Ալեքսանդր Արզումանյանը` «քաղաքական կլոուն» Ժիրինովսկու հայտարարության մասին
«Թեև Ժիրինովսկին քաղաքական իմաստով «կլոուն» է, բայց, այնուամենայնիվ, իր հայտարարություններին միշտ պետք է լուրջ վերաբերել»,- այսօրվա ասուլիսում ասաց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` անդրադառնալով Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ЛДПР) առաջնորդ Վլադիմիր Ժիրնովսկու` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությանը:
«Իր շուրթերով շրջանառության մեջ են դրվում ամենաանհեթեթ գաղափարները` ռեակցիան որսալու համար, դա իր ֆունկցիան է, իր առաքելությունը: 1991 թվականից, երբ Ժիրինովսկուն հանձնարարվեց ստեղծել Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը` ԿԳԲ-ի գրասենյակներում, այն օրվանից նա բոլոր փայլուն կատարում է այդ առաքելությունը` բոլոր իշխանությունների օրոք: Պետք է զգույշ լինել, այսինքն` մի կողմից էլ դա լավ է, որ նա բարձրաձայում է հարցեր, որ ապագայում կարող են մեզ հրամցնել: Այդ առումով` ճիշտ կլինի այդ մասին ավելի շատ խոսել, քննարկել»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին «Նորությունների ռուսական ծառայություն» (Русская служба новостей) ռադիոկայանին տված հարցազրույցում խոսելով Ղրիմը, ինչպես նաև Աբխազիան և Հարավային Օսիան Ռուսաստանի Դաշնությանը միացնելու մասին, Ժիրինովսկին ասել էր. «Լեռնային Ղարաբաղի հարցը երբեք չի լուծվի, ուստի այդ հարցի լավագույն լուծումը այն ևս Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկելն է»: