
ՌԴ Պետդուման Ղրիմի միացման պայմանագիրը կդիտարկի իր վաղվա նիստում

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պետդուման վաղն անցկացնելու է հավելյալ լիագումար նիստ՝ դիտարկելու համար Ղրիմը Ռուսաստանին միացնելու մասին օրինագծերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
Նա մանրամասնել է, որ այսօր խորհրդաժողով է անցկացվել խորհրդարանական խմբակցությունների առաջնորդների, Պետդումայի նախագահի առաջին տեղակալների, մի շարք հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ: Նարիշկինը հավելել է, որ վաղն իրենք դիտարկելու են երկու փաստաթուղթ, որոնք շատ շուտով խորհրդարանին կներկայացնի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Փաստաթղթերից մեկը Ղրիմը Ռուսաստանին միացնելու մասին միջպետական պայմանագիրն է, որը դրվելու է վավերացման, իսկ երկրորդ փաստաթուղթը դաշնային սահմանադրական օրենքի նախագիծն է, որը հստակեցնում է Ռուսաստանում նոր սուբյեկտների կարգավիճակը, անվանումը, սահմանները: