
Ուկրաինայի պաշտպանության նախարարին ու առաջին փոխվարչապետին թույլ չեն տվել մտնել Ղրիմ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեման ու պաշտպանության նախարար Իգոր Տենյուխն այսօր վարչապետ Արսենի Յացենյուկի հանձնարարությամբ մեկնել են Ղրիմ: Սակայն նրանց չի հաջողվել հայտնվել հանրապետության տարածքում:
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Լյուդմիլա Դենիսովան: Նա հայտարարել է, որ իրենց իրազեկել են, որ Տենյուխին ու Յարեմային թույլ չեն տվել մուտք գործել Ղրիմ, ինչի համար շուտափույթ գումարվում է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: