Բարձրացման արդյունքում 5 անգամ պակասեց աղքատության շեմից ցածր կենսաթոշակ ստացողների թիվը. Արտեմ Ասատրյան
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարեց ներկայացնել այս տարվա հունվարից կենսաթոշակների բաձրացմանն ու աղքատության մակարդակի նվազման ուղղված քայլերը: Տ.Սարգսյանը նշեց, որ 550 հազար թոշակառուներից 350 հազարն առնչվում են աղքատության հետ: Ա.Ասատրյանը տեղեկացրեց, որ կենսաթոշակների բարձրացման նպատակով 2014 թ. բյուջեում առանձնացվել է 29 մլրդ դրամ և շեշտադրումը դրվել է առավել աղքատ կենսաթոշակառուների կենսաթոշակների բարձրացման վրա: Ըստ նրա՝ ՀՀ-ում 68 հազար կենսաթոշակառուներ կային, ովքեր ստանում էին ծայրահեղ աղքատության շեմից ցածր կենսաթոշակ, 23 հզ. կենսաթոշակառու՝ աղքատության ստորին շեմից ցածր, 330 հզ. կենսաթոշակառու՝ աղքատության գծի վերին շեմից ցածր կենսաթոշակ: «Բարձրացման արդյունքում 5 անգամ պակասեց աղքատության շեմից ցածր կենսաթոշակ ստացողների թիվը»,- հայտարարեց Ա.Ասատրյանը՝ նշելով, որ 68 հազարի փոխարեն ծայրահեղ աղքատության շեմից ցածր կենսաթոշակ ստացողների թիվը դարձավ 12800, 23000 աղքատության ստորին շեմից ցածր կենսաթոշակ ստացողների թիվը ՝ 138300, իսկ 333 հազար կենսաթոշակ ստացողների թիվը՝ 292 հազար: «Կենսաթոշակների թիրախավորված բարձրացումն էապես նվազեցրեց աղքատության շեմից ցածր կենսաթոշակ ստացողների թիվը»,- ասաց նախարարը և հավելեց, որ հաջորդ տարիներին կենսաթոշակների բարձրացումն ավելի կբարելավի իրավիճակը: Տ.Սարգսյանի դիտարկմամբ՝ հասկանալի է, որ դեռևս շոշափելի չեն փոփոխությունները, հաշվի առնելով, որ այս տարի աննախադեպ ցուրտ ձմեձռ էր և ՀՀ քաղաքացիները ստիպված եղան ավելի շատ գազ ու էլեկտրաէներգիա սպառել ու ծախսերը դրան են ուղղվել, բայց ռազմավարությունը կշարունակվի՝ որպես աղքատության կրճատման արդյունավետ գործիք: