Դավիթ Շահնազարյան. Սերժ Սարգսյանի դիրքորոշումը Ղրիմի հարցում ավելին է քան, հանցագործություն

«Սերժ Սարգսյանի դիրքորոշումը Ղրիմի հարցում ավելին է քան, հանցագործություն»,- այսօր Երևանում մեկնարկած «ՆԱՏՕ-ի համագործացկությունը և Հարավային կովկասը. ռազմավարական մոտեցում տարածաշրջանային անվտանգությանը» խորագրով միջազգային համաժողովին այսպիսի հայտարարություն արեց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար, Հայաստանի Ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը:

«Արդյոք պատրա՞ստ է Հայաստանի ներկայիս նախագահը արտաքին քաղաքականության մեջ որևէ ինքնուրույնություն դրսևորել: Իմ պատասխանն է` ոչ: Երեկ ես երևի չտայի այս հարցը, բայց երեկ երեկոյան Սերժ Սարգսյանը հստակեցրեց իր դիրքորոշումը Ղրիմի հարցում: Սա ավելին է, քան հանցագործություն, սա մեծագույն սխալ է: Սա սեպտեմբերի 3-ի շարունակությունն է, սրանով Հայաստանը որոշեց իր տեղն այսօրվա աշխարհում` որպես Ռուսաստանի կցորդ,- նշեց նա:- Երկու օր առաջ Ղարաբաղը ողջունեց Ղրիմի,այսպես ասած, հանրահավաքը, ավելին` տարբեր մակարդակներում սկսեցին հայտարարություններ տարածել, թե վատ չի լինի, եթե Ղարաբաղը նույնպես մտնի Ռուսաստանի կազմի մեջ: Կարծում եմ` այսօր դա Ռուսաստանի համար անթույլատրելի է, քանի որ հույս կա այդ հակամարտության միջոցով փոխել Ադրբեջանի հիմնական քաղաքական ուղղությունը: Եվ այդ իմաստով` բացառված չէ` երբ Կրեմլը վերջնականապես կկորցնի այդ հույսերը, շրջանառության մեջ կարող է դրվել նաև այսպիսի սցենարը»:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Ղրիմի հարցում իր տեսակետը հստակեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկվա հեռախոսազրույցում, որի ընթացքում Սարգսյանը և Պուտինն արձանագրել են, որ «Ղրիմի հանրաքվեն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:

Դավիթ Շահնազարյանն ավելացրեց, թե 2013 թ. սեպտեմբերի  3-ը, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական տարածքին միանալու Հայաստանի որոշման մասին, Հայաստանի նորագույն պատմության մեջ կմտնի` որպես «Հայաստանի անկախության ամենասև օրը»: Ըստ Շահնազարյանի` Հայաստանի իշխող կուսակցությունը, որը կոռումպացված է, օլիգարխիկ և հանցավոր, այդուհանդերձ հավասարակշռված և արդյունավետ արտաքին քաղաքականություն էր վարում, և Հայաստանն աշխատում էր Եվրամիության հետ` Ասոցիացման համաձայնագիրը ստորագրելու շուրջ: Դավիթ Շահնազարյանը կոռումպացված և հանցավոր անվանեց նաև ոչ իշխանական քաղաքական ուժերին, որոնք, իր խոսքերով, բացասական վերաբերմունք են ունեցել այդ հավասարակշռված քաղաքականության հանդեպ, և այժմ պայքարում են ընդամենը կոռուպցիոն լծակներին տիրանալու համար: Շահնազարյանի խոսքերով` սեպտեմբերի 3-ից հետո ստացել ենք հետևյալ պատկերը` բացարձակապես ռուսամետ իշխանություն և բացարձակապես ռուսամետ ընդդիմություն:

Կարդացեք նաև

«Եվ այս համակարգում ընդունված չէ խոսել շատ հարցերի մասին. ոչ մի դեպքում չի կարելի քննադատել Ռուսաստանին, եթե նույնիսկ վերջինս սպառազինում է Ադրբեջանին, չի կարելի ասել, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը հակասում է Հայաստանի Սահմանադրության հիմնարար սկզբունքներին, չի կարելի ասել, որ Մաքսային միությունը բացարձակապես ձեռնտու չէ մեզ համար` թե´ տնտեսական, թե´ քաղաքական տեսանկյունից, և անվտանգության մասին փաստարկները ևս անհիմն են: Հայաստանի իշխանությունները նույնիսկ սեպտեմբերի 3-ից հետո քաղաքականություն են իրականացնում են թե´ ՆԱՏՕ-ի, թե´ Եվրամիության հետ` արդեն նոր կարգավիճակում, բայց ես այնքան էլ համոզված չեմ, որ դա երկար կշարունակվի,- նշեց Դավիթ Շահնազարյանը:- Մյուս կողմից` հանուն արդարության պետք է նշեմ, որ վերջին 6 տարիներին Հայաստանի իշխանությունը կոշտ ավտորիտար ռեժիմից անցում է կատարել ավելի փափուկ ավտորիտարիզմի, և Հայաստանում դեռևս կա և´ խոսքի,  և´ մամուլի ազատություն, ինչպես նաև քաղաքացիական կառույցների ակտիվություն: Բայց վախենամ, թե մոտակա ժամանակաշրջանում Կրեմլի ճնշման տակ այդ ռեժիմը կփոխվի և ավելի դաժան բնույթ կստանա»:

Դավիթ Շահնազարյանը խոսեց նաև Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության մասին` նշելով, որ առաջնահերթությունները Վրաստանի և Իրանի հետ հարաբերություններն են: Շահնազարյանի խոսքերով` Հայաստանը պետք է փորձի առնվազն պահպանել հայ-վրացական հարաբերությունների ներկայիս վիճակը, երկրորդը, չնայած Հայաստանի նոր կարգավիճակին, ջանքեր գործադրի հայ-իրանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: «Սա վերաբերում է ոչ միայն էներգակիրների հարցին, ինչն ինքնին չափազանց կարևոր է, հատկապես` Ռուսաստանի հետ գազային միակողմանի պայմանագրից հետո: Ես կարծում եմ, որ այս իմաստով լուրջ հեռանկարներ կան, քանի որ Իրանն այսօր Հարավային Կովկասում կայունացնող և դրական դերակատարություն ունի»,-  ասաց Դ. Շահնազարյանը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, Շահնազարյանի կարծիքով` դրանք ամբողջովին անցել են Մոսկվայի վերահսկողության տակ: «Հայ-թուրքական հարաբերությունները տարածաշրջանում ռուսական ազդեցության հիմքն են, միգուցե ավելի կարևոր, քան ղարաբաղյան հակամարտությունը»,- ավելացրեց Դավիթ Շահնազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս