Հայաստանում Լեհաստանի դեսպանը չցանկացավ մեկնաբանել Սերժ Սարգսյանին
Այսօր Երևանում սկսվեց «ՆԱՏՕ-ի համագործացկությունը և Հարավային կովկասը. ռազմավարական մոտեցում տարածաշրջանային անվտանգությանը» խորագրով միջազգային համաժողովը, որի մասնակցում էին մի շարք հեղինակավոր փորձագետներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ռուսաստանից, Ադրբեջանից, Իրանից, Հայաստանից և այլ երկրներից:
Համաժողովին հրավիրված էին նաև Հայաստանում եվրոպական մի քանի պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններ, այդ թվում` Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Դեսպանից հետաքրքրվեցինք, թե ինչպես կգնահատի Սերժ Սարգսյանի` Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ դիրքորոշումը: Ի պատասխան` Ռաչինսկին խուսափեց մեկնաբանությունից` պատճառաբանելով, որ դեռևս պետք է մանրամասն ուսումնասիրի այդ հեռախոսազրույցի տեքստը:
«Ես դեռ կարծիք չունեմ այդ հարցի վերաբերյալ, քանի որ տեղեկացված չեմ»,- ասաց պարոն դեսպանը:
Հիշեցնենք, որ այսօր նույն հարցի վերաբերյալ արդեն տեսակետ են հայտնել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը և Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը: Նրանք երկուսն էլ կրկնել են նույն միտքը` «ցավալի է, որ Հայաստանն իր հայտարարությունն է արել հանրաքվեի վերաբերյալ»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել երեկ, որի ընթացքում Սարգսյանը և Պուտինն արձանագրել են, որ Ղրիմի հանրաքվեն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Միաժամանակ երկու երկրների ղեկավարներն ընդգծել են միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարևորությունը: