ՀԱԿ կուսակցության կազմակերպած հանրահավաքի ժամանակ: Եվ սա՝ այն դեպքում, երբ այսօրվա հանրահավաքին մասնակցելու հրավեր ունեին «խորհրդարանական քառյակի» խմբակցությունները և այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

Առաջին հայացքից անտրամաբանական է, որ առանձին վերցված մեկ կուսակցության հանրահավաքն ավելի բազմամարդ է ստացվում, քան այդ կուսակցության և ևս երեք կուսակցությունների ու քաղաքացիական նախաձեռնության համատեղ հանրահավաքը:

Չնայած ֆորմալ առումով «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը և «խորհրդարանական քառյակը» համագործակցում են, սակայն այս ուժերի միջև առկա մրցակցությունն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: «Դեմ եմ» նախաձեռնության անդամներն ուզում են օգտագործել խորհրդարանական խմբակցություններին՝ «Կուտակային կենսաթոշակների մասին»  օրենքում փոփոխություններ կատարելու համար, դրանից հանելու  պարտադիր բաղադրիչը: Խորհրդարանական քառյակն իր հերթին՝ փորձում է օգտագործել «Դեմ եմ» շարժմանը՝ կառավարության և նրա ղեկավարի դեմ իր պայքարում, նկատի ունենալով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծը խորհրդարան է ներկայացվել  կառավարության կողմից, և կառավարությունը շարունակում է պնդել, որ այդ օրենքը պետք է գործի հենց ներկայիս տեսքով: Խորհրդարանական խմբակցությունների մոտեցումն այն է, որ այս օրենքի գործունեությունը դադարեցնելու միակ ճանապարհն օրենքը ստեղծած կառավարության փոփոխությունն է:

Ինչ որ պահի թվում էր, թե շարժումը և խորհրդարանական քառյակը՝ ունենալով շահերի ընդհանրություն, համաձայնության են եղել համատեղ պայքարի շուրջ: Բայց այդ տպավորությունը միանգամից հօդս ցնդեց, երբ հանրահավաքին նախորդող օրերին շարժման ակտիվիստները հրապարակայնորեն հայտարարեցին, որ իրենց պայքարը քաղաքական չէ, և իրենք չեն կարող օգտագործվել քաղաքական ուժերի կողմից: Այսօրվա հանրահավաքի սակավամարդությունը քաղաքական ուժերի պատասխանն էր «Դեմ եմ» շարժման ակտիվիստներին:

Մարտի 1-ի ՀԱԿ հանրահավաքի կազմակերպման համար բավական ֆինանսական միջոցներ էին ծախսվել, այդ թվում՝ մարզերից Երևան հանրահավաքի մասնակիցների գալն ապահովելու համար: Այն մարդիկ, ովքեր զբաղված են կազմակերպչական հարցերով, այսօր  վստահեցնում էին, որ իրենց ասել են, որ այս հանրահավաքը սկզբունքային նշանակություն չունի «իշխանափոխության հարցում», սա «ջահելների» հավաքն է, և հենց այդ պատճառով իմաստ չունի փող ծախսել Երևան մարդ բերելու համար: Քաղաքական ուժերի կողմից «Դեմ եմ»-ի շարժումը բոյկոտելու ակնհայտ դրսևորում էր նաև այն, որ հանրահավաքին ելույթ չունեցավ ՀԱԿ կուսակցության որևէ ներկայացուցիչ, իսկ ԲՀԿ-ն մասնակցեց իր երկրորդ էշելոնով՝ ի դեմս Վահան Բաբայանի:

Խորհրդարանական քառյակի մեսիջը քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներին պարզ էր ու բացահայտ. առանց ձեզ էլ մենք կարող ենք հրապարակ լցնել, իսկ առանց մեզ դուք ընդամենը պետք է բավարարվեք կիսադատարկ հրապարակով: Այնպես որ, եթե ուզում եք օրենքը փոխել, պետք է փոխել վարչապետին, ում դեմ քաղաքացիական ակտիվիստները երեկ որևէ հասցեական  քննադատություն չհնչեցրեցին:

Տեսանյութեր

Լրահոս