Կա՛մ ես, կա՛մ Գյուլենը. Էրդողանը՝ Իլհամ Ալիևին
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական ու թուրքական մամուլը շարունակում է անդրադառնալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության ու տեղեկատվական ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովի պաշտոնանկությանը, որին որակում են որպես Ադրբեջանում գյուլենականների ղեկավար:
Մասնավորապես, Minval.az-ը գրում է, որ նախորդ տարեվերջին Թուրքիայում իրականացված հակակոռուպցիոն գործողությունից հետո Էրդողանը, իմանալով, որ Ադրբեջանում քիչ չեն գյուլենականները, բարեմակաբար ու համառորեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից պահանջել է ձերբազատվել Գյուլենի մարդկանցից և փակել նրանց դպրոցները:
Ընդգծվում է, որ Էրդողանն Ալիևի առաջ հարցը դրել է շատ կոշտ ձևով. «Կա՛մ ես, կա՛մ Գյուլենը»: Էլնուր Ասլանովի պաշտոնանկությունն ակհայտորեն վկայում է, թե ինչպիսին է եղել Իլհամ Ալիևի ընտրությունը: Հաղորդվում է, որ Ադբեջանում սպասվում են նոր հնչեղ պաշտոնանկություններ:
Հարվածի տակ կարող են հայտնվել Գյուլենին համակրող բարձրաստիճան մի շարք այլ անձինք ևս, ինչպիսիք են SOCAR-ի ղեկավար Ռովնագ Աբդուլաևը, «Ազերսուի» ղեկավար Գորխմազ Հուսեյնովը, սպորտի ու երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովը, նախագահի աշխատակազմին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը և այլ պաշտոնյաներ: