Ղրիմը ՀՀ-ում բացահայտեց քաղաքական համակարգի հանցավոր միամտությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը իր վերլուծակաոն խորագրի ներքո գրում է.
Հայաստանում միաժամանակ հայտնի դարձան իշխանության և ոչ իշխանության դիրքորոշումները Ղրիմի հարցում՝ երկուսն էլ ընդունում են Ղրիմի հանրաքվեն, ճանաչում այն որպես ինքնորոշման իրավունք։

Ընդ որում՝ հատկանշական է մի բան՝ իշխանությունների «ճանաչումը» նույնիսկ շատ ավելի անորոշ էր և լղոզված, Պուտինի հետ հեռախոսազրույցի տեսքով, քան ոչ իշխանական ուժինը՝ ՀԱԿ-ինը։

Բայց էականն, իհարկե, դա չէ, առավել ևս, որ իշխանությունները նման լղոզված ձևակերպումների ներքո անգամ չէին կարողացել թաքցնել իրենց լոյալությունն Ղրիմի հարցում Ռուսաստանի գործողությունների հանդեպ, ինչն արտահայտվեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությամբ, որում նա ցավ էր հայտնում Ղրիմի հարցում Հայաստանի հայտարարությունների կապակցությամբ։ Եթե իշխանություններին ու ոչ իշխանություններին գումարում ենք նաև Ղարաբաղի հայտարարությունները և համերգը, որ Ղրիմի համար չգիտես ինչու կազմակերպվել էր Ղարաբաղում, ապա պատկերը, այսպես ասած, ամբողջանում է։ Եվ այդ պատկերը Հայաստանի մասին այնքան էլ լավ բան չի խոսում։
Փաստորեն, Հայաստանում տոտալ հավանության է արժանանում Ռուսաստանի ծավալապաշտական քաղաքականությունը, որն Արևմուտքում արժանանում է կոշտ ընդդիմության։ Բանն այստեղ բոլորովին էլ այն չէ, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ լինելու փոխարեն լիներ Արևմուտքի հետ։ Կարելի է համոզված պնդել, որ խնդիրը շատ– շատերը ներկայացնելու են հենց այդպես, այսինքն՝ եթե որևէ մեկը դժգոհում է Ռուսաստանի գործողություններին Հայաստանում ցուցաբերված բոլոր մակարդակների լոյալությունից և հավանությունից, ուրեմն նրան վերագրվում է ինքնաբերաբար միտք, որ Հայաստանը պետք է լիներ Արևմուտքի հետ։

Իրերի, արտահայտությունների, մոտեցումների և կարծիքների այդպիսի նենգափոխումը հայաստանյան իրականության համար շատ սովորական և հեշտ բան է, որով պաշտպանվում են բոլոր նրանք, ովքեր փաստարկներ չունեն սեփական դիրքորոշումը հիմնավոր պաշտպանելու համար։ Այդ դեպքում մնում է ընդամենը դիմացինին վերագրել ինչ-որ պատկանելություն և այդպիսով արդարացնել կամ պաշտպանել սեփական «պատկանելությունը»՝ պատկանելությունը Ռուսաստանի կայսերական քաղաքականությանը։

Պարզ է, որ Ղրիմում ինքնորոշում չկա։ Ինքնորոշումը, իհարկե, ողջունելի է, սակայն Ղրիմում ինքնորոշում չկա, որովհետև ինքնորոշումը չի սկսվում Ղրիմի խորհրդարանն ու կառավարական օրգանները ռուսական դիմակավորված հատուկջոկատայինների զավթումով։ Սակայն չխորանանք մանրամասների մեջ, առավել ևս, որ քարոզչական հոսքերը դրանից հետո եղել են տարբեր ու բազմաբնույթ։ Այստեղ կարևոր մի հանգամանք կա՝ Հայաստանը տվյալ իրավիճակում, ինչպես երբեք, ուներ չեզոքության կարիք։ Եվ այն, որ չեզոքությունն այս դեպքում լավագույն մոտեցումն էր, մենք արդեն իսկ առիթ ունեցել ենք համոզվելու Վրաստանի օրինակով, երբ Հայաստանին հաջողվեց պահպանել չեզոքությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի մասով։ Եթե մեր դիմաց Վրաստանը չէ, այլ Ուկրաինան, եթե մենք չունենք ցամաքային ճանապարհի արգելքների խնդիր, որ կարող էր հարուցել, օրինակ, Վրաստանը, ապա դա դեռ չի նշանակում, որ չկա նաև չեզոքության կարիք։ Որովհետև բանն այստեղ բոլորովին էլ ցամաքային ճանապարհի գործոնը չէ. այլ աշխարհաքաղաքական մթնոլորտը, խնդրի էությունը։

Ավելին՝ Վրաստանում նույնիսկ խնդիրն այն աստիճանի սուր չէ, քան Ուկրաինայում, հետևաբար Ուկրաինայում Հայաստանի չեզոք դիրքորոշումը առավել անհրաժեշտ էր։ Որովետև այստեղ բախվել են աշխարհաքաղաքական երկու բևեռներ։ Ուժերի հարաբերակցությունը, ռեսուրսների հարաբերակցությունը թողնենք մի կողմ։ Այստեղ երկու բևեռների բախում է, լուծվում է ազդեցության խնդիր ոչ թե ներկայիս, այլ ապագա մի քանի տարիների համար։ Այս պայքարի ելքը կանխատեսելը չափազանց դժվար է, գրեթե անհնար, որովհետև ոչինչ բացառել հնարավոր չէ, և անգամ կարող է լինել տարբերակ, երբ առերևույթ բախումը ընթանում է ստվերային ինչ-ինչ համաձայնութնների շրջանակում։
Այս իրավիճակում հանդես գալ Ղրիմի հանրաքվեն ճանաչելու՝ այսինքն՝ Ռուսաստանի գործողությունները հավանության արժանացնելու մասին հրապարակային հայտարարություններով, նշանակում է ուղղակի նետվել ջրապտույտի մեջ, որտեղ անգամ ամենալավ լողորդը շանս չունի։ Իսկ որ Հայաստանը հեռու է լողալուց, համոզվել ենք բազմաթիվ անգամներ, ամենաակնառուն՝ Մաքսային միության պատմության օրինակով։
Առավել քան վտանգավոր է այն, որ Հայաստանում այդ դիրքորոշումը միայն իշխանական չէ, այլ այսպես կոչված՝ նաև ընդդիմադիր։ Իդեալականին մոտ պարագայում գոնես ընդդիմությունը երկրում պետք է ապահովեր մոտեցումների հակակշիռ։

Ղրիմը Հայաստանում բացահայտեց քաղաքական համակարգի միատարրության մի կարևոր շերտ, ընդ որում՝ ըստ էության հանցավոր միատարրության, որովհետև հնչեցված մոտեցումները հարվածի տակ են դնում Հայաստանի թե՛ հեղինակությունը, թե՛ նաև անվտանգությունը աշխարհի առաջատար սեկտորում՝ Արևմուտքում, ևս մեկ անգամ ի ցույց դնելով, որ Հայաստանը երկու երեսով՝ իշխանությամբ և ընդդիմությամբ հայտնվել է ռուսական ազդեցության ներքո։ Իսկ երբ պետության հեղինակությունն ու անվտանգությունը դրվում են հարվածի տակ, իսկ փաթեթով նաև անկախությունը, ապա դա արդեն հանցագործություն է։ Չէ՞ որ հենց դրա համար ենք իշխանական քաղաքականությունը որակել հանցավոր։

Մանրամասները՝ «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս