Գագիկ Հարությունյան. «Ռուսաստանն իրեն զգաց խոշոր աշխարհաքաղաքական դերակատար»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը խոսեց Ղրիմի հանրաքվեի և տարածաշրջանային զարգացումների վրա դրա հնարավոր ազդեցությունների մասին: «Ուկրաինան Խորհրդային Միության տարիներին բավական զարգացած հանրապետություն էր: Վերջին 25 տարում Ուկրաինայի տնտեսությունն էապես նվազել է, և համաձայն կանխորոշումների` միայն 2016 թվականին (եթե հաշվի չառնենք այս վերջին դեպքերը) պետք է հասներ այն մակարդակին, ինչ որ ուներ 1985 թվականին: Բայց ներկայում բոլոր ֆինանսական մեկնաբանները կարծում են, որ արդեն 2016 թվականն իրատեսական չէ, և շատ ավելի ուշ կհանգենք տնտեսական տեսակետից Ուկրաինայի վերականգնմանը»:
Բանախոսի խոսքով` Ուկրաինան մեծ սոցիալական կատակլիզմի, փոփոխությունների մեջ է. «Փաստորեն, չկա պետություն, օրենքը չի գործում, մենք տեսնում ենք, թե ինչպես են իրենք վարվում իրենց իսկ քաղաքացիների հանդեպ: Անվտանգության խորհուրդը մի որոշում է ընդունում, նախագահը հետո վետո է դնում, այսինքն՝ այդ պառակտումը, որ կար արևմտյան և արևելյան Ուկրաինաների միջև, միայն և միայն խորանալու է, այսինքն՝ երկիրը դեռ շատ երկար ժամանակ մնալու է սոցիալական, տնտեսական, ինչո՞ւ չէ, նաև էթնիկական ոչ բարվոք իրադրության մեջ: Միևնույն ժամանակ, ասեմ, որ դա առաջին հերթին՝ ուկրաինական ղեկավարության սխալների արդյունք է, որովհետև Ուկրաինան ուներ մեծ շանս՝ լինելու կապող օղակ Եվրամիության և Ռուսաստանի միջև: Այսինքն, եթե նա չգնար «կամ-կամ» տարբերակով, ապա մեծ դիվիդենտներ կարող էր ստանալ այդ գործընթացից»:
Ըստ Գ.Հարությունյանի` միակը, ով շահեկան դուրս եկավ այս իրադարձություններից, Ամերիկայի Միացյալ Նահանգներն էր, որը միջնորմ, անջրպետ դրեց Ռուսաստանի և Եվրամիության միջև. «Եվ ռուսական, և գերմանական, և ֆրանսիական այն քաղաքական գործիչները, որոնք շատ էին խոսում մեծ Եվրոպայի (Լիսաբոնից՝ Վլադիվոստոկ) մասին, իհարկե, պետք է բավական ժամանակով ցտեսություն ասեն այդ նախագծին: Այդ առումով Եվրոպան տուժող կողմ է, բայց միանգամայն հաղթող կողմ չի նաև Միացյալ Նահանգները, որովհետև այս իրողությունները ստիպեցին Ռուսաստանին ավելի մերձանալ Չինաստանի հետ, այսինքն՝ իրենց դեմքը շուռ տվեցին դեպի ավելի Արևելք: Սա լուրջ խնդիր է Միացյալ Նահանգների համար: Այսինքն՝ ունեն միջնաժամկետ շահեր, բայց երկարաժամկետ առումով, աշխարհաքաղաքական առումով, գուցե, դա ինչ-որ սխալ էր, և դրա մասին առաջին հերթին՝ այսօր խոսում են հենց իրենք` ամերիկյան վերլուծաբանները»:
Գագիկ Հարությունյանը նշեց, որ Ռուսաստանը կորցրեց Ուկրաինան. «Եվ դա, հիմնականում, նույն ռուսական քաղաքականության սխալների հետևանք էր, որ չկարողացան վարել, այսպես ասած՝ փափուկ ուժի քաղաքականությունը և իրենց կողմը քաշել քաղաքակրթական, էթնիկական առումով իրենց իսկ եղբայր ժողովրդին: Սա, իհարկե, խոշոր տապալում էր Ռուսաստանի համար: Միևնույն ժամանակ՝ տեղի ունեցավ մեկ այլ բան, որն, իհարկե, պետք է դրական համարենք Ռուսաստանի համար: Տեղի ունեցավ համերաշխություն և միաբանություն՝ կապված Ղրիմի միացման հետ: Դա բավական լուրջ գործոն է, այսինքն՝ Ռուսաստանն իրեն զգաց խոշոր աշխարհաքաղաքական դերակատար»: