«Ռոթարի» ակումբը քաղաքականացված չէ, թեև ունենք «Ժառանգության», ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի անդամներ. tert.am

Tert.am-ի հետ զրույցում «Երևանի Ռոթարի ակումբի» հիմնադիր քարտուղար Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց 1991 թվականից առ այսօր իրենց ակումբի անդամների քանակը, գործունեության սկզբունքները: Նրա խոսքով, թեև ունեն Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» կուսակցությունների անդամներ, երբեք քաղաքական թեմաներով չեն խոսում: Իսկ Հայաստանում, ինչպես ամենուր, հենց Ահարոն Ադիբեկյանի խոստովանությամբ, զգում են հատուկ ծառայությունների հատուկ ուշադրությունը:

– Քանի՞ անդամ կա «Ռոթարի» ակումբում։

– Մեր մոտ օրինակ՝ 14 է, բայց կա, որ դուրս են գալիս, գնում են այլ երկիր, կամ տարիքն առած են լինում, կամ գործի բերումով չեն կարողանում մասնակցել էդ օրը, չորեքշաբթի օրը մասնակցել մեր ժողովներին… Մեկը, օրինակ, Անգոլայում հանք ա առել, գնացել ա ընդեղ: Ու ասեմ, որ ինքը կարող ա գնա, դիմի տեղի «Ռոթարի» ակումբ իրան ընդունեն որպես ռոթարիական: Լինում ա, որ ֆինասնական վիճակը լավ չի, որ կարողանա հոգա իր մասնակցության ծախսերը, մեր ճաշկերույթներին մասնակցի:

– Պարոն Ադիբեկյան, ակումբ ընդունվելու համար ինչ-որ ցենզեր կա՞ն: Այսինքն՝ ՀՀ շարքային քաղաքացին ցանկության դեպքում կարո՞ղ է ընդունվել:

– Հասարակ շարքային մարդը պիտի լինի լիդեր իրա ոլորտում, ինչ-որ մասնագիտության մեջ: Ընդ որում, էդ մասնագիտությամբ մի հոգի կարող է լինել ակումբի անդամ: Օրինակ՝ երկու հատ ատամնաբույժ պտի չլինի, կարող ա լինի մի հատ ատամնաբույժ, մի հատ ատամնատեխնիկ: Բիզնեսի տարբեր ոլորտներ, սոցիոլոգ, երկու հատ չի կարող լինել: Ու նա պետք է լինի առաջատար ու այնքան կայուն, որ կարողանա օգնի համայնքին, որովհետև մենք գործում ենք օգնելու իրար, համայնքին ու միջազգային հանրությանը: Հայաստանի «Ռոթարին» եվրոպական 56 երկրների շարքը մտած է՝ 2001 թվականից: Ու մենք Հայաստանին մի քանի միլիոն դոլարի օգնություն ենք բերել, դեղորայք, սարքավորում:

– Իսկ ընդունվելիս ինչ-որ ծեսեր կատարվո՞մ են, երդումներ, և այլն, և այլն:

– Ծես չկա, ուղղակի, եթե օրինակ, դու ուզենաս մեր անդամը դառնալ, դու ինձ ճանաչում ես, ես քեզ կհրավիրեմ իմ մոտ, կբացատրեմ՝ մենք ով ենք, ինչ ենք, կգաս նիստերին կնստես, կնայես,ելույթներ կունենաս, ու ակումբը, եթե տեսնի, որ նորմալ լրագրող ես, քեզ կհրավիրի ակումբ: «Ռոթարի» ակումբ չեն ընդունվում, ակումբ հրավիրվում են:

– Պարոն Ադիբեկյան, ասացիք՝ ամեն մասնագիտությունից մի հատ, լրագրող ունե՞ք, և ո՞վ է նա:

– Ունեինք, հիմա չունենք, իսկ անունը հիմա չեմ կարա հիշեմ, որովհետև մեր ակումբով մի 300 հոգի մարդ է անցել 1991 թվականից, բոլորին վերհիշել, թեև առաջին իսկ օրվանից ակումբի հիմնադիր քարտուղարն եմ: Ավանտյուրիստներ էլ են եղել, գող-ավազակներ, եկել են թալանի, իսկ մեզ մոտ գալիս են օգնելու, ոչ թե օգտվելու: Նրանց բացահայտել ենք ու վտարել ակումբից, կամ ասել ենք՝ դիմում տուր, թող-գնա:

– Իսկ «Ռոթարի»-ի նկատմամբ Ազգային անվտանգության ծառայության ուշադրություն զգո՞ւմ եք:

– «Ռոթարի»-ի նկատմամբ աշխարհում նույն կարգի վերաբերմունք կա, մենք բացառություն չենք… որովհետև շատերը մեզ մասոնների հետ են կապում, շփոթում… Մենք բաց ակումբ ենք, մենք աշխարհիկ ակումբ ենք, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում: Մեր խնդիրն է՝ օգնել իրար, օգնել՝ համայնքին, օգնել՝ միջազգային հանրության այն հատվածին, որը կարիքներ ունի: Պատկերացրեք, որ «Ռոթարին» ՄԱԿ-ում ունի հատուկ աթոռ, նա ՄԱԿ-ի ասոցացված անդամ է: Նա ունի հիմնադրամ, որից տարեկան կատարվում է մի քանի հարյուր միլիոն դոլարի օժանդակություն: Մենակ պոլիոմելիտը հաղթահարելու համար ներդրվել է 400 միլիոն դոլար: Նենց որ դա բավականին լուջ միազգային կառույց է, որ տարեկան ժողովին գաս, կզարմանաս. 30-40-50 000 ռոթարիական են հավաքվում տարբեր երկրներից, ու բոլորը նման են: Բարեսիրտ, բարեհամբույր, օգնող և այլն, և այլն:

– Ասում եք՝ աշխարհիկ ակումբ եք, իսկ աշխարհաքաղաքակա՞ն հարցերը. Ղրիմ, Ռուսաստան, Արևմուտք, սառը պատերազմ, ճամբարներ, ինտեգրացման տարբեր վեկտորներ, քննարկվո՞ւմ են։

– Բացարձակ, մենք դրանից դուրս ենք, մենք ունենք և՛ «Հանրապետական», և՛ «Բարգավաճ», և ՛ «Ժառանգության» անդամ, ընդ որում բավականին ակտիվ, բայց երբեք էդ թեմաների շուրջ չենք խոսում: Մարդկային, բարեգործական թեմաներ, միայն ու միայն: Մեզ մոտ ելույթ են ունեցել բոլոր դեսպանները, մենք ավելի սերտ համագործակցում ենք Ռումինիայի, Գերմանայի և Բուլղարիայի հետ:

Նաև ԱՄՆ դեսպանը մեզ շատ է օգնել. մեզ չէին ուզում ճանաչել Ադրբեջանի պատճառով, դեսպանը գնաց Ցյուրիխ, մտավ եվրոպական տարածքի մեր շտաբը, ասաց՝ «եթե հանկարծ Հայաստանը չճանաչեք, մեր վերաբերմունքը ձեր նկատմամբ կլինի վատ»: Մեկ ամսում էդ բոլոր հարցերը լուծվեցին:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս