
ՌԴ-ը չեղյալ է հայտարարելու Խարկովի համաձայնագիրը և Ուկրաինայից պահանջելու է 11 միլիարդ դոլար

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդրը Դաշնային խորհրդի նիստում նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ կնքած Խարկովյան համաձայնագիրը ենթակա է չեղյալ հայտարարման:
Մեդվեդևի խոսքերով՝ դրանով իսկ Ռուսաստանի մոտ ի հայտ է գալիս 11 միլիարդ դոլարի կորսված օգուտ. «Կարծում եմ, որ բացարձակապես օրինական է այդ միջոցներն Ուկրաինայի բյուջեից փոխհատուցելու մասին հարցը բարձրացնելը, որ կարելի է դա անել դատական կարգով՝ հենվելով չեղյալ հայտարարված համաձայնագրերի նորմերի վրա:
Բնականաբար, դրանք կոշտ միջոցներ են, սակայն մյուս կողմից չկա փաստաթուղթ, սակայն կա մեր կողմից կատարված վճարում: Մեր ուկրաինացի գործընկերները պետք է հասկանան, որ հենց այնպես ոչինչ չեն վճարում»:
Նշվում է, որ 2010 թվականի ապրիլի 21-ին Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևն ու Վիկտոր Յանուկովիչը Խարկովում ստորագրել էին Ղրիմում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի մնալու ժամկետը 2017 թվականից հետո 25 տարով (մինչև 2042 թվականը) երկարաձգելու մասին համաձայնագիրը:
Համաձայնագրով չէր բացառվել, որ հետագայում Ռուսաստանը կարող էր այդ ժամկետը երկարաձգել ևս 5 տարով: Այդ ամենի դիմաց Ուկրաինան Ռուսաստանից ստացել էր 30 տոկոսանոց գազային զեղչ, ինչը 1000 խորանարդ մետրի դեպքում չպետք է գերազանցեր 100 դոլարը: