Հայաստանը միջազգային որոնողափրկարարական թիմ կունենա
Երկօրյա արտակարգ ուսումնավարժանք
Մարտի 19-20-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորման գործընթացի շրջանակներում անցկացրեց «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով վարժանք։
Կազմակերպված վարժանքը կարևոր քայլ է` INSARAG-ի որակավորումն անցնելու ճանապարհին։ Վարժանքի ընթացքում ստուգվում են թիմի ղեկավարման կարողությունները, փրկարարների գիտելիքներն ու հմտությունները որոնողափրկարարական աշխատանքների գծով, թիմի բժշկական և նյութատեխնիկական ապահովումը։
Վարժանքին մասնակցում էր 49 հոգուց բաղկացած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը։ Վարժանքի ամբողջ ընթացքին հետևում էին Լեհաստանի ՆԳՆ պետական հրդեհային ծառայության երկու փորձագետներ։
36 ժամ անընդմեջ տևած վարժանքի գործողությունները ծավալվեցին Արտակարգ իրավիճակների նախարարության շենքում, ԱԻՆ միասնական տեխնիկական բազայի տարածքում, «Լուսակերտ» ուսումնական բազայում և Արզնու ձորում։
Մարտի 20-ին վարժանքի ընթացքին հետևելու նպատակով ԱԻ նախարար Արմեն Երիցյանն եղավ վարժանքի բոլոր տեղամասերում։ Նախարարը մասնակցեց վարժանքի բազայում խաղարկված խորհրդակցությանը, հետևեց թիմի կառավարման և որոնողափրկարարական աշխատանքների իրականացմանը։
Վարժանքի արդյունքներն ամփոփվեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունում։
Աջակցություն հարևան երկրին
Երկրաշարժի սցենարը
2014 թ. մարտի 18-ին, տեղական ժամանակով ժամը 23.45-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Կերման նահանգում, Բամ քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, հիպոկենտրոնի խորությունն է 15 կմ, մագնիտուդը` 7.2 Ռիխտերի սանդղակով:
Առավելագույն ինտենսիվությունը և հիմնական վնասները գրանցվել են Բամ և Բարավաթ քաղաքներում՝ մոտ 16 կմ շառավղով: Ըստ Կերմանի ազգային աղետների օպերատիվ խմբի տվյալների՝ հաստատվել է, որ զոհվել է մոտ 25 000 մարդ, 30 000-ը վիրավորվել են:
Աղետի գոտի են ուղարկվել ութ որոնողափրկարարական խմբեր, ինչպես նաև օգնության տրամադրման խմբեր Կերմանում, Յազդում, Բալուչիստանում, Սիստանում և Հորմոզգանում գտնվող Կարմիր մահիկի կենտրոններից: Կարմիր մահիկի միջազգային ընկերությունը տրամադրել է 3 ուղղաթիռ, ինչպես նաև ազգային բժշկական խմբեր և շտապ օգնության մեքենաներ, հոգեբանական աջակցության խմբեր:
Իրանի կառավարությունը խնդրել է միջազգային օգնություն, քանի որ տեղական ուժերը բավարար չեն օգնության տրամադրման և փրկարարական գործողություններն իրականացնելու համար: Իրանի արտաքին գործերի նախարարության կայքում պաշտոնական հայտ է տեղադրվել օգնություն խնդրելու վերաբերյալ և ՄԱԿ-ի կապերի միջոցով փոխանցվել բոլոր շահագրգիռ մարմիններին:
Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը հայտ է ներկայացրել ՄԱԿ` միջազգային ուժերը համակարգող մարմին ստեղծելու վերաբերյալ:
Արձագանքում ենք օգնության խնդրանքին
Իրանի կողմից միջազգային հանրությանը ուղղված հայտը ստանալուց հետո ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթափոխի հրահանգիչները հավաքում և վերլուծում են տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ առկա տեղեկատվությունը:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի (ՃԿԿ) սպաները տեղեկացնում են INSARAG ազգային համակարգողին` տեղեկատվություն ներկայացնելով ստեղծված իրավիճակի մասին:
ԱԻ նախարարին զեկուցելուց հետո տրվում է հրահանգ` ազդարարելու հիմնական և պահեստային թիմերի անձնակազմին, որոնք հավաքվում են հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում։
Թիմերի անձնակազմի հավաքին զուգահեռ իրականացվում է երկրաշարժի մասին հնարավոր բոլոր աղբյուրներից տեղեկատվության հավաք։
Այդ ընթացքում պատրաստվում են փրկարարական գույքի, սպառման նյութերի և տեղակայման բազայի գույքի ցուցակները, իսկ թիմը մինչ մեկնումն անցնում է բժշկական զննում։
Վարժանքի հաջորդ տեղամասը պայմանական օդանավակայանն է, որտեղ իրականացվում է մեքենաների, գործիքների, սպառման նյութերի բեռնումը ինքնաթիռ:Որոնողափրկարարական թիմը մեկնում է տուժած երկիր։
Լուսակերտում ծավալվում է տեղակայման բազան, իսկ որոնողափրկարարական աշխատանքներն անց են կացվում են Արզնու ձորում։
Միջազգային որակավորումը՝ մեկ տարի հետո
Հայաստանը հայտ է ներկայացրել INSARAG` 2015 թ. սեպտեմբերին արտաքին որակավորում անցնելու համար։ Անցնելով նման որակավորում և ստանալով համապատասխան վկայական` հայկական թիմն իրավունք կստանա մշտական ներկայություն ունենալու միջազգային որոնողափրկարարական աշխատանքներին։
Քանի որ INSARAG-ի որակավորման գործընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է հատուկ փորձագետների դրական եզրակացություն, ԱԻՆ-ը դիմել է Լեհաստանի ներքին գործերի նախարարության պետական հրդեհային ծառայություն` խնդրելով նրանց փորձագետների աջակցությունը հայկական թիմի ոսուցման և անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման գործում։
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն