
Վրաստանում ձերբակալել են Ժվանիայի դիակը զննած փորձագետին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում ձերբակալել են 2005 թվականին մահացած տվյալ ժամանակվա վարչապետ Զուրաբ Ժվանիայի դիակի փորձաքննությանը մասնակցած դատաբժշկական փորձագետին: Այս մասին հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազությունը:
Վերջինիս ներկայացուցիչն արտակարգ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Լևան Չաչուան անհրաժեշտ ձևով չի իրականացրել փորձաքննությունը, ինչի համար էլ դրա արդյունքները կասկածի տակ են դրվել:
Ժվանիային ու (ադրբեջանաբնակ) Քվեմո Քարթլի (Բորչալու) շրջանի փոխնահանգապետ Ռաուլ Յուսուպովին մահացած վիճակում հայտնաբերել էին 2005 թվականի փետրվարի 3-ի գիշերը Թբիլիսիում գտնվող բնակարաններից մեկում:
Երեկ համացանցում հայտնվել է «Սաակաշվիլին մարդասպան է» խորագրով մի տեսանյութ, որի հեղինակները մատնացույց են անում դիակների վրա առկա վնասվածքները, որոնք ֆիքսված չեն եղել փորձաքննության կողմից: Մեկնաբանելով այդ լուսանկարները՝ Չաչուան հայտարարել է, որ դրանք կեղծված են:
Պաշտոնական վարկածով՝ Ժվանիան ու Յուսուպովը մահացել են շմոլ գազից թունավորվելու հետևանքով: Այս տարվա հունվարին վրացական դատախազությունը հայտարարել էր, որ մտադիր է արտաշիրմմել Ժվանիայի դիակը և փորձաքննության մեջ ներգրավվել օտար մասնագետների: